ՍՈՒՐԲԵՐ Հայստանյայց առաքելական եկեղեցու, եկեղեցու կողմից սուրբ ճանաչված անձինք՝ մարգարեներ, առաքյալներ, մարտիրոսներ, քարոզիչներ, վկաներ, ճգնավորներ, նահատակներ, աստվածաբաններ, եկեղեցու հայրեր և առհասարակ Սուրբ Հոգով մկրտված սրբակյաց հավատացյալներ, որ անվ անվում են նաև «Աստծո ժողովուրդ»«Աստծո բանակ»,  «Հիսուս Քրիստոսի զինվորներ» ևն:

Հայաստանյայց եկեղեցին, իբրև անբաժան մասը Ընդհանրական եկեղեցու, իր պաշտամունքի մեջ հատուկ տեղ է տվել սուրբին՝ որպես լույսի սյուների, հավատքի առաջնորդների և օրինակելի աղոթանվեր հավատացյալների, որոնց աղոթքն ունի միջնորդական-բարեխոսական նշանակություն: Սուրբերի Սուրբը և սրբության աղբյուրը թեև Աստվածն է (Ս. Հայր Աստված, Ս. Որդի Աստված և Ս. Հոգի Աստված), սակայն Աստծո միջոցով սրբացված անձինք ևս քույր եկեղեցիների կողմից հռչակվել են սուրբեր, մուծվել եկեղեցական Տոնացույցի մեջ՝ որպես տոնելիներ կամ հիշատակելիներ (ընդ որում, որոշ եկեղեցիներ առավել ազատ և արդիական են նոր սուրբ  հռչակելիս, ինչպես՝ Կաթոլիկ եկեղեցին, որոշ եկեղեցիներ էլ՝ առավել պահպանողական, ինչպես՝ Հայ եկեղեցին, որ XV դարից ի վեր նոր սուրբ չի ճանաչել): Հայ եկեղեցին, սրբացման կամ սրբադասման հարցում առավելապես հետևել և հետևում է համահայկ-համաժողովրդական ընկալմանը՝ որպես սուրբ  ընդունելով նաև եկեղեցական Տոնացույցի մեջ չմուծված բազում քրիստոնյաների, որոնք հաճախ կյանքովու արյունով են սրբագործել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի և հայոց դավանանքի հանդեպ: Հայ եկեղեցական Տոնացույցի բարեկարգման և նոր սուրբերիի ընդունման հարցով եղել են Թ. Գուշակյանի, Մ. Օրմանյանի, Բ. Կյուլեսերյանի, Վ. Հացունու առաջարկությունները.

ա. ընտրել այնպիսի սուրբեր, որոնք ընդհանրական և տոնելի են Ընդհանրական եկեղեցու կողմից, բ. հավելել հայազգի սուրբեր, ս. Սանդուխտի հետ՝ Սամուել իշխանին ու Զարմանդուխտ իշխանուհուն, Բարդուղիմեոս առաքյալի հետ՝Տերենտիոս հայրապետին և Ոգուհի արքայաքրոջը, Թադեոս առաքյալի աշակերտներից՝ ս. Եղիշեին, նախալուսավորչական հայրապետներին, ս. Վաչե Մամիկոնյանին, ս. Շուշանիկին, ս. Ատոմյանց ևն, գ. հավելել հայոց նոր վկաներ՝ Խոսրով Գանձակեցուց (նահ. 1167) մինչև Սայաթ-Նովա (նահ. 1795), ապա նաև Մեծ եղեռնին զոհ գնացած սուրբեր ընտրողաբար:

Նախապես Ընդհանրական եկեղեցին «սրբության» մակդիրով պատվել է Աստվածամորը, սրբակյաց ճգնավորներին և առհասարակ նրանց, ում հիշատակին կառուցվել էին վկայարան, մատուռ և հաստատվել ուխտագնացության օրեր: Հետագայում  «սրբացումի» իրավունքն ստանձնել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին. պաշտոնական սրբացման առաջին դեպքն է ճանաչվում Սինոդի 993-ի որոշումը, որի հիման վրա Հովհաննես XV պապը արտոնել է տոնել իր ժամանակակից գերմանացի եպիսկոպոս Ուլրիխ Աուսբուրգցու հիշատակը՝ որպես սրբի և հրաշագործի: Այնուհետև Կաթոլիկ եկեղեցին մի շարք այլ որոշումներով կանոնակարգել է նոր սուրբի կամ երանելին երի պաշտոնական ճանաչման հարցը: Հայ առաքելական եկեղեցին ցայսօր անփոփոխ տոնակատարում է իր 63 հայ սուրբի հիշատակը. նրանք են (ըստ դարերի)՝ I դ.՝ Սանդուխտ կույս, Ադդե հայրապետ, Աբգար թագավոր, II դ.՝ Ոսկյանք քահանաներ, Սուքիասյանք, IV դ.՝ Գրիգոր Ա Լուսավորիչ (որ տոնում է նաև համայն Տիեզերական եկեղեցին), Հռիփսիմե, Նունե, Մանե (առհասարակ՝ Հռիփսիմյանց կույսեր և Գայանյանց կույսեր), Արիստակես Ա Պարթև, Վրթանես Ա Պարթև,Գրիգորիս, Հուսիկ Ա Պարթև, Դանիել Քորեպիսկոպոս, Ներսես Ա Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Տրդատ Գ Մեծ, Աշխեն, Խոսրովիդուխտ, Անտոն, Կրոնիդես, Ստեփանոս Ուլնեցի և ընկերներ, V դ.՝ Հովսեփ Ա Հողոցմեցի, Սահակ Ա Պարթև, Թաթիկ եպիսկոպոս, Ղևոնդ Երեց, Մուշե Երեց, Արշեն Երեց, Սամուել Երեց, Աբրահամ Երեց, Խորեն Երեց, Քաջաջ Սարկավագ,Աբրահամ Սարկավագ, Եղիշե, Մովսես Քերթող, Դավիթ Անհաղթ, Ատոմ զորավար իր գնդերով (Ատոմյանք), Մանաճիհր զորավար իր գնդերով, Վարդանանք, Թաթուլ, Թումաս, Շուշան, VI–VII դդ.՝ Յոթը խոտաճարակներ, VI դ.՝ Գրիգորիս Ռաժիկ, Աստվածատուր Մախոժ, VIII դ.՝ Դավիթ Դվնեցի, Վահան Գողթնացի, Սահակ Արծրունի, Համազասպ Արծրունի, Հովհաննես Գ Օձնեցի, IX դ.՝ Սահակ Կարնեցի, Հովսեփ Կարնեցի, X դ.՝ Գրիգոր Նարեկացի, XI դ.՝ Ներսես Շնորհալի, Գոհարինոս, Ռատիկոս, Ծամինդոս, Տուքիկոս (տես Գոհարինյանք), XIV դ.՝ Հովհան Որոտնեցի, XV դ.՝ Գրիգոր Տաթևացի:

Հայ եկեղեցու հիշատակելի սուրբերի հնագույն շերտը Աստվածաշնչյան Սուրբեր  են՝ նախահայրեր ու մարգարեներ՝ Ադամ, Աբել, Սեթ, Ենովք, Նոյ, Մելքիսեդեկ, Հակոբ, Աբրահամ, Մովսես, Սամուել, Գեդեոն, Միքիա, Հովել, Հոբ, Դավիթ, Եղիա, Եղիսե, Եսայի, Դանիել, Զաքարիա, Երեմիա, Եզեկիել, Մաղաքիա ևն, ապա՝ Մարիամ Աստվածածինը, Հովհաննես Մկրտիչը, տասներկու առաքյալները, չորս ավետարանիչները, հրեշտակապետները՝ Գաբրիել, Միքայել և ողջ Երկնային զորքը, Հիսուսի յոթանասուներկու աշակերտները ևն (տես նաև Տոներ հոդվածը): Ի թիվս Սուրբերի հիշատակի, նշվում են նաև Աստվածաշնչյան սրբությունները և խորհուրդները, ինչպես, օր., Ուխտի տապանակը (Տոն Տապանակի):

Մյուս տոնելի խումբը քույր եկեղեցիների հետևյալ սուրբեր են (ոչ հայ սուրբեր) ըստ եկեղեցիների. Անտիոքի եկեղեցի՝ Իգնատիոս Աստվածազգյաց հայրապետ, Քրիստինե կույս, Բարաղամ Ծերունի, Բաբելուս եպիսկոպոս և աշակերտներ, Մելիտոս հայրապետ Անտիոքի, Ղունկիանոս քահանա, Կյուրեղ սարկավագ, Թեոդորիտոս քահանա, Ռոմանոս Երգեցող, Արտեմիոս Զինավոր (ընդամենը՝ 19 Ս.), Կիլիկիո եկեղեցի՝ Կալինիկոս վկա, Անդրոնիկոս վկա ևն (ընդամենը՝ 8 սուրբ), Միջագետքի եկեղեցի՝ Պարսամ եպիսկոպոս, Հակոբ Մծբնացի, Եփրեմ Ասորի Խուրի, Սարգիս Զինավոր և ուրիշներ (ընդամենը՝ 10 սուրբ), Երուսաղեմի եկեղեցի՝ Կյուրեղ Երուսաղեմացի, Հուդա-Կյուրեղ եպիսկոպոս, Աննա (մայր Հուդա-Կյուրեղի), Բարուլա՝ Խոստովանող Մանուկ ևն (ընդամենը՝ 6 սուրբ), Կիպրոսի եկեղեցի՝ Եպիփան Կիպրացի (1 սուրբ), Ալեքսանդրիայի եկեղեցի՝ Եվգինե կույս, նաև նրա հայրը՝ Փիլիպպոս, մայրը՝ Կղոդիա, եղբայրները՝ Սերգիոս և Ապիտոն, Աթանաս Ալեքսանդրացի, Կյուրեղ Աղեքսանդրացի և ուր. (ընդամենը՝ 37 Ս.), Եթովպիո եկեղեցի՝ Խարիթյանք կամ Արեթյան վկաներ (1 խումբ), Կեսարիայի եկեղեցի՝ Գրիգոր Նյուսացի, Բարսեղ Կեսարացի ևն (ընդամենը՝ 10 սուրբ), Սեբաստիո եկեղեցի՝ Գրիգոր Սքանչելագործ, Աթանագինես եպիսկոպոս, Քառասուն Մանկունք, Թեոդորոս Զինավոր ևն (ընդամենը՝ 13 սուրբ), Լիկայոնիո եկեղեցի՝ Տրիփոն վկա, Թեոդիտե վկայուհի և երեք որդիք, Կիրակոս Մանուկ (ընդամենը՝ 6 սուրբ), Պոնտոսի եկեղեցի՝ 5 սուրբ, Եփեսոսի եկեղեցի՝ 7 սուրբ (ընդ որում, ամենուրեք, 1 սուրբ է հաշվվում նաև Սուրբերի 1 խումբը), Կ. Պոլսո եկեղեցի՝ Գրիգոր Նազիանզացի, Հովհան Ոսկեբերան ևն (ընդամենը՝ 12 սուրբ), Թեսալիո եկեղեցի՝ 3 սուրբ, Գաղատիո եկեղեցի՝ Կղեմես հայրապետ, Վառվառե կույս ևն (ընդամենը՝ 6 սուրբ), Բյութանիո եկեղեցի՝ Կոդրատիոս վկա, Գևորգ Զորավար (ս. Գևորգ), Հուլիանե կույս ևն (ընդամենը՝ 24 Ս.), Հռոմի եկեղեցի՝ Բագարատ եպիսկոպոս, Պիստիս՝ դուստր Սոփիայի, Էլպիս՝ դուստր Սոփիայի, Ստեփանոս հայրապետ ևն (ընդամենը՝ 15 սուրբ), Աֆրիկյան եկեղեցի՝ Կիպրիանոս եպիսկոպոս և Հուստիանե կույս, Պարսից եկեղեցի՝ Մարկոս եպիսկոպոս, Սարգիս Զորավար (ս. Սարգիս), Մարտիրոս՝ որդի Սարգսի, Որմզդան վկա ևն (ընդամենը՝ 16 սուրբ.): Տես նաև Եկեղեցու հայրեր:

Սուրբերի հոծ բազմություն են կազմում նաև նոր վկաները, որոնք թեև չեն անցել եկեղեական օրացույցի մեջ, սակայն նշվում են տարբեր ժողովածուներում՝ Ճաշոց, Հայսմավուրք, Տոնացույց, Տոնապատճառ ևն, առկա են սրբախոսական գրականության մեջ (Վկայաբանություն, Վարքագրություն, Ճառ, Ներբող) և տարբեր աշխատություններում՝ Մ. Չամչյանի «Հայոց պատմության» և Մ. Օրմանյանի «Ազգապատումի» մեջ և այլուր:

                                                 Մեսրոպ արք. Աչճյան

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 942-944:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am