ՊՏՂՆԱՎԱՆՔ, ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի կենտրոնում: VI դ. վերջին – VII դ. սկզբին կառուցել է իշխան Մանուել Ամատունին: Ունի երկու զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: 606-ին Պտղնավանքի ներկայացուցիչ Իսրայելը ստորագրել է Հայաստանի եպիսկոպոսների ու վանահայրերի միությունը հաստատող փաստաթուղթը: Պտղնավանքը կիսավեր է. պահպանվել են հս. պատը, հվ. պատի արլ. հատվածը և արլ. գմբեթակիր կամարը: Ունի բուսական մոտիվներով (արմավենի, Պտղնավանքականթ, որթատունկ, նուռ, շուշանածաղիկ, խաղողի ողկույզի և տերևի փոխեփոխ շարքեր ևն), երկրաչափական (քառակուսիներ, վեցանկյուններ) զարդաքանդակներով ու պատկերաքանդակներով հարուստ հարդարանք: Եզակի է սափորների քանդակաշարով քիվը: Հվ. շքամուտքի կամարի կենտրոնում, մեդալիոնի մեջ, երկու կողքերին հրեշտակներով Աստվածածնի պատկերաքանդակն է, նրանից աջ և ձախ, երեքական մեդալիոնների մեջ՝  առաքյալների դիմաքանդակները (մյուս վեցը, հավանաբար, եղել են չպահպանված արմ. շքամուտքի վրա): Հվ. մուտքի զարդակամարի ձախ՝  հորիզոնական մասին առյուծին նետահարող, քառատրոփ սլացող ձի հեծած Մանուել Ամատունու քանդակն է, նրա աջ կողմում՝  առյուծի հետ նիզակով մենամարտող Սահակ Ամատունին (Մանուելի որդին): Հս. ճակատի լուսամուտների կամարակալներին մեծ վարպետությամբ, իրենց բնորոշ շարժման մեջ պատկերված են ամենատարբեր թռչուններ (բադ, սագ, հավ, աղավնի, արծիվ, փասիան ևն): Ուշագրավ է արմավենու ծառի տակ նստած առյուծի քանդակը: Պտղնավանքի պատկերաքանդակները վաղ միջնադարի հայկական արվեստի արժեքավոր և ինքնատիպ ստեղծագործություններից են:

                                                                                              Հասրաթյան Մ.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 868:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am