ՇԱՏԻՆ ՎԱՆՔ, Շատիկ անապատ, ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին գյուղից մոտ 4 կմ արևելք, Եղեգիսի ձախ ափին բարձրացող լեռան լանջին, գագաթից քիչ ցածր: Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի, 929-ին հիմնադրել է Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը՝ «...Սմբատ իշխանի, նրա կին Սոփիայի ու եղբայր Սահակի աջակցությամբ: Այնտեղ կանգնեցնում է եկեղեցի՝ տաշած վեմերով, զարդարում զանազան երանգներով գեղեցիկ նկարներով»: Ըստ պատմիչի՝ վանքը եղել է «խստակրոն, մեծահռչակ մշտնջենավորանոց»: Շատինում պահպանվել են X–XIV դդ. բազմաթիվ խաչքարեր, վիմագիր արձանագրություններ և դրանց բեկորներ: XIV դարից հետո վանքը անկում է ապրել. հավանաբար ավերվել է, որովհետև XVII դ. կեսին նույն տեղում փաստորեն նոր վանք են կառուցել:
Ներկայիս եկեղեցին՝ երկու զույգ T-աձև մույթերով, կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով, երկթեք տանիքով եռանավ բազիլիկը, կառուցվել է սրբատաշ բազալտ քարերով 1655-ին և կոչվել Ս. Սիոն: Մեկենասը նախկին վաճառական Հակոբ Ջուղայեցին է, ում անունով մարմարե խաչքար է ագուցված Ս. Սիոն եկեղեցու արմ. դռան վերևում: Նա, թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է Շատին վանքի միաբան՝ իր միջոցները ի նպաստ դնելով կրոն. կենտրոնի ընդարձակման և բարգավաճման գործին: XVII դ. 2-րդ կեսին վանքի միաբանությունը որոշել է այն վերահաստատել որպես անապատ: Բայց չունենալով համապատասխան կանոնադրություն, ըստ XVII դ. պատմիչ Զաքարիա Սարկավագի, դիմել է Հովհաննավանքի եպիսկոպոս Հովհաննեսի օգնությանը, որը մինչ այդ յոթ տարի անցկացրել էր Լիմ անապատում և քաջ ծանոթ էր անապատական կյանքի առանձնահատկություններին: Վերափոխումից հետո Շատին վանքը կոչվել է Շատիկ անապատ և հետագայում հիշատակվում է այս երկու անուններով:
Վանքի մոտավորապես ուղղանկյուն հատակագծով, հվ-ից երեք կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպները, դրանց կից բնակելի սենյակները, սեղանատունը (այժմ՝ քանդված) կառուցել է Մովսես վարդապետը 1655–68-ին, իսկ պարիսպներից դուրս գտնվող գոմը և ախոռը՝ Անտոն վարդապետը՝ 1749-ին:
Շատին վանքը եղել է ուշ միջնադարի Սյունիքի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից, ունեցել 90 միաբան: Նրա տնտեսական հզորության վկայությունն են արտադրական (ձիթհան, ջրաղաց) ու մեծաքանակ օժանդակ շինությունները, ջրանցքը և կամուրջը: Վանքի բարգավաճմանը նպաստել են նրա հարմար աշխարհագրական դիրքը (Նախիջևանը և Սյունիքը Սևանի ավազանին կապող ճանապարհի վրա տեղադրված լինելը) և սերտ կապերը Ջուղայի ու Գողթն գավառի հետ: Շատին վանքը եղել է նաև նշանավոր գրչության կենտրոն, և այդ գործում մեծ ավանդ ունի Հակոբ Ջուղայեցին, որի գրչին է պատկանում ձեռագրերի մի մասը: Շատին վանքի մշակութային և տնտեսական ծաղկման գործում Հակոբ Ջուղայեցու ունեցած մեծ վաստակի աննախադեպ գնահատականն է դեռ կենդանության օրոք՝ 1661-ին նրա պատվին կանգնեցված խաչքարը:
Հասրաթյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986:
Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 1–3, Վաղ-պատ, 1870:
Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893: Դիվան հայ վիմագրության, պր. 3, Ե., 1967:
Հասրաթյան Մ., Սյունիքի XVII–XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am