ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ. Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք գավառում (այժմ՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում), Աղավնո գետի աջ ափին, Տաթևի վանքին հարկատու Ծիծառնուվանք գյուղի եզրին: Ծիծեռնավանքի միաբան Ստեփանոս վանականը որպես վկա ստորագրել է 844-ին Սյունյաց իշխան Փիլիպեի՝ Տաթևի վանքին իր հայրենի Տաթև գյուղը նվիրելու թուղթը:

Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Ծիծեռնավանք դասել է 13-րդ դարի Սյունյաց նշանավոր վանքերի թվին: 1655-ին Նախիջևանի Գողթն գավառի Սուրբ Խաչ վանքի վանահայր, եպիսկոպոս, գրահրատարակիչ Թովմա Վանանդեցին Հայաստանի հռչակավոր սրբավայրերին նվիրած իր չափածո ներբողում հիշատակում է Ծիծեռնավանք՝ որպես «մեծ անցյալ» ունեցող: Ծիծեռնավանք բարգավաճել է 17-18-րդ դարերում, երբ կառուցվել են պարիսպը՝ կամարակապ մեծ դարպասով (1633), հարավ կողմում՝ սեղանատունը, նորոգվել եկեղեցին (1779): Մինչև 20-րդ դար եղել է գործող վանք (պատկանել է Տաթևի վանքի թեմին՝ «Ծիծեռնակու սուրբ վանք» անունով) և մեծ ուխտատեղի, որտեղ Համբարձման և Սուրբ Խաչի տոներին ողջ Սյունիքից բազմահազար ուխտավորներ են այցելել:

Ծիծեռնավանքի եկեղեցին իր առանձնահատկություններով և ինքնատիպ հարդարանքով վաղ միջնադարի հայկական ճարտարապետության կարևորագույն կառույցներից է: Եռանավ բազիլիկ է՝ ուղղանկյուն հատակագծով, չորս զույգ մույթերով, շենքի ծավալում արտաքուստ շեշտված միջին նավով, և հայկական նույնատիպ կառույցների միակ կանգուն և լավ պահպանված օրինակն է: Բազիլիկն ունեցել է մի քանի շինարարական փուլեր, որոնցից առաջինն արտաքին պատերի ստորին՝ սրբատաշ բազալտով (7–8 շարք բարձրությամբ) մասն է՝ կառուցված 4-րդ դարին (կամ ավելի վաղ կա տեսակետ, որ ծիծեռնավանք եղել է եկեղեցու վերափոխված հեթանոսական տաճար): 5-7-րդ դարերում հաջորդաբար ավելացվել են պատերի՝ ֆելզիտով վերնամասը, ավանդատները և պայտաձև խորանը՝ սյունազարդ վերնահարկով (բացառիկ է հայկական եկեղեցիներում), փայտե սյուների փոխարեն՝ կամարաշարերը: Ծիծեռնավանքի բազիլիկի կարևոր առանձնահատկություններն են արևմտյան ճակատում մուտք չունենալը (որը հատուկ է հեթանոսական տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին), խորանի վերևի կամարակապ սրահը (եզակի է հայկական ճարտարապետության մեջ), բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը և այլն: Ի տարբերություն զուսպ արտաքին ճակատների (լուսամուտների երեսակալներ, շրջանագծի մեջ ներառված հավասարաթև խաչեր), ներսը վաղ միջնադարի հայկական արվեստին հատուկ հարուստ հարդարանք ունի: Մույթերը զարդարված են շախմատաձև ու երկշարք ատամիկներով, ալիքաձև ու պարանահյուս, օձակերպ քանդակներով, ուղղանկյան մեջ ներգծված ութճառագայթանի աստղերով (հանդիպում է հատկապես 5-րդ դարին 2-րդ կեսում՝ Տեկոր, Երերույք, Փարպի, Ամարաս): Հյուսիս պատին պահպանվել է որմնանկարի մի հատված՝ ողջ հասակով կանգնած երկու սրբերի պատկերով: Բազիլիկի հարդարանքում կարմիր են ներկված որոշ վարդյակներ ումույթերի խոյակներ:

 

 

Աղբյուրը՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am