ՍԱՆԴՈՒԽՏ, սուրբ Սանդուխտ կույս (ծ. և նահ. թթ. անհտ), I դարի վկա, Հայ եկեղեցու նախամարտիրոսուհին, Թադեոս առաքյալի աշակերտուհին, տոնելի սուրբ: Հայոց Սանատրուկ թագավորի դուստրը: Շնորհք արք. Գալուստյանի բնորոշմամբ՝ «Ինչ որ է Ս. Ստեփանոս Քրիստոնեական եկեղեցիի համար, նոյն է Ս. Սանդուխտը Հայ եկեղեցիի համար» (Հայազգի սուրբեր, 1997, էջ 204):
Կռապաշտ թագավորի հրամանով քանիցս բանտարկել են Սանդուխտ կույսին, Թադեոս առաքյալին և մյուս հավատակիցներին, սակայն երկնային լույսի ճառագումով նրանց կապանքները քանդվել են: Հայրը դստերը հորդորել է հրաժարվել «մոլորեցնողից» Թադեոս առաքյալից, և վերադառնալ հայրենի կուռքերի պաշտամունքին, որին ի պատասխան՝ Ս. մոլորեցնող է անվանել կուռքերին, իսկ Թադեոս առաքյալին՝ մոլորությունից դեպի լույսը տանող: Սանդուխտին կրկին կապանքների մեջ են դրել և չարչարել, որպեսզի ուրանա Հիսուսին: Եվ կրկին, ըստ վարքագրության, լույս է փայլատակել, քանդվել են կույսի կապանքները, իսկ դահիճների աչքերը խավարել են: Կապանքներից ազատվելով՝ Սանդուխտը գնացել է Թադեոս առաքյալի մոտ և երկրպագել Հիսուսի երկնավոր դեսպանին: Ապա Սանդուխտմկրտել է նորահավատ Զարմանդուխտ իշխանուհուն, որին թագավորը հրամայել է նահատակել: Քանի որ արդեն շատերն էին հարում Սանդուխտին, Սանատրուկը կարգադրել է վերջ տալ իր երկրավոր հորը մերժած և երկնավոր Հորն ընդունած Սանդուխտի կյանքին: Ըստ վարքագրի, երբ դահիճը պատրաստվել է կտրել սրբուհու գլուխը, դահճապետը սպանել է դահճին: Խառնաշփոթության մեջ զորականներից մեկը սուրը մխրճել է կույսի կուրծքը. բխել է արյուն և արյան հետ՝ երկնային անուշահոտություն:
Սանդուխտի գերեզմանն անհայտ է մնացել երկար ժամանակ և, ի վերջո, տեսիլքով հայտնվել Կիրակոս անունով մի մենակյացի: Ըստ Մ. Օրմանյանի՝ սկզբնապես Սանդուխտի հիշատակը տոնվել է առանձին, այնուհետև միացվել Թադեոս առաքյալի տոնին:
Հայսմավուրքները Սանդուխտի նահատակության (որը և հիշատակի օրն է) տարբեր օրեր են նշում՝ դեկտեմբերի 23, դեկտեմբերի 15: Ներկայումս Հայ եկեղեցին ս. Սանդուխտի հիշատակի օրը նշում է Վարդավառի տոնին հաջորդող շաբաթ օրը, Թադեոս առաքյալի հիշատակի հետ մեկտեղ:
Սանդուխտ կույսին է նվիրված մի «Մանկունք» շարական. «...Աշակերտեցար Առաքելոյն Թադէոսի, եւ ի հաւատս ճշմարիտս հաստատեցար, ոչ խառնակելով ընդ հեթանոսական պաշտօնսն արժանի եղեր վերանալ առ Հայր»:
Սարգսյան Լ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 890-891:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am