«ՇՈՂԱԿԱԹ», եկեղեցական, մշակութային, բանասիրական հանդես: Կ. Պոլսի հայոց պատրիարքության պաշտոնական հրատարակություն: Լույս է տեսնում 1952-ից, Ստամբուլում, անկանոն պարբերականությամբ (1977–1990-ին ընդհատվել է): Խմբագիրներ՝ Գ. պատրիարք Խաչատուրյան (հիմնադիր), Շ. պատրիարք Գալուստյան, Գ. Տամատյան, Մ. արք. Մութաֆյան (1995-ից, 1998-ից՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք): «Շողակաթ»-ն առաջին շրջանում (1952–76) լուսաբանել է պոլսահայ համայնքի մշակութային կյանքի համապատկերը, անդրադարձել համահայկական և համայնքային նշանավոր հոբելյաններին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարքության հաստատման 500-ամյակին, Աստվածաշնչի տպագրության 300-ամյակին, Գ. Գալֆայան հաստատության հիմնադրման 100-ամյակին, պոլսահայ տպագրության 400-ամյակին ևն: Հատվածներ է վերատպել Մ. արք. Օրմանյանի, Ե. արք. Դուրյանի աշխատություններից, տպագրել Մ. Օրմանյանի «Պատմութիւն Արմաշու Դպրեվանքին» անտիպ երկը ևն:
Հանդեսը հրապարակում է Ամենայն հայոց կաթողիկոսության և պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրությունները, կոնդակներ, քարոզներ, ծանոթացնում պոլսահայ համայնքի և պատրիարքության առօրյային, արժեքավոր հոդվածներ նվիրում սրբախոսությանը (Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի մեծարանքը և հայոց միջնադարը»), պոլսահայերի պատմությանը («Իսթանպուլի առաջին հայկական եկեղեցիները և Ս. Գէորգ պատրիարքանիստ եկեղեցին»), հայրախոսական ժառանգությանը («Բան հաւատալի երկի հեղինակի խնդիրը»), բանահյուսությ անը, գեղարվեստին ևն:
«Շողակաթ»-ին աշխատակցել են Ա. Ալպոյաճյանը, Հ. Պերպերյանը, Ս. Տեր-Ներսիսյանը, Հ. Օշականը, Զ. Արշակունին, Հ. Տեր-Անդրեասյանը, Ա. Չոպանյանը, Ա. Անդրեասյանը, Հ. Ճ. Սիրունին, Զահրատը, Գ. Բամպուքճյանը, Ա. Երեմյանը և ուրիշներ:
Ավետյան Կ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am