ՍՈՒՔԻԱՍՅԱՆՔ [նահ. Ք.ծ.հ.130 կամ 140/ 150, Բագրեվանդ գավառի Ջրաբաշխ կամ Սուկավետ (Սուքիասյան) կոչված լեռներում], նահատակների խումբ, տոնելի: Անվանումն ստացել են իրենց առաջնորդ Սուքիասի անունից, որը նկատվում է հունարեն Հյուսիքոս անվան աղավաղված ձևը և նրա մկրտության անունն է. նախկինը եղել է Բահաթրա կամ Բարաքաթրա: Պահպանվել է Սուքիասյանց վկայաբանությունը, որը համարվում է վաղ շրջանի սրբախոսական երկ: Ճառընտիրները և Հայսմավուրքները, որոնցից քաղում է նաև Հովհաննես Ե Դրասխանակերտցին, այս գրվածքը վերագրում են Անտոն գրչին: Մ. Ավգերյանը ենթադրում է, որ խոսքը Անտոն Անապատավոր Հռովմայեցու մասին է: Ըստ վկայաբանության՝ Սուքիասյանք ալանաց իշխաններ էին, Սաթենիկ թագուհու ազգակիցները, և ապրել են հայոց արքունիքում: Ոսկյանների (տես Ոսկյանք) քարոզությամբ նրանք դավանափոխ են եղել և մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով: Ոսկյանց նահատակությունից հետո արքունիքը լքած Սուքիասյանք առանձնացել են Բագրեվանդ գավառի Ջրաբաշխ լեռան ստորոտում, որը, ինչպես կարծում են, հետագայում նրանց անվամբ կոչվել է Սուկավ կամ Սուկավետ: 44 տարի անց Սուքիասյանք նահատակվել են Ալանաց թագավոր Գիգիանոսի մարդկանց ձեռքով: Վկայաբանության մեջ հանվանե հիշատակված են սրանց մկրտական անունները. Սուքիաս, Ղուկիանոս, Պողիքտես,Կոդրատոս, Անտիոքոս, Իքսորոն, Մեմնաս, Փոկաս, Սերգիոս, Դոմետիոս, Ադրանիոս, Զոսիմոս,Բիկտորիոս, Թալկիսոս, Հորդանես, Անաստաս, Թեոդորոս ևն (մոտ 60–70 հոգի): Ըստ Հայսմավուրքի՝ Գրիգոր Ա Լուսավորիչը նրանց վկայության վայրում կառուցել է եկեղեցի: VII– IX դդ. Սուքիասյանց վկայաբանությունը թարգմանվել է վրացերեն:
Հայ եկեղեցին ս. Սուքիասյանց հիշատակը տոնում է Առաջավորաց պահքին հաջորդող երեքշաբթի օրը, իսկ երբ հիշյալ օրը տոնվում է Տյառնընդառաջը՝ ս. Ատոմյանց հիշատակի հետ: Սուքիասյանց նվիրվել է շարական՝ «Շարական սրբոց Սուքիասանց, «Ստուգութեամբ տեղեկացեալ հարցանելով զմարգարէն, ով ելցէ ի լեառըն տեառն սրբութեան: Ահա տեսաք զՍուկաւետ լեառըն դիտակ և բնակարան վըկայեացն..» (Շարական, ԿՊ, 1853, Էջ 634):
Տեր-Դավթյան Ք.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 945:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am