ՈՐՈՏՆԱՎԱՆՔ, Վաղատնի վան ք, ՀՀՍյունիքի մարզի Վաղատին գյուղից 2 կմ հարավ-արևելք, Որոտան գետի կիրճի եզրին: Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի, Որոտնավանքի հնագույն՝ Ս. Գրիգոր միանավ եկեղեցին (այժմ՝ ավերակ) հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը, վերակառուցել՝ Հայր Ստեփանոս ճգնավորը: Եկեղեցին վաղ միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի: Սյունյաց Սմբատ թագավորի հրամանով Շահանդուխտ թագուհին Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հս-արլ. կողմում, 1000-ին կառուցել է թաղածածկ, հս. պատին կից երկու ավանդատնով, հվ-ից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնել մեծաթիվ միաբանությամբ վանք ու ագարակ նվիրել: Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Ո-ի արլ. կողմում 1006-ին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան արմ-ից կից՝ կամարակապ գավիթ-սրահը: Եկեղեցին ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Ներսը զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հս. խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում՝ հրեշտակ: Եկեղեցու հս. պատին կից, աստիճանաձև պատվանդանի վրա XI դ. հուշասյուն է կանգնեցվել՝ գագաթին խոյակի վրա դրված խաչարձանով: Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղվել են Ո-ում: XIII դ. 70-ական թթ. նորոգվել է Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին: 1315-ին Բուրթել և Բուղդա Օրբելյան իշխաններն այցելել են Որոտնավանք, նվիրել այգիներ, գյուղեր, միջոցներ տրամադրել՝ վանքի նորոգման համար: 1340-ական թթ. Գլաձորի համալսարանից Որոտնավանք է տեղափոխվել Հովհան Որոտնեցին (այստեղից է նա սկզբնական «Կախիկ» մականվան փոխարեն ստացել «Որոտնեցի» անունը): XIII դ. 80-ական թթ. Որոտնավանքում է գործել Գրիգոր Տաթևացին, որը 1386-ին այստեղ ընդօրինակել է Պետրոս Արագոնացու «Գիրք յոթն առաքինութեանցը»: 1407- ին Որատնավանք է այցելել Թովմա Մեծոփեցին: Նույն տարում Որոտնավանքում Առաքել

ծաղկողը Ավետարան է գրչագրել և նկարազարդել: 1438-ին վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը: Որոտնավանքը գործել է մինչև XX դ. սկիզբը:

1931-ին երկրաշարժից ավերվել է. քանդվել են Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը, հուշասյունը, սյունասրահները, վանքի տնտեսական շինությունները, պարիսպը:

                                                                                             Հասրաթյան Մ.

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Ստեփանոս Օրբելյ ան, Սյունիքի պատմություն, Ե., 1986: 

Ալիշան Ղ., Սիսական,Վնտ., 1893: 

Լալայան Ե., Զանգեզուրի գավառ, Սիսիան, ԱՀ, Թ., 1898: 

Մնաց ականյան Ս., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե.,1960: 

Դիվան հայ վիմագրության, պր. 2, Ե., 1960:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am