ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹԵՎ, Իսահակ Պարթև, Մեծն Սահակ, Սուրբ Սահակ [29.9.348, Կեսարիա – 7.9.439, գ. Բլուր (Բագրեվանդ գավառ)], Ամենայն հայոց կաթողիկոս 387-ից, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Հաջորդել է Ասպուրակես Ա Մանազկերտցուն: Ներսես Ա Մեծ Պարթևի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի որդին: Հոր աթոռակալման ժամանակ երկար տարիներ ուսանել է Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի դպրոցներում: Տիրապետել է հունարեն, ասորերեն և պարսկերեն լեզուների: Ձեռնադրվելով եպիսկոպոս՝ իր 60 աշակերտների հետ կրոնավորել է Վաղարշապատի Ս. Էջմիածին վանքում: Կաթողիկոս ընտրվելուց հետո աջակցել է Հայոց Խոսրով Գ թագավորին, որը ջանում էր վերամիավորել հայկական հողերը և վերականգնել Մեծ Հայքի միասնականությունը: Սասանյան արքունիքը 389-ին Խոսրով Գ-ին բանտարկել է Անհուշ բերդում, իսկ Սահակ Ա Պարթևի հայրապետությունը համարել անվավեր: Հայոց նոր թագավոր Վռամշապուհի աջակցությամբ վերահաստատվել է իր աթոռին: Սահակ Ա Պարթևի–ի միջնորդությամբ Պարսից արքա Վռամ III Կրմանը վավերացրել է հայ նախարարությունների Գահնամակը, Մամիկոնյաններին շնորհել 5-րդ պատվավոր գահը, Սահակ Ա Պարթևի փեսային՝ Համազասպ Մամիկոնյանին, ճանաչել Հայոց սպարապետ, ներում շնորհել Ամատունիներին ու Կամսարականներին: Սահակ Ա Պարթևի ջանքերով 422-ից Հայոց թագավոր է ճանաչվել Վռամշապուհի 18-ամյա որդի Արտաշես Գ: Այնուհետև, շուրջ քառորդ դար տևած խաղաղ պայմաններում Սահակ Ա Պարթևն իր տեղապահ Մեսրոպ Մաշտոցի համագործակցությամբ ծավալել է մշակութային եռանդուն գործունեություն, Վռամշապուհ թագավորի և Առավան Հազարապետի հովանավորությամբ խթանել ազգային կրթության և լուսավորության նոր վերելքը: Հայոց նոր գրերի ստեղծումից (405–406) հետո Սահակ Ա Պարթևի հրամանով արգելվել են օտար լեզուներով և գրություններով ուսուցումները, և ամենուրեք կրթությունն իրականացվել է հայերենով:
Սահակ Ա Պարթևը աշխույժ գործունեություն է ծավալել նաև Հայաստանի բյուզանդական մասում: 417-ին հատուկ պատգամավորությամբ (Մեսրոպ Մաշտոց, Դերջանի Գնիթ եպիսկոպոս, Համազասպի որդի Վարդան Մամիկոնյան) նա դիմել է բյուզանդական կայսրին և Կոստանդնուպոլսի պատրիարք Ատտիկոսին՝ խնդրելով ճանաչել Հայոց կաթողիկոսության հոգևոր իշխանությունը, ինչպես նաև Հայոց սպարապետ՝ իր թոռ Վարդան Մամիկոնյանին: Հայաստանում ազդեցությունն ամրապնդելու և հայերի թշնամանքը չբորբոքելու համար բյուզանդական արքունիքը բավարարել է Սահակ Ա Պարթևի խնդրանքը: Պարսից Վռամ V արքան, քաղաքական մեղադրանքներ հարուցելով Սահակ Ա Պարթևի և Հայոց թագավոր Արտաշես Գ-ի դեմ, 428-ին նրանց հրավիրել է Տիզբոն և ձերբակալել: Սակայն հայերի դժգոհությունները մեղմելու համար Վռամ V 432-ին աքսորից ազատել է Սահակ Ա Պարթևին՝ նրան վերապահելով Մեծ դատավորության պաշտոնը, եկեղեցական տուրքերի տնօրինությունը և ձեռնադրության իրավունքը, պայմանով, որ նա գործակցի Հայոց մարզպանի՝ պարսիկ Վեհմիրշապուհի հետ: 439-ին, երբ Պարսից արքա Հազկերտ II-ը պատերազմ է հայտարարել Բյուզանդիային, ռազմաբեմ դարձնելով Հայաստանն ու Հայոց Միջագետքը, Սահակ Ա Պարթևը, ընդառաջ ելնելով, փորձել է կանխել արյունահեղությունը, բայց վախճանվել է ճանապարհին (Բլուր գյուղում): Նրա աճյունը փոխադրվել է Տարոն և ամփոփվել Աշտիշատում:
Նշանակալի է Սահակ Ա Պարթևի մատենագրական ժառանգությունը: Նա կարգավորել է հայկական Տոնացույցը, գրել եկեղեցական ու աշխարհիկ դասերին, պաշտոնյաներին, հայ ընտանիքին, ամուսնությանը և այլ հարցերին վերաբերող բազմաթիվ կանոններ, գրել և եղանակավորել է շարականներ, պատարագամատույց, ծիսական աղոթքներ, հատկապես վճռական դեր է խաղացել հունարեն Աստվածաշնչի թարգմանության և կանոնացման գործում: Ղազար Փարպեցին գրում է, որ Մեսրոպ Մաշտոցը և մյուս թարգմանիչները, հայերեն և հունարեն հնչյունաբանությունը համեմատելիս, հաճախ դիմել են Սահակ Ա Պարթևին, որովհետև նա ստացել էր հիմնավոր ուսում, կատարելապես տիրապետում էր հնչյունաբանությանն ու հռետորական մեկնաբանությանը, քաջատեղյակ էր փիլիսոփայական ճարտասանություններին: Սահակ Ա Պարթևի անունով պահպանվել են դավանաբանական թղթեր՝ ընդդեմ նեստորականության, բորբորիտների ու մծղնեների (տես Մծղնեություն), ինչպես նաև նամակներ՝ ուղղված Թեոդոսիոս II կայսրին, Անատոլիոս կուսակալին, Կոստանդնուպոլսի Պրոկղ պատրիարքին, Ատտիկոս, Ակակիոս եպիսկոպոսներին: Այս թղթերում (Գիրք թղթոց, էջ 1–21) Սահակ Ա Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը Եփեսոսի Գ տիեզերական ժողովից հետո բանաձևել են Հայ եկեղեցու ուղղափառ դիրքորոշումը, հատկապես Պրոկղ պատրիարքին ուղղված պատասխան թղթում Հայ եկեղեցու ս. հայրերը հաստատել են Մարդեղության խորհրդի (ընդդեմ Նեստորի) վերաբերյալ Նիկիայի Հանգանակի բանաձևումը, երեք տիեզերաժողովների դավանական վճիռները: Այդ թուղթը, իբրև ուղղափառության փաստ, ընթերցվել է 553-ի Կ. Պոլսի ժողովում՝ Կյուրեղ Ալեքսանդրացու թղթից անմիջապես հետո:
Սահակ Ա Պարթևը կարևոր դեր է խաղացել Հայ եկեղեցու պաշտոներգության, երաժշտածիսական գրքերի հայացման և կազմավորման գործում: Մեսրոպ Մաշտոցի հետ նա հայ հոգևոր ինքնուրույն երգերի սկզբնավորողն է: Նրա անունով հայտնի են Ժամագրքում զետեղված Գիշերային ժամի չորս երգեցիկ քարոզները, ինչպես նաև բազմաթիվ շարականներ՝ Ղազարի հարության, Ծաղկազարդի կանոնները, երկրորդ Ծաղկազարդի հին կանոնի երգերը և Ավագ շաբաթվա բոլոր օրերի կանոնների երգերի մեծամասնությունը:
Ուշագրավ է նաև միջնադարյան գրչագիր Գանձարաններում պահպանված Սահակ Ա Պարթևի «Պարագրի անպարագրելի բանն» սկզբնատող ունեցող տաղը: Մի շարք հայ միջնադարյան աղբյուրներ Սահակ Ա Պարթևին են վերագրում հայոց եկեղեցական ձայնեղանակների՝ ութձայնի առաջին կարգավորումը: Հայ եկեղեցին ս. Սահակ Ա Պարթևի հիշատակը տոնում է տարին երկու անգամ: Հիշատակի օրերից առաջինը նշվում է Մեծ Բարեկենդանին նախորդող կիրակիի նախընթաց շաբաթ օրը (Առաջավորաց պահքի կիրակիի 14-րդ օրը` հունվարի 24-ից փետրվարի 28-ը), երկրորդը՝ ս. Մեսրոպ Մաշտոցի հետ՝ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը (հունիսի 1-ից հուլիսի 16-ն ընկած շրջանում):
Կաթողիկոսական գահին Սահակ Ա Պարթևին հաջորդել է Հովսեփ Ա Հողոցմեցին:
Կատվալյան Մ., Արևշատյան Ա.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 876-878:
Տես նաև՝
Պատմութիւն Սրբոյն Սահակայ հայրապետինև Ս. Մեսրովբայ վարդապետին, «Սոփերք հայկականք», հ. 2, Վնտ., 1853:
Կորյուն, Վարք Մաշտոցի,Ե., 1981:
Մո վս ե ս Խորենացի, Հայոց պատմություն,Ե., 1997:
Ղազար Փարպեցի, Պատմություն Հայոց. Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982:
Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: Ալիշան Ղ., Յուշիկք հայրենեաց հայոց, հ. 1, Վնտ., 1869: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:
Կանոնագիրք Հայոց, աշխատասիր. Վ. Հակոբյանի, հ. 1, Ե., 1964:
Թ ահմիզյան Ն., Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտությունը V–XV դարերում, Ե., 1985, էջ 133–144:
Արեվշատյ ան Ա., Քարոզի ժանրը հայ հոգևոր երգաստեղծության մեջ, ՊԲՀ, 1992, դ 2–3:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am