ՍԱՄՈՍԱՏ, Շամուշատ [այժմ՝ Սամսատ (Թուրքիայում)], հնագույն քաղաք Կոմմագենեում, Եփրատ գետի աջ ափին: Աքեմենյանների օրոք (Ք.ծ.ա. VI–IV դդ.) եղել է Կոմմագենեի հայկական սատրապության կենտրոնը և հավանաբար կոչվել Կոմմագենե: Ք.ծ.ա. III դ. 1-ին կեսին դարձել է Ծոփք-Կոմմագենեի միացյալ թագավորության մայրաքաղաքը և հայ Երվանդունի Սամոս Ա (Շամես) թագավորի անունով վերանվանվել Սամոսատ: Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ-ի օրոք (Ք.ծ.ա. I դ.) մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ: 72-ին Հռոմեական կայսրությունը Սամոսատին (Կոմմագենեի հետ) կցել է իր տիրապետության տակ գտնվող Ասորիք նահանգին: Բյուզանդական կայսրության տիրապետության շրջանում Սամոսատը գտնվել է Եփրատացիք նահանգի (ապա՝ բանակաթեմի) կազմում: 639-ին արաբները գրավել են Սամոսատ և մտցրել Զազիրա (Վերին Միջագետք) նահանգի մեջ: 958-ին բյուզանդացիները կրկին գրավել են Սամոսատտ, որտեղ հաստատվել են մեծ թվով հայեր: XI դ. վերջին – XII դ. Սամոսատին տիրել են սելջուկների գերիշխանությունն ընդունած հայ իշխանները, որոնց հիշատակում է ասորի պատմիչ Միքայել Ասորին: Միառժամանակ քաղաքը գտնվել է հայ իշխան Փիլարտոս Վարաժնունու ենթակայության տակ:

Սամոսատը հայտնի է որպես քրիստոնեական հարուստ անցյալ և ավանդույթներ ունեցող քաղաք: Այստեղ, ինչպես և ողջ երկրում (Կոմմագենե), ի թիվս Հռոմեական մյուս պրովինցիաների (Ասորիք, Կապադովկիա, Փոքր Հայք ևն), քրիստոնեությունը տարածվել է դեռևս առաքելական շրջանում (I–II դդ.): III դարից Սամոսատը դարձել է քրիստոնեության կարևոր կենտրոն, պատկանել է Անտիոքի աստվածաբանական դպրոցին, եղել նրա գաղափարաբանությունը սկզբնավորող կենտրոններից: Այստեղ է ծնվել և սկզբնական կրթությունն ստացել II դ. աստվածաբան, Արիոսի (տես Արիոսականություն) հոգևոր ուսուցիչ Լուկիանոս Սամոսատցին, որի աշխատությունները արիոսականները համարել են իրենց ուսմունքի գլխավոր սկզբնաղբյուր: 260–268-ին Սամոսատի եպիսկոպոսն էր հայտնի աղանդապետ Պողոս Սամոսատցին (Սամոստացի), որը համարվում է նեստորական վարդապետության (տես Նեստորականություն) գաղափարական նախահայրը: Սամոսատը եղել է հունական և ասորական դպրության կարևոր կենտրոններից: Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների մի խմբին Սամոսատ է ուղարկել՝ հունարեն և աստվածաբանություն ուսանելու, այնուհետև իր երկու օգնականների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ անձամբ այցելել Սամոսատ, հույն գեղագիր Հռոփանոսի օգնությամբ  վերջնականորեն ձևավորել հայկական նշանագրերը: Այստեղ էլ կատարվել է հայերեն առաջին թարգմանությունը Աստվածաշնչի Սողոմոնի առակների գրքից, որն սկսվում է «Ճանաչել զիմաստութիւնև զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» տողերով: V–XII դդ. Սամոսատը  դարձել է բազմաթիվ աղանդների կենտրոն: Աղանդավորներն այստեղից մուտք են գործել Հայաստան և տարածել իրենց գաղափարները: V–VI դդ. Սամոսատը հայտնի էր հատկապես մարկիոնական և մանիքեական (տես Մանիքեություն) համայնքներով: Սամոսատ քաղաքից էին պավլիկյանների առաջին աղանդապետ համարվող Կալինիկեի որդի Պողոս Սամոսատցին (VII դ. սկիզբ), նրա եղբայր Հովհաննեսը:

IX դ. կեսին Տևրիկի (Դիվրիգ) նման Սամոսատը  դարձել է պավլիկյանների գլխավոր  ռազմական  հենակետը, որտեղից արաբների հետ միասին նրանք պայքարել են բյուզանդացիների դեմ: Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին հիշատակում է XII դ. Սամոսատում բնակվող՝ արևորդիներ կոչված աղանդավորներին, որոնք որոշել էին հրաժարվել հերձվածի գաղափարներից և վերադառնալ Հայ եկեղեցու գիրկը:

Սելջուկյան արշավանքներից (XI դ.) հետո Սամոսատն աստիճանաբար կորցրել է իր երբեմնի նշանակությունը և վերածվել աննշան քաղաքի:

XII–XIV դդ. քաղաքին տիրել են խաչակիրները, բյուզանդացիները, Եգիպտոսի Այյուբյանները, մոնղոլները, թուրքմեն. ցեղերը: XV դ. Սամոսատ նվաճել է օսմանյան  կայսրությունը: Մինչև Մեծ եղեռնը Սամոսատի բնակիչները հիմնականում եղել են հայեր:

                                                                                   Մարգարյան Ե.


Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 883-884:   

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am