ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒԹՅՈՒՆ (հուն. ψαλμωδιαv, Cantatio psalmorum, psalmus, սաղմոսների երգեցողություն, սաղմոսասացություն, սաղմոս), համաքրիստոնեական երգարվեստի արտահայտություն, երգաձև, որն ունի ինչպես պարզ, ասերգային, այնպես էլ զարգացած երաժշտական նկարագիր: Հիմնականում բնորոշվում է ասերգային ոճով: Վերջինիս թելադրած պայմանով՝ խոսքային տեքստի (չափածո կամ արձակ) թե՛ կառուցվածքային, թե՛ շեշտական հատկանիշները ելակետային և վճռորոշ նշանակություն ունեն սաղմոսի երաժշտական մարմնացման համար:
Մինչ գրերի գյուտը Հայ եկեղեցում երգասացությունը դրսևորվել է սաղմոսների միջոցով:
Հայ եկեղեցին, IV դարից սկսած, լայնորեն գործածել է սաղմոսները ժամասացությունների ընթացքում, նույնիսկ հայկական ժամերգություններից մեկը հնում կոչվել է սաղմոսերգություն:
Հայ հոգևոր մշակույթի համատեքստում սաղմոսերգության համար երաժշտական առումով առաջին հերթին հիմք են հանդիսացել հայ երաժշտության տարբեր դրսևորումները, հատկապես՝ ժողովրդական երգը և վիպական ասերգը: Ըստ Կոմիտասի՝ հայ իրականությունում սաղմոսները երգվել են «հավանաբար ժողովրդական հին եղանակներով»: Դրանք, դասակարգվելով ըստ կանոնների և ըստ ձայնեղանակների (տես Ութձայն), զետեղվել են Ժամագրքում: Լինելով ժամերգության կարևոր բաղկացուցիչ՝ սաղմոսները հիմք են հանդիսացել կցուրդների (տես Շարական հոդվածում) ձևավորման համար:
Հայ եկեղեցին սաղմոսերգությունը բաժանում է երկու կարգի՝ սաղմոսասացություն և թվերգություն (տես Թվերգ): սաղմոսերգությամբ (իր երկու ճյուղերով հանդերձ) մատուցվում են սաղմոսները, օրհներգությունները, աղոթքները, քարոզը, Աստվածաշունչը (և՛ Հին կտակարանից, և՛ Ավետարանից քաղվող հատվածները): Սրանք միմյանցից կարող են տարբերվել արձակ կամ չափածո տեքստային հիմքով, առավել կամ պակաս զարգացած երաժշտական նկարագրով և այլ հատկանիշներով:
Նավոյան Մ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 883:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am