Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ստեփանոս Օրբելյան

 ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐԲԵԼՅԱՆ (1250-ական թթ., Սյունյաց Ծղուկ գավառ – 1305, ամփոփված է Ամաղուի Նորավանքի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը), պատմագիր, աստվածաբան, բանաստեղծ, կրոնական  և քաղաքական գործիչ, արքեպիսկոպոս: Սյունիքի մետրոպոլիտ 1287-ից: Օրբելյանների իշխանական  տոհմից: Հայրը Սյունիքի Իշխանաց իշխան, հայոց և վրաց աթաբեկ Տարսայիճ Օրբելյանն էր: Ստեփանոս  Օրբելյանի կենսագրական տվյալները պահպանվել են իր իսկ աշխատություններում: Մանուկ հասակում նրան որդեգրել է հորեղբայրը՝ Սյունիքի գահերեց իշխան Սմբատը: Նախնական կրթությունն ստացել է Տաթևի վանքում, որտեղ նաև երաժշտություն է սովորել վանահայր Հայրապետ եպիսկոպոսից:

1273-ից, Սմբատ Օրբելյանի մահվանից հետո, Տարսայիճ  Օրբելյանի ընտանիքը տեղափոխվել է  Վայոց ձորի իշխանանիստ Եղեգիս գյուղաքաղաքը: Ստեփանոս  Օրբելյանը ուսումը շարունակել է Ամաղուի Նորավանքի դպրոցում, դարձել դպիր, հետո՝  սարկավագ: 1280-ին Նորավանքում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Եղել է Գլաձորի համալսարանի առաջին սաներից: Սյունիքի Օրբելյանները գերագահության համար մղվող պայքարում ձգտել են իրենց տոհմի մենաշնորհը դարձնել նահանգի ոչ միայն քաղաքական իշխանությունը, այլև՝  հոգևոր նվիրապետությունը: Ուստի 1285-ին, երբ հայրը՝  Տարսայիճ Օրբելյանը, դարձել է Սյունիքի իշխան, արդեն վարդապետական  գավազան ստացած Ստեփանոս  Օրբելյանի ուղարկվել է Կիլիկյան Հայաստան՝ Հայոց կաթողիկոսից եպիսկոպոս օծվելու և Սյունյաց մետրոպոլիտ կարգվելու համար: Ստեփանոս  Օրբելյանը երեք ամիս հյուրընկալվել է Լևոն Գ թագավորի արքունիքում՝ սպասելով նոր կաթողիկոսի ընտրությանը (Հակոբ Ա Կլայեցին վախճանվել էր): Նորընտիր Հայոց կաթողիկոս Կոստանդին Բ Կատուկեցուց Հռոմկլայում ձեռն ադրվելով եպիսկոպոս և Սյունյաց մետրոպոլիտ՝ Ստեփանոս  Օրբելյանը 1287-ին վերադարձել է Սյունիք: Հոր աջակցությամբ միավորել է Սյունյաց՝ Տաթևի ու Նորավանքի առաջնորդությունների երկփեղկված թեմը և այն ենթարկել իր հոգևոր իշխանությանը՝ «մի առաջնորդ և մի իշխեցող» նշանաբանով:
1289-ին Ստեփանոս  Օրբելյանը հրավիրվել է Կիլիկյան Հայաստան՝ նոր հայրապետական ընտրություններին մասնակցելու, սակայն մերժել է Հեթում Բ թագավորի նվիրակ Ստեփանոս վրդ. Սկևռացուն, պատճառաբանելով, որ Կիլիկիայի Հայոց թագավորը հանիրավի է գահընկեց արել Կոստանդին Բ Կատուկեցուն՝ տեղի տալով կիլիկյան լատինամետ հոգևորականների և Հռոմի պապի պահանջներին: Սյունյաց վանքերն ու եկեղեցիները, նրանց սպասավորներին հարկերից ազատելու նպատակով Ստեփանոս  Օրբելյանը մոնղոլ իշխաններ (այդ ժամանակաշրջանում Հայաստանը գտնվել է մոնղոլների իշխանության տակ) Արղունից (1284–91), Քեյղաթուից (1291–95) և Ղազանից (1295–1304) ձեռք է բերել Սյունյաց հոգևոր կենտրոնների և եկեղեցականների ապահարկության վիճակը հաստատող արտոնագրեր: Սյունյաց մետրոպոլիտն իր իշխանական  ժառանգաբաժնից առատ նվիրատվություններ է կատարել Սյունյաց նահանգիգրչության և կրթական կենտրոններին, նյութապես օգնել Գլաձորի համալսարանի ստեղծմանն ու բարգավաճմանը, աջակցել դասախոսներին և ուսանողներին, իր ծախսով ընդօրինակել տվել մի շարք ձեռագրեր, այդ թվում՝ Ավետարաններ, մեկնողական, պատմական երկեր: Նպաստել է վանական կալվածատիրության ընդարձակմանը, կարգավորել Սյունյաց մետրոպոլիտության վարչատնտեսական  խնդիրները: Ստեփանոս  Օրբելյանը ծավալել է շինարարական աշխատանքներ, հիմնովին վերակառուցել Տաթևի վանքը (1297):
Ստեփանոս  Օրբելյանը եղել է Հայ եկեղեցու ուղղափառության ու ավանդության, նրա ինքնուրույնության մեծ գաղափարախոսներից ու պաշտպաններից, արևելյան վարդապետների հետ անզիջում պայքար մղել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ միավորվելու փորձերի, Հայ եկեղեցում ծիսադավանական  նորամուծությունների, կիլիկյան հայ հոգևորականության լատինամետ հոսանքի, քաղկեդոնականության դեմ: Մեծ է եղել Ստեփանոս  Օրբելյանը ի դերը երկրի եկեղեցական. և քաղաքական կյանքում: 1297-ին Ստեփանոս  Օրբելյանը հրավիրել է եկեղեցական  ժողով, որը մերժել է Հայ եկեղեցու դավանանքի ու ծեսերի մեջ նորամուծություններ անելու և Հռոմի պապի գերիշխանությունն ընդունելու՝ Գրիգոր Է Անավարզեցու պաշտոնական առաջարկը:
Ստեփանոս  Օրբելյանի եկեղեցական  և քաղաքական գործունեությունը զուգակցվել է գիտական-ստեղծագործական  բեղուն աշխատանքով: Գրել է հիմնականում պատմական և դավանական բնույթի երկեր, թղթեր: Ամենահայտնի գործը «Պատմութիւն նահանգին Սիսական» կամ  «Պատմութիւն տանն Սիսական» (1299) աշխատությունն է: Ստեփանոս  Օրբելյանի նպատակն է եղել ներկայացնել Սյունյաց աշխարհի եկեղեցական և քաղաքական ամբողջական պատմությունն ու աշխարհագրությունը: Աշխատությունը գրելու համար ուսումնասիրել է ոչ միայն հայ և օտար պատմիչների երկեր, այլև վավերագրեր՝ Հայոց թագավորների և Սյունյաց իշխանների, Հայոց կաթողիկոսների և Սյունյաց եպիսկոպոսների նամակներ, հրովարտակներ, կալվածագրեր, ընծայագրեր, վիմական արձանագրություններ: Երկի բուն նյութը, ժամանակագրական առումով, ընդգրկում է Հայոց թագավոր Տրդատ Ա-ից մինչև XIII դ. վերջի իրադարձությունները: Առավել արժեքավոր են Պատմության այն հատվածները, որոնք հեղինակը շարադրել է իբրև ականատես:
Երկում շարադրված է Սյունյաց նախարարության առաջացման, Հայաստանի կյանքում նրա խաղացած դերի, Սյունիքում քրիստոնեության տարածման, Սյունյաց եպիսկոպոսության, վանքերի հոգևոր-մշակութային, տնտեսական ևքաղաքական կյանքի, գրչության կենտրոնների, վարդապետարանների, Օրբելյան իշխանական տան պատմությունը: Ստեփանոս  Օրբելյանը կազմել և ներկայացրել է Սյունիքի նախարարների, եպիսկոպոսների, ինչպես նաև Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունները: Պատմության մեջ է Ստեփանոս  Օրբելյանը զետեղել (1986-ի հրատ-յան 69-րդ գլուխ) Գրիգոր Է Անավարզեցուն ուղղված արևելյան վարդապետների, Սյունյաց նախարարների ու հոգևորականների ստորագրությամբ վավերացված իր գրած թուղթը: Ստեփանոս  Օրբելյանը  Հայոց կաթողիկոսին խորհուրդ է տվել «անթերի պահել երեք աստվածագումար ժողովների, սուրբ Գրիգորի և նրա որդիների ու թոռների հավատքի սահմանը», ազգային-եկեղեցական  ժողովների կանոնները, հայոց ավանդություններն ու ծիսադավանական ուղղափառ սկզբունքները, հորդորել հետ կանգնել Հայ եկեղեցում նոր կարգեր ներմուծելու մտադրությունից և երբեք չհեռանալ սուրբ և առաքելական հայրերի ավանդներից: Թղթի վերջում կցել է Գրիգոր Սքանչելագործի և Աթանաս Ալեքսանդրացու դավանական գրությունները: Ստեփանոս  Օրբելյանը, մերժելով Գրիգոր Է Անավարզեցու և նրա համախոհների գործելակերպն ու լատինամետությունը, իր երկում միաժամանակ բարձր է գնահատել Ստեփանոս Սյունեցուն, Մաթուսաղային, Հովհաննես Գ Օձնեցուն, Սողոմոն Մաքենացուն և Հայ եկեղեցու շատ այլ հայրերի ու վարդապետների, ովքեր միշտ կանգնած են եղել Հայ եկեղեցու ինքնուրույնության և ավանդապահության դիրքերում:
Երկն ամբողջությամբ առաջին անգամ հրատարակել է Կ. Շահնազարյանը՝ 1859-ին, Փարիզում: Նոր ձեռագրերի համեմատությամբ ու հակիրճ ծանոթագրություններով հրատարակել է նաև Մ. Էմինը՝ Մոսկվայում, 1861-ին (ռուս.): Մ. Բրոսսեի թարգմանությամբ տպագրվել է ֆրանսերեն (հ. 1, 2, 1864, 1866), հատվածաբար՝ նաև ռուերեն  և վրացերեն:
Ստեփանոս  Օրբելյանի դավանական  բնույթի ամենահայտնի գործը «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» (1302) ծավալուն երկասիրությունն է: Բաղկացած է 12 գլուխներից կամ ձեռնարկներից, որոնք նվիրված են քաղկեդոնականների (երկաբնակների) և աղանդավորների ուսմունքների հերքումներին, Քրիստոսի բնությունների, մարմնի անապականության, Պատարագի «Երգ Երեքսրբենի» սրբասացությունում «խաչեցար»-ի  հավելման, Ս. Ծնունդն ու Մկրտությունը միասին տոնելու և ծիսական խնդիրներին: Ստեփանոս  Օրբելյանը, պաշտպանելով Հայ եկեղեցու ուղղափառ վարդապետության դարավոր ավանդները, պատասխան է տվել երկաբնակների՝ հայերին ուղղված բազմաթիվ մեղադրանքներին: Երկի երևան գալը պայմանավորված էր ծիսադավան. զիջումներ անելու կիլիկյան հոգևորականության լատինամետ դիրքորոշմանը հակահարված տալու անհրաժեշտությամբ: Աշխատությունը հակաճառություն լինելուց բացի, Հայ եկեղեցու դավանանքի, ինչպես նաև անկախության և ինքնուրույնության գաղափարի ջատագովություն է և Հայ եկեղեցու զավակներին ուղղված՝ իրենց
հավատի մեջ հաստատ մնալու, աչալուրջ լինելու, օտար ազդեցությունների տակ չնկնելու կոչ ու հորդոր: «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց»-ը ոչ միայն իր ժամանակին, այլև հետագա դարերում եղել է աղանդավորության, հատկապես քաղկեդոնականության, Կաթոլիկ եկեղեցու ոտնձգությունների և ունիթորության դեմ պայքարելու զենք: Հակաճառության վերջին՝ 12-րդ գլուխը Գրիգոր Է Անավարզեցուն ուղղված «Թուղթ վասն հաւատոյ և կարգաց եկեղեցւոյ...» գրությունն է:
Ստեփանոս  Օրբելյանի դավանական բնույթի գործերից են.
«Պատճառ ժողովոյն Քաղկեդոնի», գրել է 1302-ին, Խաչատուր Կեչառեցու խնդրանքով (հրատարակվել է «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց»-ի հետ՝ որպես այդ երկի 11-րդ գլուխ), «Տեսիլ Ս. Մեթոդի՝ եպիսկոպոսին Պատարայ և վկայի...» (թարգմանել և ընդգրկել է Պատմության մեջ՝ որպես 32-րդ գլուխ): Ստեփանոս  Օրբելյանըն իր հայրենասիրական գաղափարներն ու ձգտումներն ավելի խտացված և ընդգծված արտահայտել է «Ողբ ի սուրբ Կաթուղիկէն» բանաստեղծությունում (1299–1300, առաջին անգամ հրատարակվել է Նոր Նախիջևանում, 1790-ին): Բանաստեղծությունը գրել է Խաչատուր վրդ. Կեչառեցու հորդորով և Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմի ազդեցությամբ: Ստեփանոս  Օրբելյանն իր գաղափարներն ու մտքերն արտահայտել է դիմառնաբար: Նա Կաթողիկեի (Ս. Էջմիածնի) բերանով ողբում է Հայաստանի քաղաքական անկախության կորուստը, օտարների տիրապետությունը, երկրի անմխիթար վիճակը: Վերջում ցիրուցան եղած հայ ժողովրդին կոչ է անում վերադառնալ հայրենիք և վերակենդանացնել այն: Այստեղ բանաստեղծն արտահայտել է Հայաստանի պետական անկախության վերականգնման և հայրապետական աթոռը մայր հայրենիք վերադարձնելու գաղափարը:
 
Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 931-933:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am