ՍՐԲԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, սրբախոսական գրականություն, մարտիրոսաբանություն, սրբերի, քրիստոնյա վկաների, մարտիրոսների կյանքի նկարագրություն, նրանց նվիրված խոսք: Սրբախոսության հիմնական տեսակներն են վկայաբանությունն ու վարքը (տես Վարքագրություն):

Հայկական սրբախոսական  գրականությունը (վարք, վկայաբանություն, ճառ, ներբող ևն) ավանդված է պատմիչների (Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի, Կորյուն, Փավստոս Բուզանդ, Եղիշե և ուր.) երկերով, ընդգրկված է զանազան ժողովածուներում՝ Տոնացույց, Ճառընտիր, Հայսմավուրք, ինչպես նաև հեղինակային տարբեր աշխատություններում և այլուր:

Մատենագրական պատառիկային տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ մինչև Հայսմավուրքների կազմավորումը սրբախոսություններն ընդգրկվել են նախ Տոնացույց, Ճառընտիր և այլ կարգի ժողովածուներում: Այսպես, «հարանց հայր» Սողոմոն Մաքենացու կազմած Տոնականում (747), որը Ստեփանոս արք. Օրբելյանի բնութագրմամբ՝«էր պայծառացուցիչ տոնից  տէրունական և յիշատակք մարտիրոսաց», կային շուրջ երկու տասնյակ վարքեր ու վկայաբանություններ (Մատենադարան, «Ցուցակ ձեռագրաց», 2, էջ 598): Հայոց Գևորգ Բ Գառնեցի և Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսների օրոք Ս. Ատոմաուխտի (տես Ատոմյանք) առաջնորդ Գագիկը կազմել է վկայաբանություններ պարունակող հատուկ ժողովածու (Ստեփանոս Տարոնեցի«Պատմութիւն տիեզերական», 1885, էջ 160): Թեև հայագիտությանը տակավին անծանոթ են հիշյալ հավաքածուներն իրենց սկզբնական տեսքով, բայց հավաստի է, որ այդպիսիք եղել են և լայն ճանաչում ունեցել VII–X դդ.: Եղել են նաև թարգմանական ժողովածուներ, որոնք լրացվել են Հայ եկեղեցու ճանաչած տեղական սրբերի վարքերով ու վկայաբանություններով (Ակինյան Ն., «Հովսեփ Կոստանդնուպոլսեցի՝թարգմանիչ Յայսմաւուրքի», ՀԱ, 1957, էջ 3, 10): Հունարենից, լատիներենից և ասորերենից սրբախոսական երկեր թարգմանելու, «ինչպես նաև նորերը կազրը» լրացնելու և կարգավորելու գործում մեծ ավանդ են ներդրել Գրիգոր Բ Վկայասեր, Ներսես Շնորհալի, Գրիգոր Է Անավարզեցի, Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսները, Վանական Վարդապետի (մահ. 1251) աշակերտներ Տեր Իսրայելն ու Կիրակոս Արևելցին, Հայսմավուրքի վերջին խմբագրողը՝ Գրիգոր Խլաթեցին:

Սրբախոսական գրականության ի մի բերման և հետազոտման ասպարեզում ներդրում ունեն Մ. Ավգերյանը («Լիակատար վարք և վկայաբանութիւն...», հ. 11, Յավելված, 1814, էջ 53–96), Ղ. Ալիշանը («Շնորհալի և պարագայիւր», 1873, էջ 30–32), Գ. Զարբհանալյանը («Պատմութիւն հայ դպրութեան», 1898, էջ 569) և ուր.:

Հայոց սրբախոսական գրականությունը չի սահմանափակվել ազգային Տոնացույցով ընդունելի սրբերի վարքով ու վկայաբանություններով: Միջնադարում իբրև գրական ընթերցելիք հայերեն են թարգմանվել Արլ. ու Արմ. եկեղեցիներում ու մատենագրություններում առկա շատ վարքագրական ու վկայաբանական երկեր:

Հայ առաքելական եկեղեցու կողմից պաշտոնապես սուրբ չճանաչված բազմաթիվ նահատակների վկայություններ, որոնք տեղ չեն գտել Տոնացույցում, ամփոփվել են այլ ժողովածուներում (Մանանդյան Հ., Աճառյան Հ., «Հայոց նոր վկաներ», 1903, Գալուստյան Շ., «Հայազգի սուրբեր», 1997):

                                                                  Մուրադյան  Պ.  


Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 933-934:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am