ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ, Ղլիճենց (հունվար, 1614, Նոր Ջուղա – 4.2.1674, Մարսել), արքեպիսկոպոս, տպագրիչ-հրատարակիչ, մշակութային գործիչ, լեզվաբան: Նախնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայի ծխատեր քահանայի մոտ, ապա հաճախել Խաչատուր Կեսարացու Ամենափրկիչ վանքի դպրոցը, այնուհետև Երևանում Խաչատուր Կեսարացու և Սիմեոն Ջուղայեցու հետ աշակերտել Մելքիսեդ Վժանեցուն: Մոտ 1634-ին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի հրավերով Նոր Ջուղայից եկել է Էջմիածին, Ուշիի Ս. Սարգիս վանքում նշանակվել վանահայր: Էջմիածնում Ոսկան Երևանցին  ծանոթացել է Դոմինիկյան վանական, գիտնական Պաուլո Պիրոմալլիի հետ, որը Հայաստան էր եկել Աստվածաշնչի հայ. բնագիրը լատիներեն Վուլգատային հարմարեցնելու հանձնարարությամբ: Ոսկան Երևանցին նրանից սովորել է լատիներեն, փիլիսոփայություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, քերականություն, փոխադրել լատիներեն քերականության մի դասագիրք, ապա հարմարեցրել գրաբարին, դարձրել լատիներեն կաղապարով գրաբարի քերականության դասագիրք, լատ-ից կատարել մի շարք թարգմանություններ:

Ոսկան Երևանցին, իր հետ ունենալով Հակոբ Դ Ջուղայեցու հանձնարարականը, 1662-ին մեկնել է Եվրոպա՝  Աստվածաշունչը հայերեն հրատարակելու: Նախ գնացել է Լիվոռնո, ապա՝ Հռոմ, որտեղ ջանացել է Վատիկանից ստանալ Հռոմում կամ Իտալիայի որևէ քաղաքում Աստվածաշունչը տպագրելու թույլտվություն: Սակայն նրա բոլոր ջանքերն ի դերև են անցել, և նա մեկնել է Ամստերդամ, 1664-ի աշնանըստանձնել Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվ. տպարանի (1660-ին հիմնել էր Մատթեոս Ծարեցին) տնօրինությունն ու ձեռնարկել Աստվածաշնչի տպագրության նախապատրաստական աշխատանքները: Փորագրիչներին պատվիրել է նոտրգիր, նոր տեսակի գլխատառեր և թռչնագրեր, բնագիրը պատրաստել տպագրության ու իր աշակերտներ Կարապետ Անդրիանացու և Օհան Երևանցու հետ սկսել տպագրությունը: Տպագրության համար իբրև հիմք-բնագիր, ամենայն հավանականությամբ, օգտագործել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի անունով հայտնի գրչագիր Աստվածա շունչը, որը գրվել էր 1295-ին՝  Հեթում Բ-իպատվերով (Մատենադարան, ձեռ. դ 180):

Այս բնագիրը Ոսկան Երևանցին խմբագրել է ըստ Վուլգատայի, տպագրության ընթացքում թարգմանել և ավելացրել Հին կտակարանի մի քանի գրքեր, որոնք չեն եղել հայերեն Աստվածաշնչում (և նրա կանոնում): Տպագրելիս փորձել է միջին դիրք գրավե՝ դասական հայերեն բնագրի և Վուլգատայի միջև, որպեսզի այն ընդունելի լիներ հայոց տարբեր դավան. համայնքների համար, որոնց նա լատիներեն գրքի փոխարեն առաջարկելու էր հայերենն ու հայատառը:

Ոսկանյան Աստվածաշունչը տպագրվել է 2 տարի 7 ամսում (1666 մարտի 11 – 1668 հոկտեմբեր 13): Տպագրությունը կատարված է վարպետորեն: Անվանաթերթերը կազմված են չորս փայտափորագիր կտորներից, աջ և ձախ զարդանկարների մեջ Հավատ և Հույս խորհրդանշանները ներկայացնող մարդկային կերպարանքներ են: Աստվածաշունչ բառը թռչնագրով է, կազմը՝  կարմիր կաշեպատ, հաստ տախտակից:

Բանիմացորեն կիրառված են հայկ. առոգանության գրեթե բոլոր հիմն. նշանները, գործածված են յոթ տեսակ տպագրատառեր (խոշոր և փոքր զարդագիր, խոշոր և փոքր գլխագիր, խոշոր և փոքր բոլորգիր, Ոսկանի նոտրգիր): Գրեթե բոլոր նկարները գերմանացի Քրիստոֆել վան Զիխեմ կրտսերի փորագրություններն են, որոնք կատարվել են Ռաֆայելի, Ալֆրեդ Դյուրերի, Հենդրիկ Գոլցիուսի և եվրոպական ուրիշ նշանավոր վարպետների հայտնի նկարներից:

Ամստերդամում Ո. Ե. հրատարակել է 14 անուն գիրք՝  Նոր կտակարան (1668), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» (1669), «Տօնացոյց»  (1669), Շարակնոց (1664–65,1669) ևն: Նա մտադրվել էր Ֆրանսիայի որևէ քաղաքում տպարան հիմնել: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը տվել է նրան այդ իրավունքը՝ պայմանով, որ հրատարակվելիք գրքերը հակառակ չլինեն կաթոլիկ եկեղեցու դավանանքին: Սակայն Ոսկան Երևանցին չի հաշտվել այն մտքին, որ պետք է «սրբագրվեր» իր Ժամագիրքը, Մաշտոցը՝ «հռոմեական կրոնի վարդապետությանը» հակառակ չերևալու համար: Նա Ֆրանսիայից անցել է Իտալիա, կանգ առել Լիվոռնոյում, այնտեղ տպագրել «Պարտէզ հոգեւոր» (1670) և Ռոբերտոս Բելարմինոսի «Վարդապետութիւն քրիստոնէական» (1670) թարգմանական գրքերը:

Այստեղ նյութական աջակցություն չգտնելով՝ տպարանը փոխադրել է Մարսել՝  ընկերանալով քահանա Համազասպյանի հետ, որը, սակայն, հետագայում մեծ անախորժություններ է պատճառել նրան: Տեղի կաթոլիկ հոգևոր իշխանությունը Հռոմից կարգադրություն է ստացել հետևել Ոսկան Երևանցու հրատարակություններին: Նրանից պահանջել են հաերեն ու լատիներեն գրված «հավատո դավանության» գրություն և հայտնել, որ գրաքննվելու են նրա տպարանում հրատարակվող գրքերը: Չնայած այդ ամենին, նա որոշել է «Հայաստանեայց եկեղեցու ծեսերուն» հակառակ որևէ բան չտպագրել: Բայց նրա գործընկեր Համազասպյան քահանան այդ մասին տեղեկացրել է իշխանությանը: Սկսվել է գործի քննություն: Ոսկան Երևանցին հուսալքված անկողին է ընկել ու մահացել: Ոսկանյան տպարանը գործել է քառորդ դար: Այդ ընթացքում Ամստերդամում, Լիվոռնոյում, Մարսելում տպագրվել են 40 անուն կրոնաեկեղեցական և աշխարհիկ բարձրորակ տպագրությամբ հայերեն գրքեր:


Գրականության ցանկ 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002: 

Զարբհանալյան Գ., Պատմութիւն հայկական տպագրութեան, Վնտ., 1895:

Լ ե ո, Հայկական տպագրություն, Երկ. ժող., հ. 5, Ե., 1986: 

Լեվոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958: 

Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, հ. 1, Ե., 1977:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am