Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Սահակ Գ Ձորոփորեցի

 ՍԱՀԱԿ Գ ՁՈՐՈՓՈՐԵՑԻ, Ձորոփորցի, Ձորափորեցի [ծ. թ. անհտ, գ. Արքունաշեն (Գուգարքի Ձորոփոր գավառ) – 703, Խառան], Ամենայն հայոց կաթողիկոս 677-ից: Հաջորդել է Իսրայել Ա Ոթմսեցուն: Աշակերտել է Թեոդորոս Քռթենավորին: Եղել է Ուտիքի Ռոտ Պարսյան գավառի եպիսկոպոս: Գահակալել է Հայաստանի նվաճման համար արաբա-բյուզանդական պատերազմների և արշավանքների ծանր ժամանակաշրջանում, երբ միաժամանակ, հատկապես 680-ի և 692-ի Կ. Պոլսի ժողովներից հետո, սաստկացել էին Հայ և Հույն եկեղեցիների դավանական վեճերը: Բյուզանդական Հուստինիանոս II կայսրը, արշավելով Հայաստան, Սահակ Գ Ձորոփորեցուն մոտ 693-ին պատանդ է տարել Կ. Պոլիս՝  նրան և Հայ եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրելու նպատակով: Հուստինիանոս II-ի գահընկեցությունից (695) հետո վերադարձել է հայրենիք և շարունակել աթոռակալությունը: Նորոգել է կապը Աղվանից եկեղեցու հետ, շարունակել Աղվանից Իսրայել եպիսկոպոսի՝ հոներին քրիստոնյա դարձնելու քարոզչությունը: Հայաստանի առաջին արաբ ոստիկան Աբդալլահը 702-ին ձերբակալել է Սահակ Գ Ձորոփորեցուն և ուղարկել Դամասկոս: Երբ ապստամբ հայ իշխանները 703-ին Վարդանակերտի ճակատամարտում ջարդել են Աբդալլահի ջոկատը, Սահակ Գ Ձորոփորեցին  մեկնել է Խառան՝ կանխելու զորավար Մուհամմեդ իբն Օկբայի պատժիչ արշավանքը Հայաստան: Սահակ Գ Ձորոփորեցին Խառանում մահացել է՝ խնդրագիր թողնելով արաբ զորավարին, որը մեղմացած հետ է դարձել: Ղևոնդ պատմիչը (VIII դ.) կաթողիկոսի՝ արաբ զորավարին ուղղված խնդրագիրը զետեղել է իր երկում:

Սահակ Գ Ձորոփորեցին հեղինակ է ծիսական կանոնների և ճառերի, որոնցից նշանավոր է Ծաղկազարդին ձոնված «Ճառ Արմավենյացը»: Նա նաև հայ ամենահայտնի շարականագիրներից է, խաչին և եկեղեցուն նվիրված շարականների մեծագույն մասի հեղինակը: Նրա գրչի արգասիքն են Շողակաթի, Նավակատյաց և Վերացման ութ օրերի, Վարագա Ս. Խաչի և Գյուտ Խաչի (տես Խաչի տոներ) կանոնների մեծ մասի շարականները՝ շուրջ 60 երգ, որոնք աչքի են ընկնում բանաստեղծ. առինքնող ապրումով, լեզվի հարստությամբ, ձևի կատարելությամբ և մեղեդիական հղկվածությամբ: Դրանցից «Էջմիածինն ի Հօրէ»«Ուրախ լեր, սուրբ եկեղեցի»«Որ նշանաւ ամենայաղթ»«Ի Ս. Խաչն»«Այսօր ուրախացեալ» ևն հետագայի հեղինակների համար ձեռք են բերել չափանմուշի նշանակություն:

Կաթողիկոսական գահին Սահակ Գ Ձորոփորեցուն հաջորդել է Եղիա Ա Արճիշեցին:

 

                                                   Ղազարյան Ա. , Արևշատյան Ա.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 878:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am