ՔՌՆԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, պատմական Երնջակ գավառում (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Ջուլֆայի շրջանում), Օձասար լեռան հարավ-արևմտյան լանջին: 1330-ին հիմնադրել է Գլաձորի համալսարանի սան Հովհաննես Քռնեցի վարդապետը: Նա 1328-ին մեկնել է Մարաղայի Դոմինիկյան միաբանության առաջնորդ Բարդուղիմեոս Բոլոնիացու մոտ, կաթոլիկություն ընդունել, սովորել լատիներեն, Բարդուղիմեոսին և նրա գործընկերներին հայերեն սովորեցրել և նրանց հետ լատիներենից հայերեն մի շարք գրքեր թարգմանել: Վերադառնալով Քռնա՝ ժողով է հրավիրել Երընջակ գավառի 12 վարդապետների մասնակցությամբ, որոնք որոշել են գավառի իրենց ենթակա համայնքներում կաթոլիկություն տարածել: Քռնայի վանքի Ս. Աստվածածին («Կուսաբեր») եկեղեցին 1330-ին կառուցվել է Հովհաննես Քռնեցու քեռու՝ Քռնայի գյուղապետ Գորգի միջոցներով, ընդամենը 70 օրում: Այն ունի կենտրոնագմբեթ հորինվածք, սրբատաշ և կիսամշակ քարերով, իսկ վերին մասը՝ աղյուսով իրականացված: Եկեղեցու պարսպապատ տարածքում եղել են երկու տասնյակի հասնող վանքապատկան շինություններ (հիմնովին ավերված են): Ս. Աստվածածին եկեղեցուց մոտ 600 մ հվ-արմ.մինչև 1970-ական թթ. նշմարելի էին Քռնայի Ս. Հռիփսիմե եկեղեցու ավերակները:
Ունիթորական միաբանություն (տես Ունիթորություն) ունեցող վանքում գործել է բարձր տիպի կրթ. հաստատություն, գրադարանում ընդօրինակվել են ձեռագրեր, թարգմանություններ ու մեկնողական աշխատությունն եր: Քռնայի դպրոցի ուսուցիչներ են եղել Մարաղայից հրավիրված Բարդուղիմեոս Բոլոնիացին, Պետրոս Արագոնացին, Հովհաննես Անգլիացին, Հովհաննես Քռնեցին և Հակոբ Քռնեցին, Զաքարիան և ուր.: 1333-ին Բարդուղիմեոս Բոլոնիացու մահից հետո դպրոցը, մինչև 1347-ը, ղեկավարել է Պետրոս Արագոնացին: 1333-ին Հովհաննես Քռնեցին մեկնել է Հռոմի պապի մոտ և վերադարձից հետո դարձել Երնջակ գավառի ունիթորական եկեղեցու առաջնորդ: Քռնայի դպրոցում հայերեն են թարգմանվել աստվածաբանական և դավանաբանական բնույթի, իմաստասիրական և բնագիտական թեմաներով գրքեր (հայտնի է ավելի քան 15-ը) կամ ինքնուրույն աշխատություններ շարադրվել: Այս երկերը տարածվել են նաև Հայ առաքելական եկեղեցու կրթական կենտրոններում, ինչը հնարավորություն է տվել ծանոթանալու բնական ու հասարակական երևույթների մասին XIII–XIV դդ. Եվրոպայում հայտնի գիտելիքներին: Քռնայի Ս.Աստվածածին վանքը գոյատևել է մինչև XVIII դ. կեսը:
Հասրաթյան Մ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1058-1059:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am