Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Փիլոն Ալեքսանդրացի

 ՓԻԼՈՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ,  Փիլոն Եբրայեցի (Ք. ծ. ա. մոտ 20 – Ք. ծ. հ. մոտ  50), հրեա հունալեզու աստվածաբան, փիլիսոփա, Սուրբ Գրքի մեկնիչ: Փիլոն Ալեքսանդացու կյանքի մասին տվյալները սակավ են:  Սերվել է Ալեքսանդրիայի հելլենակիրթ հարուստ և ազդեցիկ ընտանիքից: 39–40-ին, որպես Ալեքսանդրիայի հրեաների պատվիրակության ղեկավար, մեկնել է Հռոմ՝  Գայոս Փիլոն ԱլեքսանդրացիԿալիգուլա կայսրի մոտ՝ Ալեքսանդրիայի հրեա համայնքի հանդեպ հալածանքներին վերջ տալու խնդրանքով: Սակայն նրա առաքելությունն ապարդյուն է անցել: Փիլոն Ալեքսանդացին, տիրապետելով դարաշրջանի հելլենական փիլիսոփայության մասնագիտ. լեզվին, հայեցակարգերին և, միաժամանակ՝ հրեական Օրենքին, փորձել է կցորդել այդ երկու մշակույթների առանցքային երևույթները՝ հայտնությունը  «այլաբանելով» փիլիսոփայությամբ: Դրանով իսկ հիմք է դրվել մտավոր նոր ոլորտի՝ ռացիոնալ աստվածաբանության զարգացմանը: Փիլոն Ալեքսանդացու աշխատությունները (Հնգամատյանի զանազան մեկնություններ, ինչպես նաև մի քանի փիլիսոփայական և պատմաջատագով. երկեր) հավանաբար ստեղծվել են նույն այն միջավայրում և մտավոր մթնոլորտում, որտեղ սկզբնավորվում էր քրիստոնեությունը: Դրանով են բացատրվում փիլոնյան աշխատությունների և ավետարանական, հատկապես՝ Հովհաննես ավետարանչի և առաքյալների թղթերի հայացքների միջև եղած ընդհանրությունները, ինչպես և այն փաստը, որ Փիլոն Ալեքսանդացու գրական ժառանգությունըԳայոս Կալիգուլայի կիսանդրին պահպանվել է միայն քրիստոնեական ավանդության մեջ: Սակայն հետագայում Փիլոն Ալեքսանդացու հանդեպ քրիստոնյա հայրերի վերաբերմունքը եղել է ոչ միանշանակ. բազմիցս օգտվելով փիլիսոփայի երկերից՝ Կղեմես Ալեքսանդրացին, Որոգինեսը, Ամբրոսիոս Մեդիոլանցին, Օգոստինոս Երանելին, Գրիգոր Նյուսացին և ուր. նախընտրել են բացահայտոր են չհիշատակել աղբյուրը կամ էլ Փիլոն Ալեքսանդացու դրույթները բերել են վիճաբանորեն: Բացառություն է  կազմել միայն Եվսեբիոս Կեսարացին, որը ոչ միայն չի թաքցրել իր համակրանքը, այլև նրա շնորհիվ են Փիլոն Ալեքսանդացու աշխատություններից պահպանվել տեղեկություններ և բնագրային պատառիկներ: Անտիոքյան դպրոցը (տես Անտիոք հոդվածում), իր կողմից՝ ի դեմս Թեոդորոս Մոպսուեստացու, պայքարելով ալեքսանդրյան մեկնողական (այլաբանական) մեթոդի դեմ, մեղադրել է Փիլոն Ալեքսանդացուն  «հեթանոսական հնարը» Սուրբ Գրքի նկատմամբ կիրառելու և այսպիսով՝ բնագրի իմաստը աղավաղելու համար: Այս պարագայում փիլոնյան երկերի հայտնվելը հայ մատենագրության մեջ դժվար է դիտել որպես չեզոք երևույթ. այն կարելի է մեկնաբանել իբրև հայ հոգևորականների որոշ մասի ալեքսանդրյան կողմնորոշման ապացույց և ենթադրել, որ Փիլոն Ալեքսանդացու ժառանգության մի մասը հայերին փոխանցվել է կա’մ անմիջապես Ալեքսանդրիայում, կա’մ, առավել հավանական է՝ Պաղեստինում, որի հետ հայերը կապված են եղել բազում կապերով: Այդտեղ երկար  ժամանակ պահպանվել են Կղեմես Ալեքսանդրացու, Որոգինեսի և այլ  ալեքսանդրիացի վարդապետների կրթական ավանդույթները

ՈրոգինեսՓիլոն Ալեքսանդացու հայացքները, համակարգված չլինելով հանդերձ, այնուամենայնիվ բոլորվել են մի քանի գլխավոր թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ Օրենքի և փիլիսոփայության խորքային ազգակցությունը (բխում է նրանից, որ երկուսն էլ  շնորհվել են մարդկանց Աստծո կողմից), բնության և մարդկային հանրության օրենքների նույնությունը, «բնաբանության» երկու ուղիների առկայությունը, որոնցից առաջինը՝ բնագետին բերում է այն համոզմունքին, թե գոյություն ունի ղեկավարող և հոգացող մտավոր բարի էակ, իսկ երկրորդը՝ նույն ուսումնասիրողին ստիպում է խոստովանել Աստծո բացարձակ անճանաչելիությունը, որը բացառում է բնական էակների և երևույթների որևէ պաշտամունք: Ըստ Փիլոն Ալեքսանդացու, Աստված նախախնամում է մարդկանց, ինչպես նաև բնությանն իր երկու գլխավոր՝ արարչական ու շնորհաբաշխ և սահմանադրող ու պատժող ուժ երի միջոցով, ուստի և Աստված գիտակցվում է ըստ մարդու բանական կարողության՝ մե’րթ որպես բացարձակ եզակիություն, մե’րթ որպես երրորդություն: Աստծո Նախախնամությունն ու Իմաստությունը, որն իր մեջ է ամփոփում հավերժ աստվածային կաղապարներ՝ աշխարհ ստեղծելու և ղեկավարելու համար, դա  «Աստծո մարդ» կամ  «երկրորդ Աստված» կամ  «Նախածին Աստծո Որդի» Բանն է (Լոգոս): Բանը միջնորդում է մարդու և Աստծո միջև՝ օգնելով մարդուն ճանաչել Աստծո գոյությունը, հայտնելով նրան Հոր կամքը: Փիլոն Ալեքսանդացու համոզմամբ՝ այսպիսի հայտնություններից ամենամեծը Մովսեսի միջոցով տրված Օրենքն է, որի տառացի պահպանումը պարտադիր է հրեաների համար, սակայն հոգևոր բովանդակության առումով Օրենքն ունի համամարդկային արժեք, քանի որ այն, հետ պահելով մարդուն նյութական հաճույքներից և դրանցից բխող շահախնդրությունից, դաստիարակում է մարդու մեջ երկու գլխավոր առաքինություն՝ բարեպաշտություն և մարդասիրություն: Օրենքի շնորհումը նշանակում է, որ մարդն ազատ, անձնիշխան էակ է և պատասխանատվություն է կրում սեփական արարքների համար, ուստի և ենթակա է նախախնամության պատժին ու պարգևներին: Սակայն իսկական երանության  է հասնում միայն նա, ով մաքրելով բանականությունը և հրաժարվելով մեծամտությունից, Աստծո ողորմածությամբ մասնակից և «բարեկամ» է դառնում նրա կամքին: Մտավոր և բարոյական մաքրությունը հարկավոր է մարդուն՝ նաև Սուրբ Գրքում խրատական և խորհրդավոր («այլաբանական») տեղիները որոշելու և պատշաճ եղանակով մեկնելու համար: 

 Փիլոն Ալեքսանդացու աշխատությունները հայերեն են թարգմանվել «հունաբան» (տես ՀունաբանԿղեմես Ալեքսանդրացի դպրոց) ոճով (V դ. կամ VI դ. 2-րդ կես): Թարգմանական դիվանը բաղկացած է տասը վավերական և երկու  կեղծանուն բնագրերից, որոնք հայ մեկնող. գրականության մեջ սովորաբար խմբավորվում են յոթ «գլուխներում»: Այս հավաքածուի միայն հինգ միավորներն են, որ պահպանել են հուն. բնօրինակը («Օրենքի այլաբանություն»«Նահապետներ»«Հեսսեների կամ տեսական կյանքի մասին»,  «Տասնաբանյա օրենքի մասին»,    «Մասնավոր օրենքների մասին»): Ինչ վերաբերում է մնացած  թարգմանություններին՝ ապա դրանց հուն. բնագրերը կա’մ մեզ հասել են հատակոտոր, կա’մ առհասարակ չեն պահպանվել: Փիլոն Ալեքսանդացու երկերի թարգմանությունների ոճական ազդեցությունն առկա է հատկապես Եղիշեի, Ղազար Փարպեցու և Մովսես Խորենացու մոտ, թեև փիլոնյան երկերին ծանոթ են շատ այլ հեղինակներ: Փիլոնի գաղափարների  ազդեցությունը  հայ աստվածաբան. մտքի վրա դեռևս չի ուսումնասիրվել: Նրա երկերը  թարգմանվելուց ի վեր պետք է որ ուսանելի լինեին հոգևոր դպրոցների սաների համար, սակայն առաջին ստույգ տեղեկությունն այդ մասին մեզ հասել է միայն XII դարից, Հովհաննես Սարկավագի դպրոցից: Փիլոն Ալեքսանդացու՝ հայերեն թարգմանված բոլոր աշխատությունների վերաբերյալ մեկնող. Ընթերցանությունների արդյունքում պահպանվել են բազմաթիվ լուծմունքներ: Դրանք են՝  «Առաջաբանութիւն Փիլոնի»  լուծմունք-սեղմագիր (կազմվել է, հավանաբար, Վանական Վարդապետի դպրոցում),  «Նախախնամության մասին» և  «Անասուն կենդանիների բանականությամբ օժտված լինելու մասին» երկերի երեք լուծմունքներ (որոնցից մեկը թերևս վերագրելի է Մխիթար Գոշին): Երկուական լուծմունքներ են պահպանվել  «Օրենքի  այլաբանության»«Նահապետների»,   «Ծննդոց գրքի խնդիրների և լուծումների»  և  «Հեսսեների կամ տեսական կյանքի մասին» երկերի վերաբերյալ: Մեկական լուծմունք նվիրված է     «Ելք գրքի խնդիրներին և լուծումներին»,    «Տասնաբանյա օրենքին»«Մասնավոր օրենքների» չորս պատառներին և   «Աստված՝ բարեգործ հուր» կտորին, ինչպես նաև կեղծ- փիլոնական  «Հովնանու մասին» և «Սամփսոնի մասին» ճառերին: Լուծմունքներին են հարում    «Նախախնամության մասին»  երկի Հովհան Որոտնեցու  «հավաքում»  -վերապատումը, հինգ ներածական դասախոսություն Փիլոն Ալեքսանդացու և նրա աշխատությունների մասին (պատճառներ), որոնցից մեկը պատկանում է Մխիթար Գոշին, մեկը՝ Դավիթ Քոբայրեցուն և մի խումբ բառգրքեր ( «Բառք Փիլոնի»,  «Բառք խորանի»,   «Յոթներորդ գլուխ գրոց»), որոնք պարունակում են լուծմունքներից քաղած բառամթերք: Ձեռագրային նյութը ցույց է տալիս, որ հոգևոր դպրոցներում Փիլոն Ալեքսանդրացու երկերով առավելապես հետաքրքրվել են XII–XIII դդ.: XIV դարից սկսած հայ փիլոնական ավանդությունը մտել է զուտ պահպանական փուլ և հետզհետե սպառվել: 

 


                                                                                 Վարդազարյան Օ.  

 

 

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1044-1046:

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am