Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Փառեն Ա Աշտիշատցի

 ՓԱՌԵՆ Ա ԱՇՏԻՇԱՏՑԻ (ծ. թ. անհտ – 352), Ամենայն հայոց կաթողիկոս 348-ից: Աղբիանոսյանների տոհմից: Հաջորդել է Հուսիկ Ա Պարթևին: Եղել է Տարոնի Աշտիշատի եկեղեցու քահանայապետը: Հայոց թագավոր Տիրանի օրոք Արշակունիների և Գրիգոր Ա Լուսավորչի հայրապետական տոհմի միջև հարաբերությունների սրումից և Հուսիկ Ա Պարթևի սպանությունից (347) հետո որոշ նախարարներ (Սահառունի, Արտավան Վանանդեցի, Կարեն Ամատունի, Վարազ Դիմաքսյան և ուր.) փորձել են կաթողիկոս ընտրել Գրիգոր Ա Լուսավորչի աշակերտ Դանիել ասորի քորեպիսկոպոսին: Սակայն կենտրոնացված իշխանության  կողմնակիցները (Վասակ Մամիկոնյան, Մեհենդակ Ռշտունի, Անդովկ Սյունի, Արշավիր Կամսարական և ուր.) սպանել են Դանիելին և կաթողիկոս ընտրել Փառեն  Ա Աշտիշատցուն: Հայոց արքունիքին հավատարիմ Փառեն  Ա Աշտիշատցին համագործակցել է Արշակունիների հետ՝ կենտրոնացված ուժեղ թագավորության ստեղծման գործում: 

Կաթողիկոսական  աթոռին Փառեն Ա Աշտիշատցուն հաջորդել է Ներսես Ա Մեծը (Պարթև): 

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1042:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am