ՈՐՈԳԻՆԵՍ, Որիգենես, Որիգինես, Օրիգենես Ալեքսանդրացի (185, Ալեքսանդրիա - 254, Փյունիկե), աստվածաբանական գիտության հիմնադիրը, քրիստոնեական մտքի մեծագույն ներկայացուցիչներից, մեկնիչ, փիլիսոփա, քարոզիչ, մանկավարժ:

Ծնվել է քրիստոնյա ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է հոր` քերականության ուսուցիչ Լեոնիդեսի դպրոցում: Հայրը 202- ին նահատակվել է մարտիրոսական մահով, բազմամարդ ընտանիքը զրկվել է հայրական կալվածքից և ծայրաստիճան աղքատացել:

Որոգինեսին համարել են «պողպատե մարդ»«զարմանալի Որոգինես», որ լի էր և կատարյալ ամենայն գիտությամբ» (Եվսեբիոս Կեսարացի):

Կղեմես Ալեքսանդրացուց հետո 203–215-ին վարել է Ալեքսանդրիայի դպրոցի տեսչի պաշտոնը:

ՈրոգինեսՆա ընդհանուր դասախոսություններին մասնակցելու իրավունք է տվել նաև հեթանոս աշակերտների, որոնցից շատերը հետևել են նրա քրիստոնեական ուսմունքին և ընդունել Աստծո խոսքը: 212-ին եղել է Հռոմում, հանդիպել նշանավոր եկեղեցական ու հայտնի փիլիսոփա Հիպոլիտի հետ, 215-ին այցելել է Արաբիայի քրիստոնեական համայնքը, ապա՝  Անտիոք, Աթենք, Նիկոմեդիա, Կապադովկյան Կեսարիա: 216-ին թողել է Ալեքսանդրիան (դպրոցը փակվել է) և հաստատվել Պաղեստինյան Կեսարիայում, ձեռնադրվել քահանա, բացել աստվածաբանական նոր դպրոց և այն ղեկավարել 20 տարի: Այստեղ նրան աշակերտել են Գրիգոր Սքանչելագործը և Եվսեբիոս Կեսարացին: Ավանդվող փիլիսոփայությունն ու արտաքին գիտությունները համարել է նախապատրաստական առարկաներ Աստվածաշունչն ու քրիստոնեական վարդապետությունն ուսումնասիրելու համար:

Նրա ուսմունքի հիմնական  դրույթն էր՝  «Փիլիսոփայորեն հիմնավորել և արդարացնել քրիստոնեությունը» (Դավիթ  Անհաղթ, Երկ.,1986, էջ 4): Դեկոս կայսրի օրոք ենթարկվել է դաժան հալածանքների (250–253) և վախճանվել:

Որոգինեսն իր բազմաժանր ու հարուստ վաստակով (ըստ Եպիփան Կիպրացու՝  6 հզ. աշխատություն) հարստացրել է Ընդհանրական եկեղեցու հոգևոր գանձարանը: Սակայն նրա ժառանգության մեծ մասը կորստյան է մատնվել հակաորոգինեսյան հակաճառությունների ընթացքում:

Որոգինեսի մատենագրական վաստակի կարևոր փաստաթուղթ է նրա մասին Գրիգոր Սքանչելագործի գրած ներբողը (238): Աստվածաշնչյան բնագրագիտության համար եզակի աշխատություն է «Վեցէջեանը», որից մեզ են հասել միայն առանձին հատվածներ: Այն համարվում է առաջին գիտական ուսումնասիրությունը Հին կտակարանի քննական բնագրի կազմման գործում, որին նա նվիրաբերել է իր ողջ կյանքը:

Որոգինեսն գրել է Հին ու Նոր կտակարանների շուրջ 290 այլ մեկնություններ, որոնցից 275-ը կորել է: Որոգինեսի սուրբգրային մեկնություններից պահպանվել են որոշ պատառիկներ. Ծննդոցի, Սաղմոսների, Առակների, Եսայու և Եզեկիելի մարգարեությունների, տասներկու փոքր մարգարեների, Մատթեոսի, Ղուկասի, Հովհաննեսի Ավետարանների, Պողոս առաքյալի թղթերի, Երգ երգոցի, որը համարվում է ամենահայտնի այլաբանական մեկնությունը: Որոգինեսի ժառանգությունը բացառիկ դեր է կատարել հատկապես Աստվածաշնչի մեկնաբանության պատմության մեջ: Ալեքսանդրյան դպրոցի հետևորդների և կապադովկյան հայրերի (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Գրիգոր Նյուսացի) աստվածաբանական մտակառուցման հիմքում ընկած է

Որոգինեսի հիմնակարգած մեկնաբան. վերլուծման այլաբանական սկզբունքը: Դավանական, ջատագովական մտքի պատմության ուսումնասիրման համար խիստ արժեքավոր են «Յաղագս սկզբանց» (220–230), «Ընդդէմ Կելսոսի» (246–249), «Երկխոսութիւններ Հերակլիդասի հետ» (240–242) երկերը: «Յաղագս սկզբանց» երկը քրիստոնեական աստվածաբանության առաջին համակարգված շարադրանքն է: Բաղկացած է 4 գրքից՝  Աստված, Աշխարհ, Ազատություն,Որոգինես (միջնադարյան մանրանկար) Հայտնություն: Առաջինում ներկայացրել է Աստծո (իբրև ոգի, միտք կամ միակ), Լոգոսի (=Բանի), Սուրբ Հոգու, ոգեկան էակների նախատիեզերական  արարչագործությունը, նրանց անկումն ու վերականգնման ուժը. երկրորդում անդրադարձել է ներկա տիեզերքի արարչագործությանը, Հին և Նոր կտակարաններում ներկայացված Աստծո նույնությանը, Լոգոսի մարմնավորմանը, Սուրբ Հոգու բխմանը, հարությանը, դատաստանին և հավիտենական երանությանը. երրորդում արծարծել է բանական էակների ազատության, ինքնիշխանության խնդիրներ. չորրորդում ամփոփել է առաջին երեք գրքերը, խոսել Սուրբ Գրքի Աստվածաշունչ լինելու և մեկնողական կանոնների մասին: Հիսուս Քրիստոսի Աստվածությունը հավաստող ութ գրքից բաղկացած «Ընդդէմ Կելսոսի» աշխատությունը բացառումն է նորպլատոնական փիլիսոփա Կելսոսի «Ճշմարիտ խոսք» (178) հակաքրիստոնեական երկի: Այստեղ նա համառոտակի հերքել է Կելսոսի մեղադրանքները, ժխտել Հիսուս Քրիստոսի մեսիականության դեմ հրեաների և Կելսոսի փաստարկները, չի ընդունել քրիստոնեական վարդապետությանն ու բարոյականությանն ուղղված Կելսոսի մեղադրանքները, մերժել է հեթանոսական պաշտամունքի ջատագովությունը: Երկի հիմնական գաղափարը Հիսուս Քրիստոսի Աստվածության հաստատումն է: Որոգինեսի գրչին են պատկանում նաև բարոյագործնական բնույթի երկեր՝ աղոթքի, նահատակության, Զատկի մասին:

Մեծ է Որոգինեսի ներդրումը քրիստոնեական աստվածաբանական մտքի ձևավորման ու զարգացման գործում: Նրան են պատկանում աստվածաբանության մեջ կարևոր դեր կատարած՝  «բնություն»«էություն»«ենթակայություն»«համագո»,  «աստվածամարդ» եզրերը: Սակայն նրա աստվածաբանական  որոշ տեսակետներ (հոգիների նախագոյությունը, աշխարհի արարումը, կործանումն ու վերստին արարումը, որը հավիտենական գործընթաց է, մարդկության պատմությունը մի պարզ դիպված է նախաաշխարհյան և հետաշխարհյան զարգացման մեջ, բոլոր էակները, անգամ սատանան, անխտիր փրկվելու են ևն) կառուցված են անտիկ մտածողության ակնհայտ հետևողությամբ, ինչը պատճառ է դարձել ոչ միանշանակ այն վերաբերմունքի, որը եկեղեցին որդեգրել է նրա ժառանգության նկատմամբ: Եկեղեցու հայրերի մի մասը՝  կապադովկյան հայրեր, Եվագր Պոնտացի, Հովհան Ոսկեբերան և ուր., դրական են վերաբերվել Որոգինեսի վաստակին, մյուս մասը՝ Պետրոս Ալեքսանդրացի, Եպիփան Կիպրացի, Անտիպատրոս Բոստրացի և ուր.՝  բացասական: Ելնելով դավանական եկեղեցաքաղաքական նկատառումներից՝ ժամանակի ընթացքում բացահայտ ժխտական վերաբերմունք է ձևավորվել Որոգինեսի ժառանգության նկատմամբ: Հուստինիանոս I կայսրի (527–565) հրովարտակով, 543-ին Որոգինեսն ու նրա վարդապետությունը նզովքի են ենթարկվել և դրա հիման վրա դատապարտվել 553-ի և 680-681-ի Կ. Պոլսի ժողովներում:

Հայերեն թարգմանությամբ պահպանվել են առանձին նշխարներ Որոգինեսի սուրբգրային մեկնությունն երից, որոնք մեզ են հասել մի շարք խմբագիր մեկնությունների (Ղևտիկոնի, Երգ երգոցի, Կաթողիկե թղթոց) պատճառների, Աստվածաշնչի գրքերին կցված առաջաբանների միջոցով: Հայերեն ձեռագրերում հատվածներ կան նաև Արարածոց, Հոբի, Եզեկիելի գրքերի մեկնություններից: Որոգինեսի աշխատություններից քաղված հատվածներ զետեղվել են հայ դավանաբանական գրականության մեջ:


                                                                            Քյոսեյան Հ.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 Զարբհանալյան Գ., Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց, Վնտ., 1889,էջ 649–653: 

Պետրոսյան Ե., Հայրաբանություն, հ. 1, Էջմիածին, 1996, էջ 131–160: 

Migne J. P., PG, t. 9–17, P., 1857–66.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am