ՊԱՀՔ, պաս, պահոց օրեր, պահեցողություն, ծոմ, ծոմապահություն, որոշ կրոններում ուտելիքի կամ դրա առանձին տեսակների համար որոշակի ժամկետով սահմանված արգելք, կերակուրներից լրիվ կամ մասնակի հրաժարում (պահեցողություն): Պահքի արտահայտած մյուս իմաստն ինքնաքննության ու խոկումի ժամանակաշրջանն է, հատկապես Մեծ պահոց շրջանը (տես Մեծ պահք), երբ հավատացյալները ոչ միայն կերակուրներից են հրաժարվում, այլև՝ հեռու են մնում մարմնական հաճույքներից, ապաշխարությամբ ու աղոթասացությամբ չափավոր, զուսպ կյանք վարում: Պահքը հիմնավորվում է մարմնի հանդեպ հոգու առաջնայնության ուսմունքով: Քրիստոնեության, մահմեդական, հուդայական կրոններում Պահքը հավատի ամրապնդման միջոց է, որն ունի նաև մաքրագործական և ճգնակեցական նշանակություն: Պահքը քրիստոնեական եկեղեցու կյանքի կարևոր երևույթներից է: Բազմիցս վկայված է Աստվածաշնչում, ինչպես նաև՝ Նոր կտակարանում՝ երկնքի արքայությանն արժանի դառնալու և մեղքերից թողություն ստանալու համար:

Ներկայումս նույնացված Պահք և ծոմ բառերը նախկինում տարբեր իմաստներ են արտահայտել: 

Ծոմ նշանակել է օրական մեկ անգամ ուտելով պաս պահել, իսկ Պահք՝ ընդհանրապես կերակուր չուտել: Ներկայումս Պահքն արտահայտում  է պահեցողության այն տեսակը, որի ընթացքում թույլատրվում է գործածել բուսական ծագում ունեցող կերակուրներ՝ զերծ մնալով ամեն տեսակ մսեղենից ու կաթնեղենից:

Ըստ Հայ եկեղեցու սահմանած կարգի, տարվա մոտ վեց ամիսը պահոց օրեր են: Ըստ այդմ Հայ եկեղեցին տարվա օրերը բաժանել է երկու մասի՝ տոնական և պահոց օրերի: Եկեղեցական կանոնների համաձայն, յուրաքանչյուր շաբաթվ ա չորեքշաբթի և ուրբաթ օրերը Պահք են: Պահոց օրերը լինում են՝ բուն պահոց օրեր, երբ պետք է հրաժարվել կենդանական ծագում ունեցող կերակուրների (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն) օգտագործումից և նավակատյաց (տես Նավակատիք) պահոց օրեր, երբ կարելի է ուտել կաթնեղեն և ձկնեղեն:

Նավակատիքի օրեր են հինգ Տաղավարների շաբաթապահոց շաբաթ օրերը: Պահոց օրերը բաժանված են երեք խմբի. 

ա. Օրական Պահք, բ. Քառասնօրյա Պահք (Մեծ Պահք), գ. Շաբաթական Պահք (Շաբաթապահք):

Օրական Պահքը, յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերի Պահքը, որը, համաձայն Հայ եկեղեցու Տոնացույցի, վերաբերում է տարվա գրեթե բոլոր շաբաթներին, բացառությամբ Ս. Ծննդյան շաբաթվա (հունվ. 6–13) չորեքշաբթի և ուրբաթ օրերի և ս. Զատկից մինչև Համբարձում ընկած շաբաթների չորեքշաբթի ու ուրբաթ օրերի, որոնք պահոց օրեր չեն:

Քառասնօրյա Պահք, կոչվում է նաև Մեծ Պահք (Բուն Բարեկենդանի երկուշաբթիից մինչև Ավագ ուրբաթ): Քառասուն օրը կապված է անապատ քաշված Քրիստոսի քառասնօրյա ծոմ ապահության, աղոթքի և ապաշխարության շրջանի, ինչպես նաև Ս. Գրքում հաճախակի հիշվող 40 խորհրդանշական թվի հետ: Իրականում Քառասնօրյա Պահքը տևում է 47 օր, իսկ 48-րդ օրը ճրագալույց ս. Զատիկի նավակատիքն է: Քառասնօրյա Պահքի օրերը կոչվում են «աղուհացի կամ աղևացքի օրեր», այսինքն՝ Մեծ Պահքը աղով ու հացով անցկացնելու ժամանակաշրջան: Հնում աղ ու հացով էին ապրում ճգնավորներն ու անապատականները: Ներկայումս աղուհացի օրը պահոց այն օրն է, երբ պետք է Պահքի կերակուրներ ուտել: Մեծ Պահքի շրջանում փակվում է եկեղեցու խորանի վարագույրը, և պսակ չի կատարվում:

 

 

                                                                                                 Ղազարյան Ա.

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  843-844:


Տես նաև՝

Շաբաթական Պահք (Շաբաթապահք)

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am