ՇԻՐԱԿԱՎԱՆԻ Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ, Բագրատունիների թագավորանիստ ու արքունի կալվածք Երազգավորսում, Անիից հյուսիս-արևելք, Ախուրյանի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի տարածքում): Ըստ պատմիչ-կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցու, կառուցել է Սմբատ Ա Բագրատունին (890–914)՝ օծմանը եկեղեցին զարդարելով ոսկեհյուս հանդերձանքով ու շղարշե ծածկույթով, պատարագամատույց սեղանին համակ ոսկուց պատրաստած ականակուռ կամար դնելով:
Շիրակավանի Ս. Ամենափրկիչ եկեղեցի ունի երկու զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք և ներդաշնակ զուգակցում է վաղ միջնադարի հայկական ճարտարապետության ու ոճական նոր ուղղության ձևերը: Եկեղեցին տուժել է 1064-ի սելջուկյան արշավանքից և վերանորոգվել XI դ. վերջին՝ Գնել իշխանի ու Անիի Բարսեղ եպիսկոպոսի (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Բարսեղ Ա Անեցի) կողմից: Ըստ եկեղեցու պատերին փորագրված 1228-ի և 1231-ի արձանագրությունների՝ իշխան Իվանե Զաքարյանը և նրա եղբորորդի Շահնշահն ազատել են Շիրակավանը հարկերից: Շիրակավանի Ս. Ամենափրկիչ եկեղեցին միջնադարում վերածվել է ամրոցի. շարվածքով փակվել են որոշ լուսամուտներ և արլ. ճակատի խորշերը, անկյուններում բարձրացվել են պատերը, և տանիքը վերածվել է հարթակի, դրսից վեր տանող քարե աստիճաններ են կառուցվել:
Եկեղեցու գմբեթը XIX դ. սկզբին, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, հրետակոծություններից ավերվել է: XIX դ. վերջին Ավագ խորանում դրվել է սրբապատկերներով զարդարված շքեղ խաչկալ: 1950-ական թթ.: Շիրակավանի Ս. Ամենափրկիչ եկեղեցին պայթեցվել է:
Հասրաթյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, Ե., 1996:
Ալիշան Ղ., Շիրակ, Վնտ., 1881:
Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, Ե.,
1942:
Strzygows i J., Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am