ՇԱՀԱՊԻՎԱՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 444, գումարվել է Նորաբեր տոնի օրը՝ հունիսի 24-ին, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք: Ժողովին մասնակցել են 40 եպիսկոպոսներ, վանականներ, երեցներ, սարկավագներ, նախարարներ, ազատներև շինականներ, «որք էին նախանձախնդիր աւրինաց եւ սրբութեան»: Շահապիվանի եկեղեցական ժողովի կանոնների Առաջաբանում նշվում է, թե ինչ նկատառումներով է այն գումարվել. գլխավորապես, ի լրումն և ի հաստատումն առաքելական ու Նիկիական կանոնների, որոնք խախտել էին բազմաթիվ հոգևորականներ, ի վերահաստատումն Հայ եկեղեցու ներքին կարգերի և բարոյական նորմերի, ինչպես նաև ի դատաստան աշխուժացած աղանդավորների, հատկապես մծղնեության, և հանցավորների՝ առանց դասի և աստիճանի խտրության: Շահապիվանի եկեղեցական ժողովը կանոնական էր, սակայն նրա որոշումները, ի տարբերություն ուրիշ կանոնախմբերի, միակն են, որ հանցագործությունների համար սահմանել են պատիժներ և դրանով իսկ դուրս եկել կանոնական շրջանակներից ու ստացել դատաստանագրքի նշանակություն: Ժողովի ընդունած 20 կանոններից միայն մեկը՝ ԺԵ կանոնը, ունի խրատական բնույթ և պատիժ չի նախատեսում: Կանոններից 6-ը ամբողջությամբ (Ա, Բ, ԺԴ, ԺԶ, ԺԷ և ԺԸ), իսկ 4-ը՝ մասամբ (Թ, ԺԳ, ԺԹ, Ի) վերաբերում են հոգևորականներին, որոնց գործած կանոնական խախտումների և հանցանքների համար նախատեսված են կանոն. և քրեական պատիժներ՝ համապատասխան պատժաչափերով: 9 կանոն ամբողջությամբ և 4-ը՝ մասամբ, ազատների՝ իշխանների և շինականների մասին են՝ զանազան պատժաչափերի սահմանումով: Ընդ որում, շինականների համար նախատեսվել է մարմնական պատիժ՝ ծեծ, իսկ ազատներին՝ միայն խրատ, տուգանք և ապաշխարություն:
Սակայն մի շարք հանցանքների դեպքում շինականի և ազատի համար սահմանվել է միևնույն պատիժը, իսկ պատժաչափը որոշվել է ըստ հանցանքի: Բացի այդ շինականի տուգանքը կազմել է ազատի տուգանքի կեսը կամկեսից պակաս: Տուգանքի չափի տարբերությունը բխել է սոցիալական այդ երկու դասերի տնտեսական վիճակից, որը հաշվի էր առնվել կանոններում:
Ժողովի որոշումների համաձայն, բոլոր տեսակի տուգանքներն անցնելու էին հիմնարկներին (եկեղեցիներին, գոդենոցներին, ծերանոցներին)՝ որպես նրանց եկամտի մասնակի աղբյուր, իսկ առանձին դեպքերում էլ տուգանքի որոշ մասը նախատեսվում էր բաժանել աղքատներին: Շահապիվանի եկեղեցական ժողովի կանոններում, հակառակ Արևելքի երկրներում կնոջ իրավազրկության, կինն օրենքի առաջ հավասար էր տղամարդուն. «Եթէ այր եւ եթէ կին՝ կանոն այդ կացցէ»: Շահապիվանի եկեղեցական ժողովը խիստ որոշումներ է ընդունել աղանդավորների՝ մծղնեների դեմ (ԺԹ և Ի կանոնները): Աղանդներին հարող ընտանիքի չափահաս անդամներին հասարակությունից մեկուսացնելու նպատակով արգելափակել են գոդենոցներում, իսկ անչափահաս երեխաներին խլել ծնողներից և հանձնել եկեղեցուն, որն էլ ստանձնել է նրանց հոգևոր դաստիարակությունը:
Շահապիվանի եկեղեցական ժողովը կարևոր նշանակություն է ունեցել Հայ եկեղեցու հիմքերի ամրապնդման, պետականության բացակայության պայմաններում նրա դերի բարձրացման, եկեղեցական կարգ ու կանոնի վերահաստատման, հայ իրավական մտքի ձևավորման և զարգացման գործում:
Ղազարյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am