ՇԱՐԱԿԱՆ (շար, մեկնվել է նաև եբր. Sir – երգ, ասոր. sahra – հսկում, հսկման երգ բառերից, հետագայում նույնացվել հուն. εj ιρμοvς – շարք-ին), պաշտոնապես ընդունված և եկեղեցական Տոնացույցի որևէ օրվա համապատասխան ժամին կատարվող հոգևոր երգ կամ հոգևոր երգերի ամբողջական շարք (հոմանիշներն են` կանոն, կարգ, սարք), նաև` այդ երգաշարքերը բովանդակող ժողովածու` Շարակնոց: Առաջին գրավոր հիշատակությունն առկա է IX–X դդ. երկաթագիր հնագույն Մաշտոցներում:

Հոգևոր երգը որպես ինքնուրույն, սաղմոսներից և մարգարեական օրհնություններից տարբեր երաժշտաբանաստեղծական  ձև հիշատակված է Պողոս առաքյալի թղթերում: V դ. առաջին նորաստեղծ ինքնուրույն հոգևոր երգերը` Շարականները, հայոց մեջ կոչվել են կցուրդ կամ կցորդ: Կցուրդները փոքրածավալ, 3–4 տնից բաղկացած, պարզագույն սաղմոսատիպ երգեր էին, որոնք, լինելով Աստվածաշնչի տարբեր դրվագների և Քրիստոսի տնօրինությունների մատչելի վերաշարադրումը կամ մեկնությունը, հարասացությունների ձևով կցվել են սաղմոսին կամ մարգարեական օրհնությանը: Կցուրդները ծավալվում են ութձայնի եղանակներում` հետևելով նրա «խիստ ոճի» օրենքներին: Այդ տեսակի ընդերքում (սաղմոսերգությանը զուգընթաց) մշակվել են Շատին վանքի Ս. Սիոն եկեղեցին (1655) հվ-արմ-ից Հայ եկեղեցու երգեցողության հիմն. տիպերը` հորդոր, չափավոր-միջակ և ծանր երգերը, որոնց մեջ տեմպը (շարժումը) պայմանավորել է նաև գրական խոսքի հնչյունավորման կերպը: Երգեցողության այդ տիպերի մշակումը կապված էր պաշտոներգության մեջ նրանց գրաված տեղով, ծիսական կիրառությամբ: Հասարակ օրերի ժամերգության համար նախատեսված շարականներն ունեն պարզ նկարագիր, կատարվում են դպրաց դասերի կողմից` խմբակային:

Կիրակի օրերին և եկեղեցական խոշոր տոների ժամանակ կատարվող Շարականները օրվա հանդիսավորությունն ընդգծելու նպատակով ստանում են ավելի մեծ ծավալ, մելիզմատիկ (երգային-զարդոլորուն) տեսք և հնչյունավորվում մենակատար հմուտ երգեցողների կողմից: Հնագույն շրջանի կցուրդներում որոշակիորեն կազմավորվել են հայ շարականերգության հատուկ կերպարային արտահայտչականության հիմնական ոլորտները, աստվածաշնչային նյութի բանաստեղծական մշակման հնարները: Ճգնավորության, ապաշխարանքի, մարդու մեղսավորության գաղափարը և Վերջին դատաստանի սպասումը արտահայտող Շարականների կողքին քիչ չեն պատմողական  և մեկնողական բովանդակությամբ, ինչպես և փառաբանական օրհներգային բնույթի երգեր, որոնք արտահայտում են լուսավոր, բերկրալից, քնարական զգացումներ: Հնագույն կցուրդները տաղաչափության առումով հիմնականում ազատ էին: Դրանց ստեղծումն ավանդաբար վերագրվում է Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Ա Պարթևին, Մովսես Խորենացուն և Հովհաննես Ա Մանդակունուն: Տվյալ շրջանի շարականների բանաստեղծական  ոճի բնորոշ նմուշներից են ապաշխարության բազմաթիվ հարցերը, որոնք, լինելով հնոցի մեջ նետված 3 մանուկների աղոթքի կցուրդներ, գրեթե ամբողջապես կազմված են Հին կտակարանից քաղված բառային բանաձևերից: Նմանապես, Ապաշխարության Տեր երկնիցն երում, 148-րդ սաղմոսի կցուրդներում շարականագիրը գրեթե չի շեղվում տվյալ սաղմոսը կազմող գաղափարներից ու բանաձևերից: VII–VIII դդ. հայ շարականերգությունը նկատելի զարգացում է ապրել: Հանդես են եկել նոր շարականագիր հեղինակներ` Կոմիտաս Ա Աղցեցի, Անանիա Շիրակացի, Սահակ Գ Ձորոփորեցի, Բարսեղ Ճոն, Հովհաննես Գ Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի և ուրիշներ:

Բյուզանդական  «կոնտակիոն» ձևի ազդեցությամբ առաջացել է շարականի ավելի ընդարձակ մի ձև` կացուրդը: Տվյալ ժամանակաշրջանի չափանմուշային կոթող է Հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված «Անձինք նուիրեալք» շարական: Ի տարբերություն հնագույն կցուրդների, այն վիպաքնարական բնույթի, լայնածավալ ներբող է (36 քառատող տուն)` ընդգծված պատկերավոր ու դրամատիկ տարրերով: Բյուզանդական նմուշների օրինակով գրված է զուտ շեշտական տաղաչափությամբ և այբբենական ակրոստիքոսի սկզբունքով: Այդ երաժշտաբանաստեղծական  տեսակը մեծ տարածում է գտել հետագա դարերում: Այնուհետ այբբենական ծայրակապով գրված շարականները ստացել են նաև «Անձինք» անվանումը: VII–VIII դդ. հեղինակների շարականներում անցում է կատարվել նախորդ շրջանի խստաշունչ սաղմոսատիպ կցուրդներից դեպի ծավալուն, ծորերգային ոճի երգերը, որոնք բնորոշվում են երաժշտական  ռիթմի ձերբազատմամբ, հանկարծաբանական (իմպրովիզացիոն) զարգացումով, մեղեդային մանրամասների նրբակերտությամբ և գեղարվեստական  ընդհանրացման ավելի բարձր աստիճանով: Այդ առումով ցայտուն օրինակ են Սահակ Գ Ձորոփորեցու, Անանիա Շիրակացու, Բարսեղ Ճոնի ծանր տիպի շարականները, նաև Խոսրովիդուխտի նշանավոր ողբը կամ գովքը` ձոնված իր նահատակ եղբոր` Վահան Գողթնացու հիշատակին:

Շարականների զարգացման նոր փուլը նշանավորվել է Ստեփանոս Սյունեցուն (VIII դ.) վերագրվող Հարության Ավագ օրհնությունների 8 շարքերի` կանոնների ստեղծմամբ: Կանոնի ձևավորման համար հիմք են հանդիսացել Հին կտակարանի 10 մարգարեական օրհնությունները: Ներկայացնելով որոշակի հաջորդականությամբ և տրամադրությամբ հորինված երգերի շարք` կանոնը, որպես ցիկլային ստեղծագործության տեսակ, նոր հնարավորություններ է ընձեռել շարականագիրներին, նոր որակ և աստիճան ստեղծել հոգևոր երգարվեստում: Սկզբնապես կանոնները կազմվել են ժամասացության մեջ կիրառվող կցուրդներից և կացուրդներից, սակայն աստիճանաբար ստեղծվել են հատուկ նոր կանոններ: Կանոնի ներմուծումը սերտորեն առնչվել է ութձայն համակարգի կիրառության հետ: Հնագույն օրհներգերում գերակշռող դիալեկտիկ հակադրումների համակարգը փոխարինվել է զուգորդական կապերի համակարգով, որն ուղղված է կանոնի 8 մասերի (Օրհնություն, Հարց, Մեծացուսցէ, Ողորմեա, Տեր երկնից, Մանկունք, Ճաշու, Համբարձի) շրջանակներում իրադարձությունների ներքին հարազատության բացահայտմանը և սրբազան պատմությունն իբրև ինքնամփոփ, անփոփոխ ամբողջություն ներկայացնելուն: Կանոնի երգերում առավել ցայտուն են դրսևորվում տվյալ տոնի իմաստային-կերպարային հիմքի հետ կապված քնարական ոլորտի հարուստ երանգները: Յուրաքանչյուր մաս սովորաբար կազմված է 3 տնից, որոնցից առաջինը համապատասխան նմուշ օրինակի բովանդակության շարադրանքն է` քրիստոսաբանական տարրերով, երկրորդը ներկայացնում է Քրիստոսի Խաչելության և Հարության տեսիլքը, իսկ երրորդը նվիրված է Աստվածածնին:

IX–XI դդ. ընդլայնվել և համալրվել են Շարակնոցում ընդգրկված եկեղեց. տարվա մի քանի կարևոր շրջաններին վերաբերող խոշոր շարքերը` Պահքի, Հարության, Հոգեգալստյան, ինչպես նաև` Խաչի, Համորեն մարտիրոսաց, Ննջեցելոց և այլ կանոնները: Այս շրջանում ակնառու ներդրում են ունեցել Պետրոս Ա Գետադարձը, Հովհաննես Սարկավագը, Սարգիս Ա Սևանցին, Ստեփանոս Ապարանցին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և ուրիշներ:

Զարգացնելով V–VIII դդ. շարականերգության լավագույն ձեռքբերումները` նրանք ընդլայնել են շարականի ավանդական թեմաների շրջանակը:

Նրանց գործերում առանձնակի հնչեղություն է ստացել հայրենասիրական թեման` կապված ժամանակի իրողությունների հետ: Շարականներում արտացոլվել են ոչ միայն համաքրիստոնեական գաղափարներն ու զգացումները, այլև` հայ ժողովրդի պատմության, հաս. կյանքի կարևորագույն երևույթները` հեթանոսության դեմ պայքարի և առաջին քրիստոնյա նահատակների շրջանը, քրիստոնեության հաստատման և ազգային նոր մշակույթի ջատագովությունը, համաժողովրդական դիմադրությունը պարսից մազդեականությանն ու արաբ. տիրապետությանը ևն: Կանոնական արվեստի պայմաններում հայ շարականագիրները կարողացել են հագեցնել իրենց երկերը իրապես կենսական հնչեղությամբ, կրոնական և բանաստեղծական խոր ապրումներով:

Շարականը աննախադեպ վերելք է ապրել X–XIV դդ.: Նոր երաժշտաբանաստեղծական  տեսակների ծնունդը (գանձ, տաղ) իր ազդեցությունն է թողել կանոնի բաղադրիչների վրա` նկատելիոր են հարստացնելով նրանց կերպարաելևէջային նկարագիրը: Կարևոր գլուխ են կազմում Կիլիկիայի Հայկական թագավորության շրջանի շարականագիրների ստեղծագործությունները: Հատկապես նշանակալից դեր է կատարել Ներսես Շնորհալին, որի գրչին է պատկանում Շարակնոցի երգերի առնվազն 1/3-ը: Ներսես Շնորհալին բարձրագույն մակարդակի է հասցրել Ստեփանոս Սյունեցուց սկիզբ առած զուգորդական բանաստեղծական ոճը, որն իր հետևորդների մոտ երբեմն կրում է նույնիսկ յուրահատուկ պաճուճազարդության տարրեր: Չհրաժարվելով «հին» օրհներգերի  «արձակ բանաստեղծությունից»` Ներսես Շնորհալին միաժամանակ հարստացրել է շարական  վանկական և վանկաշեշտական տաղաչափության զանազան նմուշներով: Նա նաև հարստացրել է ավանդական  ութձայնը բազմաթիվ զարտուղի, դարձվածքանման և ստեղիատիպ եղանակներով, որոնք հաճախ օժտված են հեղինակային անհատականության գծերով: Մի շարք Տերունի տոներին նվիրվածմ կանոնները լրացնելուց բացի նա ներմուծել է տարբեր սրբերի և ազգային  հերոսների նվիրված նոր`«մանկունք» տիպի մեկական երգեր:

Դրանցից են Տրդատ Գ թագավորին, Սահակ Ա Պարթևին, Հովհան Ոսկեբերանին, Բարսեղ Կեսարացուն, Գրիգոր Նազիանզացուն, Վարդանանց նվիրված շարականները: Այդ ավանդույթը սկիզբ է առել Խոսրովիդուխտի` Վահան Գողթնացու նահատակությունը օրհներգող գովքով և զարգացվել Պետրոս Ա Գետադարձի կողմից` Սանդուխտ կույսի, Դավիթ Դվնեցու, Սուքիասյանց, Ոսկյանց, Վարդանանց և այլ նահատակների սխրագործությունը գովերգող մանկունքներով:

XII–XIII դհանդես են եկել մի շարք խոշոր շարականագիրներ: Բուն Հայաստանում գործած հեղինակներից առավել նշանավոր են Հովհաննես Երզնկացին (Պլուզ), Խաչատուր Տարոնացին, Վարդան Արևելցին, իսկ կիլիկյան հեղինակներից` Գրիգոր Գ Պահլավունին, Հակոբ Ա Կլայեցին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Սկևռացին և ուրիշներ: Հատկապես նշելի են Հովհաննես Երզնկացու` Գրիգոր Լուսավորչին և Ներսես Ա Մեծին նվիրված շարականները, Խաչատուր Տարոնացու` քահանայի զգեստավորման «Խորհուրդ խորին» տաղատիպ շարական, Հակոբ Կլայեցու` Աստվածածնի ծննդյան և Վարդան Արևելցու` սրբոց թարգմանչաց կանոնները: Ժամանակագր. առումով առավել ուշ ապրած հեղինակի շարականով է ամփոփվում մեզ հասած կանոնական Շարակնոցը: Դա XIV–XV դդ. հեղինակ Կիրակոս Երզնկացու` Աստվածածնի ննջմանը նվիրված «Արևելք գերարփի» այբբենական ակրոստիքոսով գրված շարական  է: Նույն ժամանակներում շարականի զարգացման դադարը պայմանավորվել է արտաքին ու ներքին պատճառներով: Արտաքին պատճառներից են ուշ միջնադարին բնորոշ ընդհանուր քաղաքական-տնտեսականճգնաժամը և մշակույթի աստիճան. անկումը:

Բացի այդ գործածության մեջ գտնվող շարականների աճն արդեն չէր համապատասխանում ժամակարգության պահանջներին. այն փակվել է` Շարակնոցի վերջնական խմբագրությունից դուրս թողնելով բազմաթիվ պարականոն (անվավեր) շարականներ: Ներքին պատճառը պայմանավորված էր միջնադարյան սքոլաստիկ գեղագիտական աշխարհայացքի նահանջով. Վերածնության գաղափարների ազդեցությունը շարականերգությունը վերածում էր նրբին, անհատականացված երաժշտաբանաստեղծական  արվեստի: Զարգացման այս միտումն աննկատելիորեն խաթարել է քարոզի ընկալումը և աստիճանաբար բերել փակուղու` սպառելով շարականի, իբրև արվեստի կենդանի ձևի, հնարավորությունները: Այդուհանդերձ, շարական մնում է միջնադարյան հայ հոգևոր մշակույթի հարուստ բնագավառներից մեկը, որի բազմակողմանի ուսումնասիրությունը XIX դ. սկզբից առ այսօր կարևորվում է ինչպ ես հայ հոգևոր երաժշտության, այնպես էլ` արևելաքրիստոնեական մյուս եկեղեցիների երաժշտությ ան հետ ունեցած տարբեր առնչությունների հետազոտման տեսանկյունից:

 

                                                                               Արևշատյան Ա., Հակոբյան Լ.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Ավետիքյան Գ., Բացատրութիւն շարականաց, Վնտ., 1814: 

Ձայնագրեալ շարական հոգեւոր երգոց, Վաղ-պատ, 1875: 

Ամատունի  Ս., Հին և նոր պարականոն կամ անվավեր շարականներ, Վաղ-պատ, 1911: 

Աբեղյան Մ., Երկ., հ.3, Ե., 1968, էջ 526–563: 

Տնտեսյան Ե., Նկարագիր երգոց Հայաստանեայց ս. եկեղեցվո, 2 տպագր., Ստամբուլ, 1933: 

Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941: 

Թահմիզյան Ն., Ներսես Շնորհալին` երգահան և երաժիշտ, Ե., 1973: 

Նույնի, Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտությունը 5–15-րդ դարերում, Ե., 1985: 

Հակոբյան Գ., Շարականների ժանրը հայ միջնադարյան գրականության մեջ, Ե., 1980: 

Աբգարյան Ա., Հիմներգության ժանրը (Հայ միջնադարյան գրականության ժանրերը), Ե., 1984: Հակոբյան Լ., Շարակնոցի երգերի եղանակները և նրանց ստորաբաժանումները, «Էջմիածին», 1992, դ 4: 

Արեվշատյան Ա., Մովսես Խորենացու հիմներգությունը, «Բազմավեպ», 1992, դ 1–4: 

Նույնի, Անիի երաժշտական մշակույթը և նրա հետ կապված շարականագիրները,«Բազմավեպ», 1995, դ 1–4: 

Քյոսեյան Հ., Հայ եկեղեցու աստվածաբանությունը շարականներում և տաղերում, տես հեղինակի «Դրվագներ հայ միջնադարյան արվեստի աստվածաբանության», Ս. Էջմիածին, 1995: Շարակնոց, հ. 1, Ե., 1997: 


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am