ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆ առավել նշանավոր է եղել XIII–XV դդ.: Այդ շրջանում այն խիստ ինքնատիպ էր իր պահպանողական բնույթով, յուրահատուկ հնավանդ պատկերագրական, հորինվածքային ու կերպարային ձևերով, որոնք ավելի շատ հիշեցնում էին մերձավոր-արլ. և հայկական վաղքրիստոնեական արվեստը, քան ժամանակի բյուզանդական կամ հայկական դպրոցները: Միաժամանակ պահել է մի վիպական ոգի, որ հատուկ էր X–XI դդ. Փոքր Հայքի, Մալաթիայի, 1038-ի Ավետարանի և «Վեհափառի Ավետարան»-ի մանրանկարների ոգուն, Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու զարդագոտիների ռելիեֆներին: Մյուս կողմից Վասպուրականի մանրանկարչությունն իր բազմազանությամբ, գրչակենտրոններով ու դպրոցներով (Աղթամարի, Արճեշի, Արծկեի, Աղբակի, Բերկրիի, Խիզանի, Վարագի, Մեծոփի, Վանի, Նարեկի, Լիմի ևն) և մանրանկարիչների արվեստի խոր անհատականությամբ (Զաքարիա Աղթամարցի, Սիմեոն Արճիշեցի, Հովհաննես Խիզանցի, Կիրակոս Աղբակեցի, Ծերուն, Ռստակես, Վարդան Արծկեցի, Գրիգոր Խլաթեցի, Ստեփանոս և ուր.) այնքանբ էլ մեկուսացած չի եղել և իր ստեղծագործությունների «արխաիկ» բնույթով զուգորդվել է պատմաաշխարհագրական մեծ տարածքի հետ (Եգիպտոս, Ասորիք, Կապադովկիա, իռլանդա-իսպանական ազդեցությամբ արևմտաեվրոպական ամենաբազմապիսի ձեռագրեր ևն): 1113-ին ստեղծված Աղթամարի հակաթոռ կաթողիկոսությունն իր կնիքն է դրել Վասպուրականի մանրանկարչության պահպանողական ոգու վրա: Եթե Կիլիկյան Հայաստանում և Գլաձորում պատվիրատուները հիմնականում բարձրաստիճան հոգևորականներն էին, թագավորները, թագուհիները, արքաեղբայրները և արքայորդիները, ապա Վասպուրականում՝ քահանաները, աբեղաները, տանուտերերը, առևտրականները, արհեստավորները: Այդ պատճառով ձեռագրերն ավելի համեստ են՝ հիմնականում թղթից, նկարները՝ գծով և ջրաներկագուաշային թեթևակի մշակումով: Որոշ ձեռագրերում գույնիզարմանալի պայծառությունն ու թափանցիկությունը, գծային անսպառ երևակայությունը, գործող անձանց և պատկերված առարկաների վրա մակագրությունների առատությունը, գծային կորերով առարկաների և բնապատկերի յուրահատուկ հիերոգլիֆային ընկալումը Վասպուրականի դպրոցը դարձրել են հմայիչ և յուրովի գեղագիտական: Գողթն գավառը նույնպես գործել է Վասպուրականի դպրոցի ազդեցության դաշտում:
Վասպուրականի մանրանկարչության դպրոցի լավագույն ստեղծագործություններից են Մատենադարանի 1294-ի ձեռ. N 4814, 1305-ի ձեռ. N 2744, 1306-ի ձեռ. N 4806, 1338-ի ձեռ. N 4813, Կիրակոս Աղբակեցու 1330-ի ձեռ.N 2929, Զաքարիա Աղթամարցու 1357-ի ձեռ. N 5332, Ծերուն Ծաղկողի 1391-ի ձեռ. դ 8772, Հովհաննես Խիզանցու 1401-ի ձեռ. N 4223 և այլ Ավետարանները: XV դ. վերջից և XVI դ. սկզբից Վասպուրականի մանրանկարչության մեջ կատարվել են որոշակի փոփոխություններ. տեղական ավանդական ձևերն աստիճանաբար կորցրել են իրենց երբեմնի հետաքրքրությունը, կենսունակությունն ու ինքնուրույնությունը և իրենց տեղը զիջել նոր ժամանակների գաղափարական միտումներին ու նախասիրություններին:
Հայկական մանրանկարչությունը զարգացել է նաև գաղթավայրերում, որտեղ ստեղծվել են մանրանկարչության ինքնատիպ դպրոցներ: Դրանցից Ղրիմինը (XIV–XVII դդ.) և Նոր Ջուղայինը (XVII–XVIII դդ.) տվել են արժեքավոր, մնայուն գեղարվեստական գործեր:
Ղազարյան Վ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am