ՇԱՐԱԿՆՈՑ, հայ միջնադարյան երաժշտածիսական մատյան, շարականների ժողովածու: Ենթադրվում է, որ ձևավորվել է VII–VIII դդ.: Հայկական  մատենագրական աղբյուրներում հանդիպում է նաև Կցորդարան անվանումը, որն արտացոլում է Շարակնոցի կազմավորման հնագույն փուլը:

Հոգևոր ինքնուրույն երգերի կարգավորման առաջին փորձը կատարել է Շիրակի Դպրեվանքի առաջնորդ Բարսեղ Ճոնը (VII դ.)՝ կազմելով «Ճոնընտիր» ժողովածուն, որը հիմք է ծառայել ապագա Շարակնոցի համար: Շարակնոցի ձևավորման գործում մեծ դեր է ունեցել Ստեփանոս Սյունեցին (VIII դ.): Նա շարքերի (տես Կանոն) մեջ է միավորել և դասակարգել ըստ ութձայն համակարգի արդեն գոյություն ունեցող բազմաթիվ ինքնուրույն հոգևոր երգերը (կցուրդներն ու կացուրդները), ինչպես նաև համալրել է շարակնոցը իր հեղինակած երգերով, այդ թվում՝ Ավագ օրհնություններով: Շարակնոցի հետագա բարեկարգման գործում մեծ դեր է խաղացել Ներսես Շնորհալին (XII դ.), ում պատկանում է մեզ հասած Շարակնոցի երգերի առնվազն մեկ երրորդը: Նա լրացրել է ժողովածուի թերի կանոնները, հնացած շարականները փոխարինել նորերով, հարստացրել Շարակնոցի մի շարք սրբերի տոներով և նրանց ձոնել հատուկ երգեր: Ձեռագրային ազգային հավաքածուներում պահվում են բազմաթիվ խազագրված շարակնոցներ, որոնցից երիցագույնն են մինչշնորհալիական խմբագրությունը ներկայացնող Զմմառի վանքի դ 64 (1187) և Երևանի Մատենադարանի դ 9838 (1193) ձեռագրերը: Շարակնոցի հետշնորհալիական խմբագրություններից հատկապես նշելի է Կիլիկյան Հայաստանի Սկևռայի դպրոցի ներկայացուցիչ Գրիգոր Խուլ երաժշտապետի իրագործածը (XIII դ. 1-ին քառորդ), որն ընդհուպ մինչև XVII–XVIII դդ. ձեռագրական տարբեր աղբյուրներում գնահատվում է որպես ընտիր և օրինակելի: Շարակնոցում երգերը դասավորված են ըստ եկեղեցական տոնակարգի կամ ըստ ձայնեղանակների («Ձայնքաղ Շարական»): Առաջին անգամ շարակնոցը տպագրվել է 1664–65-ին, Ամստերդամում՝ Ոսկան Երևանցու ջանքերով, այնուհետև հրատարակվել է նոր հայկ. նոտագրությամբ՝ 1875-ին՝ Վաղարշապատում (աշխատասիր. Ն. Թաշճյանի), 1934-ին՝ Կ.Պոլսում (աշխատասիր. Ե. Տնտեսյանի), 1954–76-ին՝ Վենետիկում (աշխատասիր. Ղ. Տայյանի):
 

                                                                                           Արևշատյան Ա.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Պողարյան Ն., Ծիսագիտութիւն, Նյու Յորք, 1990, էջ 27–40: 

Շարակնոց, հ. 1, Ե., 1997:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am