Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

 ՕՇԱԿԱՆԻ Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ, ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղում: Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին (1996-ից): 443-ին կառուցել է իշխան Վահան Ամատունին՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա: 

XVII դ. Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին եղել է կիսավեր: Առաքել Դավրիժեցին գրել է. «…հոյակապ, լայնանիստ, բարձրաբերձ... այս տաճար- հանգստարանի ողջ տանիքը վաղ ժամանակներից փլվել, նստել էր, միայն Ավագ խորանն էր մնացել ծածուկ»: 1639–45-ին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը հիմնովին նորոգել է եկեղեցին: XIX դ. Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին. վերստին եղել է խարխուլ և վթարային վիճակում, ուստի 1850-ին Ներսես Ե Աշտարակեցին կոնդակով դիմել է Սինոդին՝ եկեղեցին նորոգելու առաջարկով: 1860-ին Միքայել Նալբանդյանը, Հնդկաստան մեկնելուց առաջ, ուխտի է եկել Օշական, և Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու անմխիթար վիճակը տեսնելով, բանաստեղծությամբ իր վիշտն ու դառնությունն արտահայտել: 1668–72-ին եկեղեցու վերակառուցման համար Գրիգոր վարդապետի ղեկավարությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել: 1872-ին  Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին  կոնդակով հայ ժողովրդին կոչ է արել՝ նյութապես սատարել եկեղեցու վերակառուցմանը: 1873–79-ին օշականցիների մասնակցությամբ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Հիմնովին վերակառուցվել է և 1879-ի հոկտ. 21-ին օծվել: Փաստորեն նոր եկեղեցի է կառուցվել,նոր հորինվածքով (մինչև XX դ. դեռևս պահպանված են եղել նախկին շենքի պատերի հետքերը, արլ-ում՝  արտաքուստ  բազմանիստ  Ավագ խորանով): Նոր եկեղեցին թաղածածկ դահլիճ է՝ երեք թաղակիր կամարներով, ձվաձև հատակագծով Ավագ խորանի երկու կողմերում՝ ուղղանկյուն ավանդատներով: Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով: Ավագ խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443). Ուղղանկյուն թաղածածկ խուց է, արլ-ում՝ խորշով, հս-ից և հվ-ից՝ մուտքերով (հս-ը փակվել է, իսկ հվ-ը բացվել է դեպի ավանդատուն): 

1880-ին, եկեղեցու հվ. կողմում, Վահան Ամատունու գերեզմանի վրա, կանգնեցվել է հուշակոթող, 1884-ին եկեղեցուն արլ-ից կցել են երկհարկ, 8-սյունանի ռոտոնդայով պսակված զանգակատուն, որը բացառիկ է հայկական ճարտարապետության մեջ իր տեղադրությամբ, գլանաձև ծավալով և Ավագ խորանից բացվող մուտքով: 

1913-ին եկեղեցու հվ. կողմում կառուցվել է դպրոցի շենք: 1960–64-ին Վազգեն Ա Պալճյանի հոգածությամբ, միլանահայ Հ. և Թ. Ղազարոսյան եղբայրների բարերարությամբ, բարեկարգվել է եկեղեցու շրջապատը, նորոգվել են Մեսրոպ Մաշտոցի դամբարանը և եկեղեցին, դեպի դամբարան տանող մուտքի դիմաց կանգնեցվել է կոթող՝ մեսրոպյան այբուբենի երկաթագիր տառերով, և դրվել դամբարանի արլ. խորշում (ճարտ.՝ Բ. Արզումանյան), աղոթասրահում կախվել է երկաթակուռ ջահ (ճարտ.՝ Ռ. Իսրայելյան): 1962-ին ՄեսրոպՄաշտոցի բազալտե գերեզմանաքարը փոխարինվել է օնիքս քարից պատրաստված նոր տապանաքարով: 1964-ին եկեղեցու հվ-արմ. անկյան մոտ կառուցվել է աղբյուր (ճարտ.՝ Ա.Իսրայելյան): 1966-ին Ավագ խորանում մարմարե նոր սեղան է պատրաստվել՝ վրան «Աստվածածինը Մանկան հետ» սրբապատկերով (նկարիչ՝ Հ. Մինասյան): 

1964–66-ին, հնդկահայ Պ. Ալեքսանյանի բարերարությամբ, եկեղեցու ներսը նկարազարդարվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարով (նկարիչներ՝ Հ. Մինասյան, Հ.Մամյան): Որմնանկարն իրականացվել է եռապատկեր հորինվածքով՝ ճարտ-յանը ներդաշնակ: Արմ. պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի՝ ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցն է՝ շրջապատված աշակերտներով, աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած Սահակ Ա Պարթևը, կողքին կանգնած են Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները,նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը: Կենտրոնում հնարամտորեն օգտագործված է լուսամուտի բացվածքը, որի ապակու վրա, դրսից պայծառ լույսով ողողված, գրված է հայոց այբուբենը: Հվ. պատին կանգուն և ծնրադիր նետաձիգ զինվորներն են՝ Հայոց աշխարհի պահապանները, նրանց գլխավերևում՝ ուժի, հայրենիքի կենսունակության խորհրդանիշ թևատարած արծիվը: Հս. պատին պատկերված է Հայաստանի գարունը՝ ծաղկած ծառերով, զվարթ աղջիկներով: Որմնանկարը զուգակցում է հայկ. մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդները և XX դ. հայկ. մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից է: 

1995-ին եկեղեցու արմ. կողմում կանգնեցվել է հուշակոթող: 1996-ին Գարեգին Ա Սարգիսյանի հովանավորությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդ Նավասարդ եպս. Կճոյանի ջանքերով, ամերիկահայ Ջ. Կոբոյանի բարերարությամբ, եկեղեցամերձ դպրոցի շենքը հիմնովին վերակառուցվել է, և 1997-ին այնտեղ բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատունը (ճարտ.՝ Բ. Արզումանյան): Երկհարկանի, սյունազարդ և գմբեթավոր դահլիճներով, ցուց ասրահներով, հարուստ գրադարանով, շքեղ կահավորված շենք է, որի սրահներում ներկայացված են հայ անվանի արվեստագետների ստեղծագործություններ: 1999-ին Դպրատանը կազմակերպվել է «Աստվածաշնչական Հայաստան» միջազգային գիտաժողովը, իսկ նույն թվականից, Թարգմանչաց տոնին, ամենամյա «Մաշտոցյան ընթերցումներ» գիտաժողովները:  1997-ին եկեղեցու արմ. կողմում, Ժ. և Հ. Գաբրիելյանների բարերարությամբ կառուցվել է առաջնորդարանի շենքը (ճարտ.՝ Հ. Բաբախանյան), 2000-ին Ջ. Կոբոյանի միջոցներով բարեկարգվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքը: 

 

                                                                                            Հասրաթյան Մ.


Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1065-1067:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am