ՇՈՂԱԿԱԹ ՎԱՆՔ Էջմիածնի, Վաղարշապատի հյուսիսային կողմում, արքունի հնձանների տեղում՝ շինված, ըստ ավանդության, Հռիփսիմյանց կույսերից ս. Մարիանեի նահատակության վայրում (կոչվել է նաև Ս. Մարիանե վանք): Գրիգոր Ա Լուսավորչի 301-ին կառուցած ս. Մարիանեի վկայարանի փոխարեն, VII դ., ինչպես և ս. Հռիփսիմեի և ս. Գայանեի գերեզմանների վրա, կառուցվել է եկեղեցի՝ երկու զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով: Եկեղեցու անունը կապվում է ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ և նշանակում է երկնքից «Լույսի շող կաթեց»: Ըստ Վաղարշապատում գրված Հայսմավուրքի հիշատակարանի, Շողակաթ վանքը 1694-ին վերակառուցել է Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը՝ շոռոթեցի Աղամալ իշխանի բարերարությամբ (ըստ եկեղեցու արմ. դռան վերևի արձանագրության): XVII դ., եկեղեցու շինարարության հետ միաժամանակ, արմ. ճակատին կից կառուցվել է սրահ՝ վրան զանգաշտարակ:
Սրահում են թաղված Նահապետ Ա Եդեսացի և Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսները: Եկեղեցու հվ. ավանդատանը գտնվում է ս. Մարիանեի տապանաքարը՝ «Սուրբ Շողակաթ» մակագրությամբ: XIX դ. Շողակաթ վանք եղել է մենաստանի եկեղեցի՝ շրջապատված բուրգերով ուժեղացված պարիսպներով: Հվ. գավիթը քանդվել է 1804-ին: Եկեղեցին 1960-ին նորոգել է Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսը: Հայ եկեղեցին ունի Շողակաթ վանքին նվիրված տոն, որը նշվում է օգոստոսի 1-ին կեսին, Վերափոխումն ս. Աստվածածնի տոնի նախընթաց շաբաթ օրը (տես Եկեղեցու տոներ):
Հասրաթյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Շահխաթունյանց Հ., Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գավառացն Արարատայ, հ.1, Էջմիածին, 1842:
Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am