Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Յոթը խոտաճարակներ

 ՅՈԹԸ ԽՈՏԱՃԱՐԱԿՆԵՐ, Խոտաճարակ մարտիրոսներ (VI դ. վերջ – VII դ. սկիզբ), տոնելի սուրբ ճգնավորներ, վկաներ, որոնք ապրել են Հայոց Սմբատ Բագրատունի (VI դ. վերջ) իշխանի մարզպանության օրոք: Մշո Ս. Կարապետ վանքի շուրջը հավաքվել են, ըստ Մ. Ավգերյանի, «թըւով իբրեւ 398» ճգնակեցներ, Թոդիկ կամ Թադիկ կոչեցյալ վանահոր օրով: Վանքի հռչակը լսելով՝ Արևմուտքից (հուն. Հայաստանից) և Արևելքից (պարսկ. Հայաստանից) եկել են նաև Յոթը խոտաճարակները, հաստատվել Ս. Կարապետին մերձ անտառում, շուրջ 20 տարի ապրելով այստեղ «մեծ ճգնութեամբ և խոտաբուտ կենօք», հաճախակի Հաղորդությունը ճաշակելով վանքում: Երբ 604-ին Պարսից Խոսրով թագավորը պատերազմ է հայտարարել հույներին, կոչ է արել Մուշեղ Մամիկոնյանին՝ միանալ իրեն: Սակայն հայերը չեն համաձայնել: Այդ պատճառով պարսից զորքի մի թևը, Տարոնով անցնելիս, հարձակվել է Մշո Ս. Կարապետ վանքի վրա, որի պահպանությունը հանձն էին առել վանքում կամավոր մնացած Յոթը խոտաճարակները: Նախ գլխատել են նրանց գլխավորին՝ Պողիկարպոսին, ապա՝ մնացած վեցին, որոնց անունները՝ Թեովնաս, Սիմեոն, Հովհաննես, Եպիփան, Դիմարիոս և Նարկիսոս, պահպանվել են: Երեք օր անց, պարսկական բանակի քաշվելուց հետո, վանքի փրկված միաբանները վերադարձել են և նրանց ամփոփել Անտոն և Կրոնիդես ճգնավորների գերեզմանների մոտ: Յոթը խոտաճարակների հիշատակը Հայսմավուրքները նշել են սեպտեմբերի 30-ին: Ներկայումս Հայ եկեղեցին նրանց հիշատակը տոնում է Խաչվերացից հետո՝ չորրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Հայոց մեծ դարձին, ս. Անտոնին և ս. Կրոնի դեսին ու Յոթը խոտաճարակներին է նվիրված «Յովհաննիսի է երգ» ակրոստիքոսը կազմող մի շարական.

«...Եօթն աստեղան երկնից կամարք, Աստուածութեանըն կամարարք. Ճըգնողք մարմնով խոտաճարակք, Մաքուրք հոգւով լուսով տաճարք...»:

                                                                                         

                                                                       

                                                                          Սարգսյան Լ.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912, էջ 598: 

Սուրբերը և մենք (խմբ. արք. Մ. Աշճյան), Նյու Յորք, 1993:

Սուրբերու կեանքը, Բեյրութ, 1994: 

Գալուստյ ան Շ., Հայազգի սուրբեր, Ե., 1997:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am