ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1931-ին: Առաջնորդանիստը` Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց Մայր տաճար: Ռումինիայի հայերը դեռևս XIV դարում Բոտոշանում (1350), Ռոմանում (1355), Յասսիում (1395) կառուցել են քարաշեն եկեղեցիներ և ունեցել իրենց հոգևոր թեմը, որը 1365-ից ենթարկվել է Լվովի հայոց եպիսկոպոսությանը:

XIV դ. Ռումինիայում հայերի թիվն այնքան է ստվարացել, որ Մոլդովայի իշխան Ալեքսանդր Բարեպաշտը 1401-ի հուլիսի 30-ի հրովարտակով մայրաքաղաք Սուչավայում արտոնել է հայերին հիմնել հայոց եպիսկոպոսական թեմ` Հովհաննես եպիսկոպոսի գլխավորությամբ (1401–15): Հետագայում, երբ Մոլդովայի մայրաքաղաքը տեղափոխվել է Յասսի, 1565-ին այստեղ է հաստատվել նաև թեմի կենտրոնը: XVIII դ. վերջից մինչև XX դ. սկիզբը Մոլդովայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնը վարել են Կ.Պոլսի հայոց պատրիարքությունից ուղարկված հոգևորականներ: 1922-ին Ռումինիայի հայերի թեմական պատգամավորական ժողովն ընդունել է համայնքի կանոնադրությունը և ընտրել թեմական գործադիր մարմին (կառավարությունը վավերացրել է 1931-ին): 1931-ի հուլիսի 31-ին հիմնվել է Ռումինիայի հայոց թեմը: 1943–55-ին Ռումինիայի  թեմի առաջնորդն էր Վազգեն եպս. Պալճյանը (1955–94-ին` Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյան):

Ռումինիայում կառուցված հայկական եկեղեցիներից ցարդ պահպանվել են. Բոտոշանում` Ս. Աստվածածինը (հիմն. 1350-ին, նորոգվել է 1826-ին), Ս. Երրորդությունը (1560-ին կառուցված Ս. Օգսենտ եկեղեցին 1795-ին վերակառուցումից հետո վերանվանվել է Ս. Երրորդություն), հայոց գերեզմանոցում` Ս. Ավետում մատուռը (հիմն. 1884-ին), Սուչավայում` Ս. Սիմեոնը կամ Կարմիր Աշտարակը (հիմն. 1513-ին), Ս. Խաչը (հիմն. 1521-ին, խորանի մոտ կա 1428-ի ապրիլի 14-ի թվագրությամբ տապանաքար): 1619-ին կառուցվել է Ս. Խաչ եկեղեցու զանգակատունը, կից` Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռը (հիմն. 1776-ին), Ս. Աստվածածին կամ Հաճկատար (հիմն. 1512-ին, զանգը բերվել է Տաթևի վանքից, վրան փորագրված է 1244-ի արձանագրություն) և Ս. Օգսենտ կամ Զամկա (հիմն. 1551-ին) վանքերը: Վերջինս մինչև 1686-ը եղել է Մոլդովայի հայերի հոգևոր կենտրոնը, որտեղ գործել են դպրոց և մատենադարան: Հայոց նոր գերեզմանոցում կառուցվել է Ս. Հարություն մատուռը (1902): Ռոմանում պահպանվել են Ս. Աստվածածին (հիմն. 1609-ին, վերակառուցվել է 1864-ին), Գալացում` Ս. Աստվածածին (հիմն. 1669-ին, վերակառուցվել է 1858-ին), Տուլչայում` Ս. Գրիգոր Լուսավորիչ (հիմն.1882-ին, 1830-ին կառուցված փայտաշեն մատուռի տեղում), Պիտեշտում` Ս. Հովհաննես Մկրտիչ (հիմն. 1693-ին, վերակառուցվել է 1852-ին) եկեղեցիները: Հայերը Ֆոկշանում կառուցել են Ս. Գևորգ (1710–15, այժմ` ավերված), Ս. Աստվածածին (1730, տրված է ռումինացի ուղղափառներին) եկեղեցիները, հայոց գերեզմանոցում` Ս. Հարություն մատուռը (1891), Բրըիլայում` Ս. Աստվածածին (1837, օգտագործում են ռումինացիները) եկեղեցին:

Առաջնորդանիստ Ս. Հրեշտակապետաց Մայր տաճարը (1911–15) կառուցվել է 1638-ին հիմնված եկեղեցու տեղում: Քաղաքի հայկական գերեզմանատանը կանգուն է Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1920), կան պատմափաստագրական արժեք ներկայացնող տապանաքարեր:

Կոստանցայում հայ համայնքը ներկայումս եկեղեական շենք չունի. 1880-ին կառուցվել է Ս. Աստվածածին փայտաշեն եկեղեցին, որը 1940-ին այրվել է: Այսօր եկեղեցին զբաղեցնում է աղոթատեղիի վերածված դպրոցի վերնասրահը: Կից կառուցվել է զանգակատուն (1990): Ներկայումս (2001) Ռումինիայում գործում են Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց Մայր տաճարը, Կոստանցայի աղոթատեղին և Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Ռումինահայերը դեռևս միջնադարում վանքերին և եկեղեցիներին կից դպրոցներ են հիմնել Սուչավայում (XV դ.), Բոտոշանում (XV դ.), Յասսիում (XVI դ.), Գեռլայում (XVII դ.), Դումբրըվենում (XVII դ.):

Հայկական  գրչության կենտրոններն են եղել Սուչավան, Յասսին, Աքքերմանը, Բրըիլան, Գեռլան, Բուխարեստը: Աքքերմանի հայ գրչության դպրոցում դեռևս 1459-ին գործել է գրիչ և մանրանկարիչ Նիկողայոս եպիսկոպոսը: XVII դ. 2-րդ տասնամյակում Սուչավայում բազմաթիվ ձեռագրեր է ստեղծել գրիչ և հեղինակ Ղազար Բաբերդացին: Ստեղծված ձեռագրերը պահվում են Երևանի, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների մատենադարաններում Յասսի, Գալաց, Տուլչա, Բրըիլա, Բուխարեստ քաղաքներում գործել են տպարաններ, որտեղ տպագրվել են հայերեն գրքեր, շուրջ 50 անուն պարբերականներ (առաջինը` Գալացի Ղևոնդ քհն. Փափազյանի տպարանում 1895–99-ին հրատարակված «Հայկական տարեցույց»-ները ևն): Հայերը Զամկա վանքին կից ունեցել են մատենադարան, դիվանատուն:

1927-ից առաջնորդարանին կից հիմնվել է մատենադարան, գրադարան, թանգարան (որտեղ պահվում են 1351-ին Կաֆայում ընդօրինակված Ավետարան, 1666-ին Ամստերդամում տպագրված Աստվածաշունչ, 1649-ին Հաճկատարում ընդօրինակված Աղոթագիրք ևն): Թանգարանում է պահվում Ալեքսանդր Բարեպաշտի հրովարտակը, որով արտոնվել է Սուչավայում 1401-ին հիմնել հայոց թեմ: Գրքերի, մանրանկար ձեռագրերի հավաքածուներ ունեն Կոստանցայի, Պիտեշտի, Սուչավայի, Յասսիի եկեղեցիները:

Համայնավարական վարչակարգի պայմաններում (1945–90-ական թթ. սկիզբ) հայոց կրոական համայնքի գործունեությունը սահմանափակվել է, մի շարք եկեղեցիներ փակվել են: Երկրում ժողովրդավարական կարգի հաստատումից հետո զարթոնք է ապրել նաև հայոց հոգևոր կյանքը: 1994-ին թեմական խորհուրդը որոշում է կայացրել հայկական նախկին եկեղեցիները վերաբացելու և նորերը կառուցելու մասին:

Ռումինիայի թեմի առաջնորդն է Տիրայր արք. Մարտիկյանը (1968-ից):

           

                                                                                           Սելյան  Ս.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 874-875:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am