ՏԱԹԵՎԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԸ գործել է Տաթևի համալսարանում: Շարունակել է Գլաձորի դպրոցի ավանդույթները, բայց դրանք հարստացրել ավելի մոնումենտալ ոճով (Գրիգոր Տաթևացու և նրա աշակերտի մանրանկարները 1378-ին ծաղկած 1297-ի Ավետարան, Մատենադարան, ձեռ.դ 7482), կիրառել հայ քանդակագործության ու մանրանկարչության մեջ գործածված ամենապարզ զարդաձևեր, միաժամանակ զարգացրել այնպիսի ազատ գունադեկորատիվ լուծումներ (գրիչ՝ Գրիգոր, Մատենադարան, ձեռ. դ 6305), որոնք մոտենում են XIV–XV դդ. մահմեդական արվեստում նմանատիպ գունադեկորատիվ որոնումներին: Քրիստոնեական կանոնական պատկերագրության մեջ մտնում են մոտիվներ, որոնք վերցված են կենդանի իրականությունից, ինչպես N 7482-ի ձեռագրի «Ծննդյան» պատկերում ընկողմանած Աստվածամոր ձեռքի խնձորը՝ իբրև կուսության և պտղաբերության նշան: Մատենադարանի N 6305 ձեռագրում սուրբ ձիավորների պատկերները հնագույն մի ավանդույթի վերականգնումն էր (Լմբատավանքի, Կարմրավորի VII դ. որմնանկարների բեկորները):
Ղազարյան Վ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am