Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Պսակ և ամուսնություն

 ՊՍԱԿ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, Պսակ ամուսնության, Սուրբ Պսակ, Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից: Քրիստոնեական եկեղեցին տղամարդու և կնոջ միությունը նվիրագործել է կրոնական ծեսով, ամուսնության համար հատուկ արարողություններ հաստատել և դասել խորհուրդների կարգը: Պսակը և ամուսնությունը  ողջախոհության և մաքուր կյանքի, ընտանիքի սրբության խորհուրդն է:

Հիսուս Քրիստոսը տղամարդու և կնոջ միությունը համարել է Աստծո կողմից հաստատված, և դրա համար այրը պետք է թողնի իր հորն ու մորը և իր կնոջ հետ լինի՝  որպես մեկ ամբողջություն, մեկ մարմին (Մարկ. 10.7–9): Պողոս առաքյալն ամուսնական միությունը նմանեցրել է եկեղեցու հետ Քրիստոսի ունեցած միության և փոխադարձ սիրո: Առաքյալը պատվիրել է, որ այրերը սիրեն իրենց կանանց, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին, իսկ կանայք հնազանդ պետք է լինեն իրենց ամուսիններին՝ իբրև տիրոջ, քանզի այրն է կնոջ գլուխը, ինչպես Քրիստոսը գլուխն է եկեղեցու (Եփես. 5.21–25):

Ամուսնության համար եկեղեցին պահանջում է հետևյալ պայմանները. ա. ֆիզիկականՀարսանիքը Կանայում (Անհայտ նկարիչ, Ավետարան, XV դար, Խիզան (?)) և մտավոր առողջություն, բ. չափահասության տարիք, գ. կանոնական հասունություն, այսինքն՝ հարսնացուն և փեսացուն մոտ ազգականներ չպետք է լինեն, դ. փոխադարձ համաձայնություն և սեր, ե. ազգային և կրոնական նույնություն. նույն կրոնին և նույն եկեղեցուն պատկանելը պարտադիր է: Եթե արտոնվում է օտարի հետ ամուսնանալ, ապա՝  հետևյալ պայմաններով. 1. օտարադավանը, եթե ցանկանում է պսակվել հայադավանի հետ հայկական ծեսով և հայական  եկեղեցում, պետք է գրավոր ընդունի Հայ եկեղեցու դավանությունը: 2. Ոչքրիստոնյան, եթե ուզում է պսակվել Հայ եկեղեցու զավակի հետ, պետք է գրավոր հայտնի իր ցանկությունը, այնուհետև մկրտվի, դրոշմվի, հաղորդվի և ապա՝  պսակվի: 3. Այլ հարանվանության (օր., բողոքական) պատկանող հայը, եթե չի դրոշմված, պետք է դրոշմվի Հայ եկեղեցու ծեսով և ապա պսակվի հայկական եկեղեցում:

Պսակի և ամուսնության  արարողությունն ամուսնացող զույգի սիրո և հավատարմության ուխտ է Աստծո և հանրության առջև: Խորհուրդը կատարվում է եկեղեցում՝  ժողովրդի և խաչեղբոր վկայությամբ: «Պսակը եկեղեցու մեջ պետք է կատարել, այլապես անվավեր կհամարվի, մինչ և որ նորից եկեղեցում պսակը կատարվի» (Դվինի Ե ժողով, Կանոն ԺԵ): Խորհուրդի արարողության խաչեղբայրը փեսայի և հարսի օրինավոր ամուսնության պաշտոնական վկան է, որն արարողության ժամանակ Քրիստոսի խաչը բռնում է նրանց գլխավերևում (հաճախ խաչեղբայրը կոչվում է կնքահայր): Ամուսնության արարողությունը կոչվում է Սուրբ Պսակ, որովհետև փեսայի և հարսի գլխին թագ կամ պսակ է դրվում. փեսան կոչվում է թագավոր, իսկ հարսը` թագուհի:

Պսակիև ամուսնության  խորհուրդը կատարում է քահանան, որը Մաշտոց ծիսամատյանի հրահանգի համաձայն հարցնում է փեսային. «Որդյակ իմ, մինչև մահ տե՞ր ես»: Փեսան պատասխանում է.«Այո, հայր սուրբ, տեր եմ հրամանովն Աստծո»: Այնուհետև քահանան հարցնում է հարսին. «Որդյակ իմ, և դու մինչև մահ հնազա՞նդ ես»: Հարսը պատասխանում է. «Այո, հայր սուրբ, հնազանդ եմ հրամանովն Աստծո»: Դրանից հետո քահանան հարսի ձեռքը հանձնում է փեսային և օրհնում: Այնուհետև օրհնում է գինին և տալիս փեսային, հարսին, ներկաներին: Գինու օրհնությունն ու բաշխումը հիշատակությունն է Կանայի հարսանիքի, որտեղ Հիսուս Քրիստոսը ջուրը գինու փոխելով՝ ուղարկեց սեղանապետին, որ բաշխի բազմությանը: Հիսուսն իր կատարած հրաշքով օրհնեց այդ հարսանիքը և ուրախացրեց նրանց (Հովհ. 2.1–11): Պսակի արարողության վերջում գինու բաժակի վրա կատարած աղոթքով քահանան Հիսուսի նմանությամբ օրհնում է ամուսնացող զույգին, ներկա բազմությանը և ուրախացնում նրանց:

Հայ եկեղեցին թույլատրում է երկրորդ անգամ ամուսնանալ. «Կանոն կուսի պսակի» և «Կանոն երկրորդ պսակի» (Մաշտոց): Երրորդ պսակ գոյություն չունի:

                                                                                                 Ղազարյան Ա.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 867-868:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am