ՇՈՒՇԱՆԻԿ, սուրբ Շուշանիկ (ավազանի անունը՝ Վարդենի, ծ. մոտ 409 – նահ. մոտ 475, Վրաստան, թաղվել է Տփղիսի միջնաբերդում), Հայ և Վրաց եկեղեցիներում ճանաչված ընդհանրական տոնելի սուրբ: Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը:

451-ին հաջորդած տասնամյակում Գուգարաց Աշուշա բդեշխը Պարսից արքա Հազկերտից արտոնություն է ձեռք բերել՝ գերությունից ազատելու և բդեշխության կենտրոն Ցուրտավ տանելու իր կին Անուշվռամի հարազատներին և մերձավորներին, մանավանդ՝ զոհված և գերեվարված նախարարների մանկտի ժառանգներին, որոնց մեջ էր նաև Վարդենի-Շուշանիկ.:

Շուշանիկը ամուսնացել էր Աշուշայի որդու՝ Վազգենի (Վարսքենի) հետ, որը շուտով փոխարինել է հորը և բդեշխություն ստացել: Քաղաքական նկատառումներով Վազգենն ուրացության է դիմել և, իբրև զրադաշտական, պարսկուհու հետ էլ է ամուսնացել: Շուշանիկ մերժել է հավատուրաց ամուսնուն, զրկվել նույնիսկ իր երեխաներին տեսնելու կարելիությունից և ապաշխարության մտել Ցուրտավի եկեղեցուն կից մութ ու խոնավ մի խուց: Ապարդյուն են անցել նրան ուրացության մղելու հնարանքները՝ ծեծ ու սաստ, աղերսանք ու խարդավանք, բանտարգելություն:

Շուշանիկի կրած չարչարանքները շարունակվել են վեց տարի, յոթերորդի սկզբին՝ 475-ին, նահատակվել է: Ըստ պատմիչ Ղազար Փարպեցու՝ Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության տարիներին ուրացյալ Վազգենն սպանվել է Վրաց Վախթանգ Գորգասալ թագավորի ձեռքով (482 կամ 484-ին):

Շուշանիկին վերաբերող տեղեկությունների հիմնական աղբյուրը սրբի «Վկայաբանությունն» է, որն ավանդված է հայերեն  և վրացերեն և երկու՝ ընդարձակ ու համառոտ խմբագրություններով: Այն ձևավորվել է Ցուրտավի եկեղեցում, սրբի հիշատակի օրվա տոնակատարության պահանջով՝ միաժամանակ կարդացվելով հայերեն և վրացերեն: Նախնական  խմբագրությունը, որից սերում են Անդրեաս կրոնավորի և Հակոբ երեցի մշակումները, չի պահպանվել, ուստի առկա ընդարձակ խմբագրություններն անմիջականորեն մեկը մյուսի թարգմանությունը չեն: Հակական  համառոտ խմբագրությունը սերում է հայերեն ընդարձակի՝ մեզ չհասած տարբերակից, վրացերեն համառոտը՝ թարգմանված է հայերենից: X դ. Ահարոն Վանանդեցին Շուշանիկին վերաբերող տեղեկություններ է քաղել Անդրեաս կրոնավորի երկից և «Վկայաբանության» հայ. ու վրաց. ընդարձակ խմբագրություններից:

Ուխտանեսն ու Գրիգոր Խլաթեցին օգտվել են նաև Վանանդեցու մշակումից: «Վկայաբանության» ընդարձակ խմբագրություններն իրարից անկախ լրացվել են. հայերենը քաղումներ ունի Ագաթանգեղոսից, վրացերենը՝ Թեկղեի վարքի ՝ հայերենից վրացերեն կատարված թարգմանությունից: Հայկական ընդարձակ խմբագրությունը թարգմանվել է լատ. (Պ.Պետրոս), անգլ. (Գ. Մագսուտյան), ռուս. (Ք. Տեր-Դավթյան):

Հայ եկեղեցին ս. Շուշանիկի տոնը նշում է Խաչվերացի 2-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ ս. Փեփրոնե և ս. Մարիանե կույսերի տոնի հետ:

 

                                                                                             Մուրադյան Պ.

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am