ՍՈՒՐԲ ՀՈԳԻ Աստված, անվանվում է Աստծո Հոգի, քրիստոնեական ավանդույթի մեջ՝ Հոգի Հոր (Մատթ. 10.20), Հոգի Քրիստոսի՝ Որդու Հոգին (Գաղ. 4.6, Փիլիպ. 1.19, Ա Պետ. 1.11) և Մխիթարիչ, Ճշմարտության Հոգի (Հովհ. 14.16, 17, 26, 15.26, Գործք 2.)], Սուրբ Երրորդության երեք Անձերից մեկը: Ի մի բերելով արևելաքրիստոնեական ավանդույթը՝ Վարդան Արևելցին Ծննդոց գրքի մեկնության մեջ (մեկնաբանելով «եվ Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա» խոսքը, 1.2) Սուրբ Հոգին համարել է խորհրդապատկերը Մկրտության սուրբ ավազանի՝ «Նրանց համար, ովքեր ծնվում են ջրից և հոգուց՝ որդեգրվելով երկնավոր Հորը, հրավիրված լինելով երկնքի արքայութան մեջ» (Մատենադարան, ձեռ. դ 1267, թերթ 8ա): Սուրբ Հոգու անմիջական թելադրանքով, նրա վերբանական և գերբնական ներկայությամբ է շարադրված Աստվածաշունչը, որի անվան ստուգաբանությունն իսկ (Աստծոշնչով, Հոգով գրված) ինքնին մատնանշում է նրա աստվածային հեղինակին՝ Սուրբ Հոգուն:
Սակայն ովքեր հայհոյում են կամ փորձում են խաբել Սուրբ Հոգուն, նրանք չարաչար պատժվում են ինչպես այս կյանքում, այնպես էլ՝ հանդերձյալում (Մատթ. 12.31–32, Մարկ. 3.28–29, Գործք 5.1–10): Սուրբ Հոգին իբրև Մխիթարիչ ուղարկված է Քրիստոսի կողմից և վկայում է Քրիստոսի մասին (Հովհ. 15.26, 14.16, 26): Տիրոջ Մկրտության ժամանակ աղավնակերպ Սուրբ Հոգու ներկայությունն (Մատթ. 3.16) ինքնին հաստատում է Հիսուս Քրիստոսի Աստվածությունն ու Քահանայական, Արքայական, Մարգարեական պաշտոնը և վկայում նրա համաբնույթ լինելը Սուրբ Երրորդության մյուս Անձերի հետ:
Սուրբ Հոգու գործունեությունը նոր մակարդակով է ի հայտ գալիս Հոգեգալստյան պահին, երբ նա «հողմից եկած ձայնի նման» կրակե լեզուների կերպարանքով իջնում է Վերնատան մեջ նստած առաքյալների վրա, որոնք այդ պահին սկսում են խոսել տարբեր լեզուներով (Գործք 2.3–4): Հոգեգալստյան պահին հողմի ձայնը գալիս էր ոչ թե անորոշ կողմից, այլ՝ երկնքից, քանզի այնտեղ էր գնացել Տերը, և այնտեղից էլ պետք է «իջներ Հոգին, որ Աստված է»:
Սուրբ Հոգու իջնելով՝ հիմքն է դրվում քրիստոնեական ս. Եկեղեցու, որտեղ Սուրբ Հոգին. հանդես է գալիս առավել կատարյալ կերպով՝ իր պաշտոնի լիալիր գործադրմամբ:
Հիմնվելով Աստվածաշնչի վրա (Մատթ.28.19, Ա Կորնթ. 2.10–11, 12.8, Բ Կորնթ. 3.17,
Ա Հովհ. 3.24)՝ քրիստոնեական աստվածաբանությունը տակավին իր զարգացման արշալույսին (III–IV դդ.) հիմնակարգում է երրորդաբանական այն գլխավոր տեսակետը, ըստ որի Սուրբ Երրորդության երեք Անձերը՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին իրենց գործունեության առանձնահատկությամբ տարբեր են, սակայն բնույթով նույնն են իբրև մեկ Աստվածություն: Անձերի նույնաբնույթ (կամ՝ համաբնույթ) լինելն ինքնին ցույց է տալիս նրանց հավասարապատիվ և փառավորակից լինելը: Այստեղից էլ բխում է Սուրբ Հոգու՝ Հոր և Որդու նկատմամբ ունեցած այն հարաբերությունը, որ հայտնի է «համագոյություն» անունով: Իբրև երրորդաբանական հայտնություն այն որդեգրվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովի (325) կողմից և ունեցել հույժ կարևոր դեր Սուրբ Հոգու աստվածաբանության հաստատագրման ընթացքում: Շնորհիվ այս վարդապետության եկեղեցին հակահարված է հասցրել աստիճանակարգային (սուբորդինացիոն) այն գաղափարներին, որոնց հետամուտ էր հունական իմաստասիրության քննաբանական (ռացիոնալիստական) մտածողությունը տակավին չթոթափած եկեղեցականների մի ստվար մասը: Սրանց պարագլուխ Արիոսը (տես Արիոսականություն) Որդուն և Սուրբ Հոգուն համարել է արարածներ (որոնք, անշուշտ, բարձր էին կանգնած ստորին կարգի եղական էակներից): Սուրբ Հոգուն Աստվածության նկատմամբ ստորադաս էակ է համարել Մակեդոնը (տես Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381):
Աստվածաբանական միտքը Նիկիայի և Կ. Պոլսի տիեզերաժողովների միջոցով, հանձին Աթանաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու և եկեղեցու այլ հայրերի, պայքար է ծավալել հերձվածների դեմ՝ հաստատելով Սուրբ Հոգու Աստվածությունն ու, իբրև համաբնույթ իրողություն, նրա՝ Հորից բխած լինելը (Հովհ. 15.26):
Հայտնությամբ (Աստվածաշունչ) և ավանդությամբ (երեք տիեզերաժողովների որոշումներ) առաջնորդվող Հայ եկեղեցու աստվածաբանության համաձայն, Սուրբ Հոգու Հայր Աստծո կամքի իրագործողն է և Որդի Աստծո գործունեության ներքին կազմակերպողը: Նա Սուրբ Երրորդության իրավահավասար անդամներից մեկն է, Հոր և Որդու նման Անձնավորություն: Լինելով Աստվածության Անձերից մեկը՝ Աստծո Հոգին պատշաճորեն «Սուրբ» ստորոգելին է կրում, որով նա տարբերվում է ադամորդիների հոգիներից: Սուրբ Հոգու գործունեության նպատակն Աստծո արքայության ստեղծումն է յուրաքանչյուր անհատի մեջ և սրա շնորհիվ նրա վերածումն Աստծո տաճարի: Սուրբ Հոգու անձնավորական գործունեության տարածքն անհատ եկեղեցին (հավատացյալը) և հավաքական եկեղեցին (հավատացյալների խումբ) է: Ինչպես Սուրբ Հոգին, այնպես էլ Որդին Մխիթարիչ է, սակայն Սուրբ Հոգին ուղարկված է հանուն Որդու, նրա զոհագործության միջոցով, որպեսզի վկայի նրա մասին: Ավետարանում Որդին և Հոգին ներկայանում են որպես աշխարհ ուղարկված երկու աստվածային դեմքեր: Նրանցից առաջինը ուղարկված է, որպեսզի միավորվի մարդկային բնությանը և առողջացնի այն, իսկ երկրորդը՝ որպեսզի վերակենդանացնի մարդու անձն. ազատությունը: Այս իրողությամբ հանդերձ Որդին և Սուրբ Հոգին (համաբնույթ լինելով Հորը) անդրանցական հարաբերության մեջ են աշխարհի նկատմամբ: Աստվածաբան. այս կանխադրույթներն են ընկած Հայ եկեղեցու Հավատո հանգանակի հիմքում. «Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն, որպես անեղծ և կատարյալ, որ խոսեց Օրենքների, Մարգարեների և Ավետարանների մեջ, որ իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալներին և բնակվեց սրբերի մեջ»: «Նրան դավանում ենք անեղ ու կատարյալ,– ասում է Ներսես Լամբրոնացին,– «անեղ», որովհետև անճառելի կերպով բխում է Հորից. «անեղ» լինելը հայտնի է նրանից, որ Ինքը արարածների արարիչ է, այդ պատճառով նրան խոստովանում ենք Հոր և Որդու արարչակից»: Հոր, Որդու և Սուրբ Հոգու այս հարաբերությունն է պարզաբանում Հովհաննես Սարկավագը «Յաղագս նշանակի հաւատոյ նիկի ականն ՅԺԸ-իցն» երկում, որտեղ, մեկնաբանելով Քրիստոսի «Եվ ահա ես ուղարկում եմ ձեզ իմ Հոր խոստումը, իսկ Դուք նստեցե’ք Երուսաղեմ քաղաքում մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք» խոսքը (Ղուկ.24.49), գրում է. «Եթե Քրիստոս Աստծո զորութունն է և նրա ավետիսն էլ՝ Որդու Հոգին, ապա աներկբա է, որ Հոր և Որդու բնությունը նույնական է Սուրբ Հոգու բնությանը: Եվ եթե այսպես է, ապա նա կատարելապես ունի Աստվածության էություն և պատիվ...»: Բխելով Հորից՝ Սուրբ Հոգին չի դադարում Աստված լինել. «Քանզի Հայրը ծնեց Որդուն և ծնվելով չփոխեց իր բնությունը և ոչ էլ ընկավ Աստվածությունից: Նմանապես և Սուրբ Հոգին, որ դուրս է գալիս Հորից, բաժանված է անձնավորությամբ, սակայն բաժանված չէ բնությամբ կամ Աստվածությամբ»: Ըստ Հայ և Արևելյան ուղղափառ եկեղեցիների դավանության՝ Սուրբ Հոգին բխում է Հայր Աստծուց, չնդունելով «եւ Որդւոյ» հավելվածը՝ բխման վարդապետության մեջ, ի տարբերություն Կաթոլիկ եկեղեցու:
Սուրբ Հոգու մասնավոր ֆունկցիան, ներունակ գործունեությունը շնորհաբաշխությունն է:
Հայ, և ոչ միայն հայ, վաղմիջնադարյան աստվածաբանության մեջ կարգորոշված է Սուրբ Հոգու 7 և 9 շնորհ: Սուրբ Հոգու 7 շնորհներն են՝ իմաստությունը, բանականությունը, խորհրդազգացությունը, հզորությունը, գիտությունը, բարեպաշտությունը, աստվածավախությունը: Հենվելով Ա Կորնթ. 12.1–11-ի վրա՝ հայ աստվածաբանները, ըստ հոգու երեք կարողության՝ մտքի, կամքի և զգայության, հայտանշում են Սուրբ Հոգու 9 շնորհներ. ա. վարդապետական, որ ներառում է իմաստությունը, ճանաչողությունը և հոգիների ընտրությունը, բ. ավետարանչական, որի մեջ մտնում են հավատքը, բժշկությունը, հրաշագործությունը, գ. հոգեկրական, որն ընդգրկում է մարգարեությունը, լեզվախոսությունը, թարգմանությունը: Սուրբ Հոգու շնորհները բազմաբնույթ ու բազմաբովանդակ են, սակայն նրանց նպատակը մեկն է՝ մարդու եկեղեցագործումն ու փրկությունը:
Առաջնորդվելով հայրախոսական ժառանգության դասական ավանդներով՝ հայ միջնադարյան հեղինակները Սուրբ Հոգու աստվածաբանական բովանդակությունը բացատրող շատ ճառեր և քարոզներ են հորինել: Հայ միջնադարի գեղագիտական միտքը նմանապես բազում երկեր է նվիրել Սուրբ Հոգուն: Հայտնի են Հոգեգալստյանը նվիրված շարականները, որոնք հորինել են Մովսես Խորենացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Է Անավարզեցին և ուր.: Հռետորական բարձր շնչով է գրված Ներսես Լամբրոնացու «Ներբող ի Գալուստ ամենասուրբ Հոգւոյն Աստուծոյ» երկը, որտեղ ոչ միայն տարփողվում, այլև աստվածաբանորեն արժեքավորվում են Սուրբ Հոգու շնորհները: Սուրբ Հոգին պանծացվում է Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Հովհաննես Երզնկացու, Ստեփանոս Թոխաթեցու և այլոց տաղերում ու գանձերում: Հայ միջնադարյան մանրանկարչության մեջ Սուրբ Հոգին պատկերվում է գլխավորաբար «Մկրտության» հորինվածքում (Մատթ. 3.16, Մարկ. 1.10, Ղուկ. 3.22)՝ համաձայն եկեղեցու հայրերի սահմանած կանոնական միօրինակության: Այստեղ Սուրբ Հոգին սովորաբար պատկերվում է աղավնու կերպարանքով, հաճախ էլ ներկայացվում Աստծո օրհնող Աջի տեսքով: Անանիա Սանահնեցին, Վանական Վարդապետը, Գրիգոր Տաթևացին և ուր. իրենց դավանաբանական աշխատություններում, հենվելով Աստվածաշնչի վրա (Ղուկ. 11.20), արձանագրում են, որ այստեղ հիշատակված «Աստծո մատը» ակնարկում է Սուրբ Հոգուն:
Քյոսեյան Հ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 940-942:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am