ՈՍԿՅԱՆ Համազասպ [ավազանի անունը՝ Անտոն,1.7.1895, գ. Խանդաձոր (Էրզրումի նահանգի Կիսկիմ գավառ) – 25.2.1968, Վիեննա], պատմաբան, բանասեր, ձեռագրագետ, մանկավարժ: Ուսանել է Վիեննայի Մխիթարյան վանքի դպրոցում: 1914-ից՝ Մխիթարյան միաբանության անդամ, 1919-ին ձեռնադրվել է քահանա, 1922-ին ստացել Վիեննայի համալսարանի աստվածաբանության դոկտորի կոչում: 1928–31-ին եղել է Պլովդիվի (Բուլղարիա) Մխիթարյան վարժարանի ուսուցիչ, 1931–37-ին՝ տնօրեն, 1947– 1960-ին՝ Բեյրութի Մխիթարյան վարժարանի տնօրեն: 1920-ական թթ. աշխատակցել է «Հանդես ամսօրյա»-ին, ապա դարձել նրա խմբագրապետը (1938–46, 1963–68): 1932-ին Պլովդիվում հրատարակել է «Ուսումնարան» դպրոցական ամսաթերթը:

Ոսկյանն ավելի քան կես դար զբաղվել է գիտական  գործունեությամբ, հրատարակել 26 հայագիտական ուսումնասիրություն, 16 մանկավարժական երկ, շուրջ 82 հոդված և գրախոսական: Առավել արժեքավոր են Հայաստանի վանքերի պատմությանը վերաբերող աշխատությունները («Վասպուրական Վանի վանքերը», մաս 1–3, 1940–47, «Սեբաստիայի վանքերը»,  1946,«Բարձր Հայքի վանքերը»,  1951, «Տարոն-Տուրուբերանի վանքերը», 1953, «Արցախի վանքերը», 1953, «Կիլիկիայի վանքերը»,  1957, «Գուգարքի վանքերը», 1960, «Սեբաստիայի, Խարբերդի, Դիարբեքիրի և Տրապիզոնի նահանգներու վանքերը»,  1962):

Ուսումնասիրել է հայ նախարար. տների պատմությունը, միջնադարյան մատենագիրներ Հովհաննես Սարկավագի, Ներսես Լամբրոնացու,Հովհաննես Վանականի, Վարդան ԱրևելցուՄխիթար Գոշի, Կիրակոս Գանձակեցու կյանքն ու ստեղծագործությունը: «Չորս հայ տաղասացներ և անոնց տաղերը» (1966) աշխատությունում ներկայացրել է միջնադարյան բանաստեղծներ Հովհաննես Կարնեցուն, Գրիգոր արք. Օշականցուն, Մովսես Կարնեցուն, Մարտիրոս Ղրիմեցուն և նրանց ստեղծագործությունները: Աշխատասիրել և հրատարակել է «Երգ երգոցի առաջին եւ երկրորդ թարգմանութիւնը» (1924), «Սարդիկէի ժողովքի հայերէն կանոնները» (1945), Ստեփանոս Ռոշքայի «Ժամանակագրութիւն կամ Տարեկանք եկեղեցականք» (1964), Հովհաննես Ղրիմեցու «Պատմութիւն հռչակաւոր վանից Հաղբատայ» (1965) գործերը, թարգմանել Զ. Օբերտինսկու «Լեհահայերը եւ անոնց Անդրէաս արքեպիսկոպոսը Յազլովիցի մէջ» (1963) աշխատությունը: Հետազոտել, կազմել և հրատարակել է «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանինի Վիեննա» (հ. 2, 1963) ձեռագրացուցակը, որը Հ. Տաշյանի համանուն գործի շարունակությունն է: Սփյուռքի հայերի համար կազմել է հայերեն դպրոցական ձեռնարկներ («Դասագիրք Հայոց պատմութեան», հ. 1–5, 1959–60, ևն): Ոսկյանը  թողել է 11 անտիպ գործեր («Այրարատ նահանգի վանքերը»«Սյունյաց աշխարհի վանքերը»«Հայ վանքեր ի սփյուռս»«Հարյուրամյա կյանք և գործ Անարատ հղության քույրերու միաբանության» ևն):

                                                                             Ս.  Քոլանջյան


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Ագյ ան Մ., Տեր - Պողոսյան Պ., Հ. Համազասպ վ. Ոսկյան, ՀԱ, 1968, դ 1–3:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am