ՇԱՄԱԽՈՒ ԹԵՄ, Շիրվանի թեմ, Բաքվի և Թուրքեստանի թեմ, Ադրբեջանի թեմ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է բուն Աղվանքի (Կուրի ձախափնյակի) հայահոծ շրջաններում: Կենտրոնները՝ 1660-ից՝ Սաղիանի Ս. Ստեփանոս Նախավկա վանք, 1838-ից՝ Շամախու Ս. Աստվածածին, 1918-ից՝ Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ:

Աղվանքի հայկական եկեղեցիներն սկզբնաղբյուրներում հիշատակվում են վաղ միջնադարից: Շամախու  թեմի սկզբնավորման ստույգ թվականը և եպիսկոպոսանիստ առաջին եկեղեցին մատենագրական աղբյուրներում վկայված չեն: Համարվել է Աղվանից կաթողիկոսության թեմերից մեկը: XI դարից բուն Աղվանքը հայտնի էր Շիրվան կամ Շիրվանայ երկիր անունով:

Շիրվանի մայրաքաղաքն էր Շամախին: XVI դարից Շամախու  թեմի ենթակայության ներքո էին գտնվում Շաքիի (Նուխի) եկեղեցիներն ու վանքերը: Ցարական արքունիքի 1836-ի մարտի 11-ի ընդունած կանոնադրությամբ («Պոլոժենիե») վերացվել է մետրոպոլիտությունը, և նախկին Աղվանից կաթողիկոսությանը ենթակա շրջաններում ստեղծվել են Մայր աթոռին ենթակա երկու առաջնորդական թեմ և մեկ հաջորդական վիճակ: Առաջինը Արցախի թեմն էր, երկրոդը՝ Շամախու կամ Շիրվանի թեմը, որն ընդգրկել է Գյոկչայի, Շամախու, Ղուբայի, Սաղիանի, Բաքվի շրջանները և Դերբենդ քաղաքը: Կանոնադրությամբ Շաքին և Լենքորանը հանձնվել են Արցախի թեմին: Թեմակալ առաջնորդ Հովհաննես եպս. Շահխաթունյանցի օրոք (1838–40) 1838-ին առաջնորդանիստը Սաղիանից տեղափոխվել է Շամախի քաղաք, և տեղի Ս. Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1701-ին) դարձել է առաջնորդանիստ: Նույն թվականից գործել է թեմի վիճակային ատյանը (կոնսիստորիա): 1853-ին թեմում գործել են 34 եկեղեցի, 31 հոգևորական: Բաքվում, 1869-ին Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումից հետո, եկեղեցական  գործերը վարելու նպատակով, 1872-ին Էջմիածնի Սինոդի հրամանագրով ստեղծվել է Բաքվի հայոց եկեղեցիների գործակալություն: 1890-ին թեմի տարածքում կար հայաշատ բնակչություն ունեցող չորս քաղաք (Բաքու, Դերբենդ, Ղուբա, Շամախի), 48 հայկական գյուղ, 39 եկեղեցի և երկու վանք [Սաղիանի Ս. Ստեփանոս Նախավկա, Մեյսարիի Ս. Աստվածածին (հիմն. 1688-ին)]: 1844-ին, Թուրքեստանի Աշգաբադ քաղաքում հայկական  առաջին եկեղեցու հիմնադրումից հետո, այն հանձնվել է Շամախու թեմի տնօրինությանը: 1891-ին Թուրքեստանում Աշգաբադ և Ղըզլ-Արվադ քաղաքներում կար 2 գործող եկեղեցի: 1892-ին ռուսական իշխանությունների պահանջով Շամախու թեմում գտնվող Թուրքեստանի հայկական եկեղեցիները հանձնվել են Աստրախանի թեմին: 1905-ին հիմնադրվել է Բաքվի հայոց ծխական հոգաբարձությունը: Զբաղվել է եկեղեցիների, դպրոցական շենքերի, աղքատանոցների կառուցման, պահպանման ու վերաբացման աշխատանքներով: Հայկական դպրոցներից են Շամախու հոգևոր սեմինարիան (հիմն. 1844-ին), Սանդուխտյան օրիորդաց դպրոցը (1869), Սաղիան գ. Ս. Ստեփանոս Նախավկա վանքին կից վանական դպրոցը (1864–85, 1888-ին վերաբացվել է), Մատրասա գ. ծխական մեկդասյան դպրոցը (1870), օրիորդաց ծխական դպրոցը (1872): Բաքվում 1869-ին հիմնվել է Մեսրոպյան ծխական երկդասյան արական դպրոցը, Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոցը, 1894-ին՝ Բաքվի Ս. Աստվածածին եկեղեցուն կից երկրորդ օրիորդաց դպրոցը: 1872-ին կաթողիկոսի հատուկ կոնդակով հիմնվել է Բաքվի հայկական  միջնակարգ հոգևոր սեմինարիան: Դերբենդում 1873-ին բացվել են հայկական օրիորդաց Մարիամյան մեկդասյան դպրոցը, արական դպրոցը ևն: 1914-ին հայ բնակչությունը թեմի տարածքում կազմել է շուրջ 133 հզ.: 1916-ին թեմում գործել է 39 եկեղեցի, որից 14-ը՝ Շամախու, 17-ը՝ Գյոկչայի, 2-ը՝ Ղուբայի գավառներում, 1-ը՝ Դերբենդում և 5-ը՝ Բաքվում (Ս. Աստվածածին, հիմն. 1799-ին, Ս. Գրիգոր Լուսավորիչ, հիմն. 1863–1869-ին, Ս. Հովհաննես Մկրտիչ, հիմն. 1895-ին, Ս. Թադեոս և Բարդուղիմեոս, հիմն. 1907–11- ին, Ս. Թարգմանչաց, հիմն. թ. անհտ է): 1917-ից Բաքվում գործել է «Բաքվի հայ քահանաների միություն»-ը: 1918-ի մարտի վերջին Շամախիում բռնկած հայ-թաթարական ընդհարումների ժամանակ թաթարներն այրել են թեմի առաջնորդարանն ու վիճակային ատյանը: Թեմը մեծ վնասներ է կրել 1918-ի հունիս-սեպտեմբեր  ամիսներին, երբ թուրքական  զորքերի՝ Բաքվի արշավանքի ընթացքում ավերվել են հայկական  բազմաթիվ գյուղեր, եկեղեցիներ ու վանքեր, կոտորվել հազարավոր հայեր: Ճակատագրական այդ օրերին թեմակալ Բագրատ եպս. Վարդազարյանը Գյոկչա և Շամախի գավառների կոտորածներից փրկված հայերի հետ գաղթել է Բաքու, որտեղ 1918-ին հիմնել է Ինքնօգնության կոմիտե (զբաղվելու էր հայ գաղթականության օգնության խնդիրներով): 1918-ին նա ընդգրկվել է Բաքվի հայոց Ազգային խորհրդում, այնուհետև դարձել նրա նախագահը, Շամախի քաղաքից այստեղ տեղափոխել թեմի առաջնորդարանն ու վիճակային ատյանը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դարձրել առաջնորդանիստ: Բաքվում խորհրդային իշխանության հաստատումից հետո թեմի առաջնորդարանն ու վիճակային ատյանը դադարել են գործել: 1920-ի օգոստոսին թեմը ժամանակավորապես միացել է Գանձակի փոխանորդությանը, իսկ կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի սեպտեմբերի  3-ի կոնդակով Տաշքենդի, Սամարղանդի, Անդիժանի, Կոկանդի, Աշգաբադի, Չարջոուի, Ղըզլ-Արվադի, Նոր Բուխարայի, Կրասնովոդսկի և Չաքիչլարի հայկական  եկեղեցիները, վանքերը, մատուռներն ու ուխտատեղիները միացվել են Շամախու թեմին և միասնաբար կոչվել Բաքվի և Թուրքեստանի թեմ: 1921-ին Գանձակի փոխանորդությունն առանձնացվել է, և կազմվել է համանուն առանձին թեմ: Իրանա-Հնդկաստանի թեմում առաջնորդ չլինելու պատճառով կարճ ժամանակով (1923-ի հուլիս-նոյեմբեր) Պարսկաստանի Ատրպատական նահանգի Նիշապուր, Սաբզվար, Ղոզան, Մեշխեդ և այլ շրջանների եկեղեցիները միացվել են Բաքվի և Թուրքեստանի թեմին: 1922-ին ստեղծվել է Բաքվի և Թուրքեստանի թեմական խորհուրդը, իսկ 1926-ին Շամախի քաղաքում կարճ ժամանակով գործել է «Շամախի քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցու կրոնական համայնք» ընկերությունը: 1927-ին Լենքորանը կրկին միացվել է Բաքվի և Թուրքեստանի թեմին: 1930-ական թթ. Խորհրդային Միությունում եկեղեցու դեմ իշխանությունների վերսկսած հալածական քաղաքականության հետևանքով Ադրբեջանում և Միջին Ասիայում նույնպես ավերվել ու քանդվել են հայկական եկեղեցիները (Բաքվի Ս. Թադեոս և Բարդուղիմեոս, Շամախու Ս. Աստվածածին ևն), աքսորվել և գնդակահարվել մեծ թվով եպիսկոպոսներ, վարդապետներ և քահանաներ:

1930-ական թթ. սկզբներից Թուրքեստանում փակվել են հայկական  եկեղեցիները: Հայրենական մեծ պատերազմից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը ձեռնամուխ է եղել Հայ եկեղեցու թեմերի վերակազմավորմ ան և վերաբացման աշխատանքներին: 1945-ին Արցախի ու Գանձակի թեմերը միավորվել են Բաքվի և Թուրքեստանի թեմին, որտեղ գործել են միայն Բաքվի և Գանձակի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները (1945-ից): Թուրքեստանում գործող եկեղեցիներ չլինելու պատճառով կոչվել է Ադրբեջանի թեմ, առաջնորդանիստը մնացել է Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Թեմական խորհրդի հրավերով Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը հովվապետական այցելություններ է կատարել թեմ (1957, 1962, 1969-ին): 1988–90-ին Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայահալած քաղաքականության և շուրջ 300 հզ. հայերի բռնագաղթի պատճառով թեմը դադարել է գործել: 1989-ի դեկտեմբերին հրկիզվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Թեմի վերջին առաջնորդն էր Անանիա եպս. Արաբաջյանը (1981–89-ի դեկտ.):

                                                                                                             Ստեփանյան Գ.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Բարխուդարյանց Մ., Պատմութիւն Աղուանից, հ. 2, Թ., 1907: 

Նույնի, Աղուանից երկիր և դրացիք (Միջին Դաղստան), Թ., 1893: 

Երիցյանց Ա., Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը և Կովկասի Հայք XIX-րդ դարում, մաս 2, Թ., 1895: 

Սմբատ յան ց Մ., Նկարագիր սբ. Ստեփանոսի վանից Սաղիանի...., Տփխիս, 1896:

 Ջալալյանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 1, 2, Տփխիս, 1842, 1858: 

Կարապետյան Ս., Շամախու գավառի գյուղերի պատմությունից, ՊԲՀ, 1989, դ 2:

Ստեփանյան Գ., Բագրատ եպիսկոպոս Վարդազարյանի հոգևոր և հասարակական գործունեությունը Բաքվի նահանգում 1918 թ.,«Էջմիածին», 1994, դ 11–12:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am