ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ, ըստ Աստվածաշնչի՝ Աստծո ողորմածության արդյունք, շնորհ, սիրուց ու գթությունից բխող արարմունք. քրիստոնեական առաքինություններից մեկը:

Ողորմությամբ, Արարչից զատ, կարող է տոգորվել նաև մարդը: Ըստ «Հայկազեան բառարանի» նշանակում է «գթութիւն»,  որի բացատրությունը և իմաստը «փափուկ սիրտ, ողորմած սիրտ» ունենալն է: Ողորմության մասին շատ ենք կարդում Սուրբ Գրքում, բայց շեշտված ձևով հանդիպում ենք Հիսուսի Լեռան քարոզի երանիների մեջ. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմութիւն պիտի գտնեն» (Մատթ. 5.7): Ողորմությունը կամ գթությունը, ավետարանական ոգու համաձայն, հավատացյալի ներքին իղձն է՝ օգնելու և բարձրացնելու իր նմանին, որը ընկերային կյանքի խախտված ներդաշնակության պատճառով հայտնվել է ծանր վիճակում: Ողորմությունը կամ գթություն անող քրիստոնյայի մոտ բացառվում է վրեժի, չարամտության, ատելության, քինախնդրության ոգին: Հիսուսը հորդորել է Ողորմություն կատարել գաղտնաբար, ոչ ի ցույց մարդկանց. «...թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ. 6.3–4):

Ողորմության արտահայտություններից է բարեգործությունը:

                                                                                       Սարգսյան ավ. քհն. Ե.

Գրականության ցանկ

  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am