ՍԱՄՎԵԼ ԿԱՄՐՋԱՁՈՐԵՑԻ (ծ. և մ. թթ. անհտ), X–XI դարերի մատենագիր: Ենթադրվում է, որ ուսումը ստացել է Այրարատի Արշարունիք գավառի Կամրջաձոր վանքում, որի վանահայրն է դարձել հետագայում: Ըստ միջնադարյան աղբյուրների, 1007-ի Ծռազատկի խռովություններից հետո բյուզանդական Վասիլ II կայսրի հրավերով մեկնել է Կ. Պոլիս, մասնակցել զատկական վեճերին և հիմնավորել Զատիկի վերաբերյալ Հայ եկեղեցու տոմարական հաշվարկների պատմականությունն ու ճշգրտությունը:
Նրա գրչին է պատկանում նաև Տերունի տոների իմաստը մեկնաբանող մի երկ: Համաձայն Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) և Մատթեոս Ուռհայեցու, Սամվել Կամրջաձորեցին գործուն մասնակցություն է ունեցել Հայսմավուրք և Տոնապատճառ ժողովածուների կազմման և խմբագրման աշխատանքին, նաև իր երկերով հարստացրել դրանք: Տոնապատճառում նրա գրչին են պատկանում արարչության օրվա պատճառը կամ մեկնաբանությունը:
Այդտեղ տեղ են գտել նաև հատվածներ Սամվել Կամրջաձորեցու «Վերլուծութիւն ընթերցուածոց գրոց» և «Վասն աղուհացից» երկերից, որոնք պարունակում են ծիսական ընթերցվածների և պահքի բացատրությունը: Սամվել Կամրջաձորեցին թաղվել է Կամրջաձոր վանքում:
Քյոսեյան Հ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 884:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am