Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցի

 ՇՈՒՇԻԻ ՂԱԶԱՆՉԵՑՈՑ Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ, ԼՂՀ Շուշի քաղաքի կենտրոնում: Կառուցվել է 1868–87-ին, փոքր միանավ եկեղեցու տեղում, Նախիջևանի Ղազանչի (Շահկերտ) գյուղից Շուշի գաղթած բնակիչների միջոցներով, ճարտ. Սիմոն Տեր-Հակոբյանի նախագծով: Օծվել է 1888-ի սեպտ. 20-ին: Սրբատաշ կաթնագույն կրաքարով կառուցված Շուշիի Ղազանչեցոց Ս.Ամենափրկիչ եկեղեցին հայկական  ամենախոշոր եկեղեցիներից է (35 մ երկարությամբ, 23 մ լայնությամբ և 35 մ բարձրությամբ): Նրա արտաքուստ խաչաձև, չորս մույթերի վրա դրված բարձր գմբեթով ծավալատարած. հորինվածքում ակնհայտ է Էջմիածնի Մայր տաճարին նմանեցնելու ձգտումը:Եկեղեցում պահվել է ս. Գրիգորիսի Աջը: Դեպի արմ. շուշեցի բարերար Ա. Խանդամիրյանցի կառուցած եռահարկ զանգակատունն է, որի 2-րդ հարկի չորս անկյուններում հրեշտակների մեծադիր արձաններ են դրվել:

Եկեղեցին գործել է մինչև 1930-ը, մասամբ նորոգվել 1981–88-ին՝ վերականգնող վարպետ Վ. Բաբայանի ջանքերով: 1988-ին Շուշիից հայերին արտաքսելուց հետո ադրբեջանցիները ջարդել են զանգակատան հրեշտակների արձանները և եկեղեցին վերածել զինապահեստի:

1992-ի մայիսի 8-ին Շուշիի ազատագրումից հետո շարունակվել է եկեղեցու և զանգակատան նորոգումը, որն ավարտվել է 1998-ին: Շուշիի Ղազանչեցոց Ս.Ամենափրկիչ եկեղեցին վերաբացվել և մեծ հանդիսությամբ օծվել է 1998-ի հուլիսի 19-ին՝  Քրիստոսի Պայծառակերպության օրը:


                                                                     Հասրաթյան Մ.  

Գրականության ցանկ

 «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Բարխուդարյանց Մ., Արցախ, Բաքու, 1895: 

Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Ե., 1980:

Հասրաթյան Մ., Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Ե., 1992:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am