Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Օծոփի Ս. Աստվածածին վանք

 ՕԾՈՓԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, Շահապոնք գավառի Օծոփ գյուղի մոտ (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Շահբուզի շրջանում): Հիշատակվում է XII դ. վերջից, երբ իշխան Վասակ Խաղբակյանը վերցրել է վանքին Ստեփանոս Օրբելյանի նվիրած «Կամարակապ» կոչվող խաչը և տվել Կեչառիսի  վանքին: 1292-ին Օծոփի Ս. Աստվածածին վանքում գրվել է շքեղ կազմով և նկարազարդ Ավետարան, որիՕծոփի Ս. Աստվածածին վանքը հիշատակարանում նշված է վանքի միաբանության բազմանդամ լինելը: XIII դ. 1-ին քառորդում վանքը եպիսկոպոսանիստ էր, նրա վանահայր Շմավոն եպիսկոպոսը մասնակցել է 1307-ի Սսի ժողովին: XIV դ. կեսին Եսայի Նչեցու աշակերտ Մարգարե Օծոփեցի վարդապետը հարել է ունիթորներին (տես Ունիթորություն) և դարձել Հովհաննես Քռնեցու գործակիցը:  

 Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու, 1477-ին Օծոփի Ս. Աստվածածին վանքի Վրթանես եպիսկոպոսը Լուսավորչի Աջը փախցրել է Աղթամարից և բերել Նախիջևան, որի համար որպես վարձատրություն ցմահ նշանակվել է կաթողիկոսների աթոռակալ, իսկ նրա վախճանվելուց հետո (1493) մինչև XVII դ. Ամենայն հայոց կաթողիկոսները յուրաքանչյուր տարի այցելել են Օծոփի Ս. Աստվածածին վանք, նրա հիշատակին Պատարագ մատուցել, դրամ բաժանել վանականներին և կերակրել աղքատներին: 

Վանքի ներկայիս եկեղեցին կառուցվել է 1651-ին, սրբատաշ բազալտից՝ քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով, արմ-ից կից փոքր գավթով (այժմ՝ ավերակ): Ավանդատների մուտքերի վերևում ագուցված են քանդակազարդ խաչքարեր, որոնցից մեկին Գրիգոր Լուսավորչի  պատկերաքանդակն է: Հվ. մուտքի բարավորին քանդակված են մանուկ Հիսուսին գրկած Աստվածածինը և «ՌՃ»  (1651) տարեթիվը, հվ. պատին՝ օձ կտցահարող արագիլ, իսկ ներսում, հվ-արմ. մույթին՝ առյուծ: Վանքի պարսպից դուրս, դեպի արլ. գերեզմանատունն է՝ XIV–XVII դդ.տապանաքարերով: Եկեղեցու հվ. մուտքը վերակառուցվել է 1671-ին, գլանաձև թմբուկով գմբեթը՝ 1701-ին: XVII–XVIII դդ. վանքը ստացել է բազմաթիվ նվիրատվություններ՝ այգիներ, ձեռագրեր, արծաթե սպասք, Մարտիրոս եպիսկոպոսից 1624-ին՝ «Խոտակերաց Սուրբ Մինաս» կոչվող խաչը, 1750-ին գնել է այգիներ և հնձան: Կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցին 1749-ին կոնդակով թույլատրել է վանահայր Մարկոս վարդապետին միջոցներ հանգանակել՝ Օծոփի Ս. Աստվածածին վանքը նորոգելու համար:  

                                                                                                                                Հասրաթյան Մ. 

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1063:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am