Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ստեփանոս Տեր Հուսկանորդի

 ՍՏԵՓԱՆՈՍ ՏԵՐ ՀՈՒՍԿԱՆՈՐԴԻ (ծ. թ. անհտ, Արտամետ – 1251), մատենագիր, վարդապետ: Ստեփանոս Տեր  Հուսկանորդու ավագ ժամանակակիցը՝ Կիրակոս Գանձակեցին, նրան անվանել է  «այր սքանչելագործ և սուրբ»: Ուսանել է Արգելանի Ս. Աստվածածին վանքում, եղել «բանիբուն» վարդապետ, ունեցել բազմաթիվ աշակերտներ ու հետևորդներ: Աշխատություններից հայտնի են երկուսը՝ «Պատմութիւն Երկրորդ գալստեանն Քրիստոսի» և «Խրատ հաւատացելոց» (Մատենադարան, ձեռ. դդ 1520, 2190, 3070): Ստեփանոս Տեր  Հուսկանորդու մահից հետո նրա վարքը մտել է Հայսմավուրք. պահպանվել են վարքի մի քանի խմբագրություններ, որտեղ ներկայացվում է նրա ընտանիքի դժվարին ճակատագիրը, նշվում նրա անվան հետ կապված զանազան հրաշագործություններ: Մահվանից հետո նրա գերեզմանը ձեռք է բերել բուժիչ սրբավայրի հռչակ և դարձել ուխտատեղի:

Ստեփանոս Տեր  Հուսկանորդու գերեզմանի վրա XIII դ. հիմնվել է վանք և կոչվել նրա անունով՝ Ս. Ստեփանոս կամ Տեր Հուսկանորդի (տես Բերկրիի Ս. Ստեփանոս վանք):

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 930-931:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am