ՍԱՄՈՒԵԼ ԱՆԵՑԻ, Սամուել Երեց (մոտ 1100/05–1185/90), պատմիչ-ժամանակագիր, տոմարագետ, տիեզերագետ: Ենթադրվում է, որ ծնվել է Անիում կամ մոտակա բնակավայրերից մեկում: Աշակերտել է Հովհաննես Սարկավագին և, ըստ Կիրակոս Գանձակեցու, եղել Անիի Կաթողիկե եկեղեցու քահանա: Սամուել Անեցուց մեզ է հասել երկու երկասիրություն՝  «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս ծայրաքաղ արարեալ» և «Մեկնութիւն տումարի, զոր արարեալ է Սամուէլի քահանայի ի խնդրոյ Ստեփանոսի Իմաստասիրի» խորագրերով: Առաջինը գրվել է Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի պատվերով և ընծայվել նրան: Սկսվում է Ադամից և հասցվում մինչև 1180-ը: Այլ հեղինակներ շարունակել են Սամուել Անեցու Ժամանակագրությունը և հասցրել մինչև 1665-ը՝  պահելով նույն ոճն ու համառոտությունը: Սամուել Անեցին միջնադարյան այն բացառիկ պատմիչներից է, ով նշում է օգտագործած աղբյուրները, փորձում ճշտել պատմական իրադարձությունների, արքայատոհմերի, տիրակալների, կաթողիկոսների ժամանակագրությունը:

Օգտագործելով Եվսեբիոս Կեսարացու, Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Փավստոս Բուզանդի, Սեբեոսի, Շապուհ Բագրատունու, Հովհաննես Ե Դրասխանակերտցու, Ստեփանոս Տարոնեցու, Հովհաննես Սարկավագի և այլոց գործերը՝  Սամուել  Անեցին  հաճախ հակադրվում է նրանց՝ իրադարձությունները ներկայացնելով սեփական պատկերացմամբ, ինչը մեծացնում է երկի պատմական արժեքը: XII դ. իրադարձությունները, որոնք Սամուել  Անեցին շարադրել է իբրև ականատես, կարևոր սկզբնաղբյուր են այդ ժամանակաշրջանի բուն Հայաստանի և մանավանդ Կիլիկյան Հայաստանի պատմության ուսումնասիրման համար: Արժեքավոր նյութեր կան նաև հարևան երկրների ու ժողովուրդների մասին: Սամուել  Անեցու երկը թարգմանվել է լատիներեն և 1818-ին հրատարակվել Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնի» հետ: Տարբեր ժողովածուներում ֆրանսերեն  հատվածներ են հրատարակվել Մ. Բրոսսեի և Է. Դյուլորիեի թարգմանությամբ:

Սամուել  Անեցու երկրորդ աշխատության խորագիրը («Մեկնութիւն տումարի..») ամբողջությամբ չի համապատասխանում նրա բովանդակությանը, քանի որ ունի և' տոմարական, և'  տիեզերագիտական տեքստ: Երկի առաջին՝  տոմարական մասում (շարադրված է հարցուպատասխանիի ձևով) քննված հարցերի մասին Սամուել Անեցուց առաջ ավելի գիտականորեն և մանրամասն գրել է Հովհաննես Սարկավագը: Հեղինակն անդրադարձել է հռոմեական տոմարին, որն օգնում է ճիշտ հաշվելու և ճիշտ հասկանալու հայկական տոմարը: Մեկնության մեջ ավելի արժեքավորը երկրորդ՝ տիեզերագիտական մասն է, որն սկսվում է տոմարական գրականության մեջ գործածված արաբական ինը բառերի հայերեն թարգմանությամբ: Այնուհետև հեղինակը փորձել է, իր ժամանակի ըմբռնումների համաձայն, բացատրել ծիածանը, գիսավոր աստղը, աստղի թռիչքը, փայլակը, որոտը, շանթը, անձրևը, մառախուղը, ցողը և բնական բազմաթիվ այլ երևույթներ: Սամուել Անեցին իր երկի տոմարական մասում մեծապես օգտ վել է Անանիա Շիրակացու  «Տիեզերագիտութիւն և Տոմար» աշխատությունից: Տիեզերագիտական  մասի աղբյուր է եղել Անանիա Շիրակացու «Յաղագս շրջագայութեան երկնից» աշխատությունը: Սամուել Անեցու տոմարական-տիեզերագիտական  երկասիրությունն արժեքավոր է ինչպես գիտության պատմության, այնպես էլ հայ մատենագրության պատմության համար: Մատենադարանում պահվում են երկի բազմաթիվ ընդօրինակություններ, որոնցից ամենահինը 1373-ինն է (ձեռ. դ 2001), իսկ լավագույնը՝  1621-ին գրչագրվածը (ձեռ. դ 2018):

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 884-885:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am