ՇՆՈՐՀ, շնորհք, Աստվածային բնության էական հատկություն: Գրիգոր Տաթևացին Շնորհը բնորոշում է այսպես. «Յուրաքանչյուր շնորհ բխում է և ճառագայթ՝ անեղ Լույսից իջած բոլոր իմանալի և զգալի էակների վրա, և զարդարում է նրանց ըստ այդ պարգևած շնորհի նմանության՝ թե՛ ըստ բնության, և թե՛անհատապես՝ հրեշտակներին և մարդկանց: Շնորհն ըստ իր էության անեղ է՝ առաջ եկած անեղ Է-ից, և նախախնամաբար հաղորդվում է եղական [էակներին] և իր էությունը չի փոխում» (Գրիգոր Տաթեվացի, «Գիրք հարցմանց», 1729, էջ 140):

Շնորհը, որպես Աստծո անեղ էության ճառագայթում (էմանացիա), անեղ է իր էությամբ: Շնորհը բխում է մեկ Աստծուց, ուստի իր էությամբ մեկ է, սակայն արարածների վրա ներգործում ու դրսևորվում է զանազան որակներով (Ա Կորնթ. 12.4, 7–11): Արարչից դեպի արարչություն ուղղորդված Շնորհը արարչության մեջ հաստատում է առ Աստված ուղղորդված կարգավորություն: Արարչության՝ Արարչի էությանը հաղորդ դառնալը շնորհական է. Շնորհով է, որ Աստված արարածներին մոտեցնում է իրեն՝ բարձրացնելով կատարելության ավելի բարձր աստիճանների, այսինքն՝ արարածի աստվածացումը տեղի է ունենում Շնորհի միջոցով:

Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Շնորհն իր էությամբ անչափելի է, սակայն դառնում է չափելի ըստ Աստծո կամքի և Շնորհն ընդունողի կարողության: Շնորհն  իր էությամբ պարզ է, սակայն բաղադրյալ է ըստ ներգործության: Շնորհն իր էությամբ անփոփոխելի է, սակայն փոփոխելի է ըստ ներգործության ևն:

Շնորհի կարևորագույն դրսևորումներից է նրա՝ փրկագործող զորություն լինելու հանգամանքը, որը դրսևորվեց մարդու մեղանչումից հետո: Շնորհով է, որ Աստված վերականգնում է ընկած մարդկային բնությունը, լրացնում մարդու հոգու և մարմնի կենսական զորությունների պակասը և հետզհետե ավելացնում դրանք՝ ուղղելով դեպի առաքինության գործերի կատարումը: Շնորհով է Աստված մարդուն արդարացնում ու սրբացնում: Շնորհով է տրվում հավատը, և Շնորհով է տեղի ունենում հոգևոր առաջընթացը:

Ի տարբերություն այլ կրոնների, քրիստոնեական վարդապետության մեջ փրկագործության կարևորագույն հանգամանքը Շնորհ է, այսինքն՝ փրկությունը շնորհական է: Փրկության շնորհ  կա և գործում է անկախ մարդու կամքից. մարդու խնդիրն է սեփական ազատ կամքով թույլ տալ, որ այն ներգործի իր մեջ, և կամքի այդ հոժարությունը նույնպես հետևանք է Աստծո Շնորհի ներգործության: Փրկության շնորհական լինելը վկայում են Սուրբ Գրքի այն հատվածները, որտեղ փրկությունը համեմատվում է վերստին ծննդյան (Հովհ. 3.3–7), նոր արարչագործության հետ (Բ Կորնթ. 5.17, Եփես. 2.10), կամ՝ երբ այն կոչվում է կենդանացում և հարություն (Եփես. 2.5, Կող. 2.13, 3.1): Ինչը որ քրիստոնյան ունի, ունի ոչ թե ինքնին, այլ ստացել է Աստծուց՝ որպես Շնորհ (Ա Կորնթ. 4.7), և նրա բոլոր աստվածահաճո գործերը գործվում են Շնորհով (Ա Կորնթ. 15.10): Այնուհանդերձ ուղիղ վարդապետությունը չի հերքում մարդու ազատ, կամավոր և գործուն մասնակցությունը սեփական փրկության գործին, այլ ընդհակառակը՝ հաստատում է այդ: Դրա վկայությունն են ապաշխարության, հավատքի, արթնության, ճգնության մեջ մնալու և առաքինության գործեր գործելու սուրբգրային բազմաթիվ հորդորները (Մատթ. 7.13, 14, 24.42, Մարկ. 1.15, 5.36, 13.35, Հովհ. 6.29, 10.38, 12.36, 14.1, 11, Գործք 2.38, 14.22, 16.31, Ա Կորնթ. 9.24–27, 16.13, Թեսաղ. 3, Բ Տիմոթ. 2.5, 4.7, Եբր. 3.7, Ա Պետր. 6.8, Հայտն. 3.20, 16.15, ևն): Այսպիսով, փրկագործության համար անհրաժեշտ են թե՛ Աստծո Շնորհ,  թե՛ մարդու ազատ կամքը և ճիգերը, թեև առաջնային նշանակություն ունի Շնորհ  «Աստծու շնորհով եմ, ինչ որ եմ..., ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ էր» (Ա Կորնթ. 15.10):

Բացի վերոհիշյալ նշանակություններից, Շնորհ  եզրը Սուրբ Գրքում գործածվում է նաև որպես Շնորհ  ընդհանրապես, պարգև իմաստով՝ «զամենայն շնորհ» Բ Կորնթ. 9.8): Նշանակում է նաև Աստծո կողմից տրված երկրավոր բարիքներ (Ա Պետր. 4.10), նաև՝ զանազան պարգևներ ու կարողություններ, որոնք տրվում են հավատացյալներին ընդհանուր շահի համար (Հռոմ. 1.5, 12.3, 6, 15.15, Ա Կորնթ. 3.10, Գաղ. 2.9, Եփես. 3.2, 7), նաև՝ հոգևոր կամ նյութական բարեգործություն, օրինակ՝ հոգևոր խրատ (Եփես. 4.29) կա՛մ ողորմություն աղքատ քրիստոնյաներին (Ա Կորնթ. 16.3, Բ Կորնթ. 8.1, 4, 6, 10, 9.8, 14), կա՛մ առաքինության գործին համապատասխան հոգևոր դիրքորոշում (Բ Կորնթ. 7):

                                                                                     Նալչաջյան Ա. 

Գրականության ցանկ

 «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Գրիգոր Տաթեվացի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729: 

Նույնի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմերան հատոր, ԿՊ, 1740:

 Նույնի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամարան հատոր, ԿՊ, 1741:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am