ՍՈՒՐԽԱԹԻ Ս. ԽԱՉ ՎԱՆՔ, Ղրիմի ԻՀ (Ուկրաինա) Ստարի Կրիմ քաղաքի մոտ, անտառապատ լեռան լանջին: Ըստ չափածո շին. արձանագրության, վանքի Ս. Նշան եկեղեցին 1338-ին կառուցել են Հովհաննես կրոնավորը և նրա եղբայրները: Եկեղեցին ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում կիսաշրջանաձև խորաններով ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք, ինչը բնորոշ է Հայաստանի X–XIII դդ. վանքերի եկեղեցիների ճարտարապետությանը: XVI դ. եկեղեցուն արմ-ից կցել են մեկ զույգ մույթերով եռանավ, թաղածածկ գավիթ և համալիրի ներքին բակի արմ. կողմում կառուցել խոշոր խոհանոցով սեղանատուն: Գավթի պատերի և մույթերի շարվածքում ագուցված են խաչքարեր,որոնցից ամենավաղը թվագրվում է 1551: XIV–XVII դդ. Սուրխաթի. Ս. Խաչ վանքը հայտնի է եղել իր դպրոցով, գրչատնով, կրթված միաբաններով, որոնք զգալի դեր են կատարել Ղրիմի հայ գաղութի հոգևոր-մշակութային կյանքում:
Հասրաթյան Մ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 944-945:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am