ՕԾՈՒՄ, Օծություն, Սուրբ Հոգով օծվելը, կնքվելը կամ Սուրբ Հոգու կնիքն իր վրա ընդունելը, որ կատարվում է Հիսուս Քրիստոսի՝ Օծյալ Փրկչի անունով մկրտվելուց հետո: Այդ Օծությունը վերուստ սահմանված է Հիսուսին հավատացողների համար, ովքեր մաքրված են նրա քավչարար արյան և հրաշափառ Հարության զորության շնորհիվ: Սուրբ Հոգու Օծությունը Աստծո Ուխտի հաստատումն է, որով քրիստոնյան կնքվում է որպես Աստծո ընտրյալ, և որով հաստատագրվում է նրա սրբացումը:
Օծության տեսանելի, զգայելի դրսևորումը կամ նրա առարկայական խորհրդանշանը ներկայումս ս. Մյուռոնն է: Մյուռոն օծությունը կատարվում է Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկի՝ Դրոշմի արարողության ժամանակ: Հնում, ինչպես նշվում է Աստվածաշնչում, Օծության առարկայական խորհրդանիշը սրբազան յուղն էր կամ օծության ուղը՝ ներկայիս Մյուռոնի նախօրինակը: Այն, որպես սրբարար և նվիրագործյալ յուղ, խորհրդանշում էր գալիք Մեսիային, որն իր գալուստից դեռ շատ առաջ կոչվում էր «օծյալ» (այսինքն ՝ Քրիստոս), որի շնորհիվ եղավ Սուրբ Հոգու պարգևը՝ բուն և ճշմարիտ Օծություն: Այսինքն՝ Օծյալից եղավ Օծություն:
Հին կտակարանում Օծության յուղն առաջին անգամ հիշատակվում է Ելք գրքում, երբ Տերը Մովսեսին պատվիրում է, ի թիվս սուրբ խորանին տրվող այլ ընծաների՝վերցնել նաև «... օծության յուղի ու խնկի համար բաղադրանյութեր» (25.6): Այնուհետև պատվիրում է ոսկեխույրի վրա «Սրբություն Տյառն» փոր ագիրը տանող Ահարոնին և քահանայագործող ահարոնյան դասին օծել.«... Կ’օծես նրանց, կ’օրհնես ու կսրբագործես նրանց, որպեսզի ինձ համար քահանայություն անեն» (Ելք 28.41): Օծության յուղի բաղադրության, կիրառման և սրբագործ նշանակության մասին առավել մանրամասն խոսվում է Ելք գրքի հետագա գլուխներում (30.22–33, 40.9–13), որոնցից պարզ է դառնում, որ Օծությունով սրբացվել են ոչ միայն անձինք, այլև՝ խորանը, սպասքը, ողջակեզների սեղանը, ավազանը, Ահարոնի պատմուճանը ևն:
Օծության խորհրդավոր ծեսը, Հին ուխտի համաձայն, պիտի անպայման կատարվեր օծյալի վրա. օծվում էին քահանայապետները, քահանաները, մարգարեները, Իսրայելի ժողովրդի դատավորներն ու թագավորները՝ որպես Աստծո պատգամաբերներ ու պատվիրանները գործադրողն եր: Նրանք միայն սուրբ Օծությունով կարող էին վերահասու լինել աստվածային պատգամին և արժանանալ հոգևոր պարգևների ու շնորհների:
Մարգարեություններում ակնարկվում է Բացարձակ Օծյալի՝ Հիսուս Քրիստոսի գալստյան և նրա բերած բացարձակ օծության մասին: Հիսուսը դիտվում է և՛ իբրև օծյալ, և՛ որպես Սուրբ Հոգին՝ Բացարձակ Օծությունը շնորհող, ուստի և՝Բացարձակ Օծությունն ինքը: Նա բնորոշվում է իբրև Տիրոջ Հոգով օծված («Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց ինձ...» Եսայի 61.1), Օծիչ («Գլուխս յուղով օծեցիր». Սաղմ. 22.6), Օծյալ («Այնտեղ պիտի Դավթին եղջյուրներ ծլեցնեմ, իմ օծյալի համար ճրագ պատրաստեմ». Սաղմ. 131.17):
Օծության յուղի՝ որպես աստվածային սրբության գործածումը օտար և արգելյալ բաների նկատմ ամբ դիտվել է անպատշաճ, իսկ օծյալ վիճակում մեղք գործելը համարվել մահացու հանցանք (Ելք 30.23–33, Եզեկ. 23.41): Չօծվելը նշան էր սգավորության, իսկ օծվելը՝ ուրախության (Սաղմ. 103.15): Օծվել են ենթակայի մազերը, գլուխը, մորուքը, ոտքերը, երբեմն՝ողջ մարմինը (Սաղմ. 132):
Օծությունը ընդունված էր նաև Հիսուսի ժամանակ, և ինքը՝ Հիսուս ևս, իբրև իր թաղման կանխանշան, ընդունում է Օծություն բորոտ Սիմոնի տանը, Բեթանիայում (Մատթ. 26.6–13, Մարկ. 14.3–9, Հովհ. 12.1–8):
Առաքյալներն Օծությանը տվել են բուժիչ նշանակություն («Եվ բազում դևեր էին հանում, բազում հիվանդների օծում էին յուղով ու նրանց բժշկում» . Մարկ. 6.13, «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի...» Հակ. 5.14–15): Դեռևս առաքելական ժամանակներից է սերում հիվանդին օծելու ավանդույթը, որ Հայ եկեղեցում ստացել է Կարգ հիվանդաց և Վերջին օծում անունը:
Հայ եկեղեցու ծեսի համաձայն, սրբալույս Մյուռոնով օծվում են եկեղեց. պաշտոնյաները՝ քահանայից մինչև կաթողիկոս: Ձեռնադրության ժամանակ օծվում են ենթակայի ճակատն ու ձեռքերը, կաթողիկոսի օծվելու պարագային Մյուռոնը հեղվում է նրա գլխին՝իբրև խորհըրդանշան եկեղեցու գերագույն գլխի: Օծության մաս է կազմում նաև մի շարք սրբազան իրերի ու անոթների սրբագործումը: Օծություն են ստանում եկեղեցիները, եկեղեցու սեմը, ս. Սեղանը, մկրտության ավազանը, եկեղեցական սպասքը, սրբոց պատկերները, խաչը, խաչքարերը և այլն:
Նախնական շրջանում Քրիստոսին հավատացողները սուրբ յուղով օծվել են մկրտությունից հետո: Այս Օծությունը Հայ եկեղեցին ներկայումս անվանում է Դրոշմ, Հույն եկեղեցին՝ Մյուռոն:
Սարգսյան Լ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1063-1065:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am