ՍԱՐԳԻՍ ՊԻԾԱԿ (ծ. և մ. թթ. անհտ), մանրանկարիչ և գրիչ, XIV դարի կիլիկյան գրքարվեստի խոշորագույն վարպետ: Ապրել և ստեղծագործել է Կիլիկյան Հայաստանի նշանավոր կենտրոններ Սիսում, Սկևռայում, Դրազարկում, Կոպիտառում, Փոս անապատում: Ունեցել է համահայկական համբավ: Այդ են վկայում նրա պատվիրատուները ոչ միայն Կիլիկիայից, այլև՝ Մեծ և Փոքր Հայքի տարբեր վայրերից: 1320-ին նրան է հանձնարարվել ավարտել «Ութ մանրանկարիչների Ավետարան»-ի ձևավորումը: Սարգիս Պիծակի «Արքունական Ավետարանը» (1336, Մատենադարան, ձեռ.դ 5786) Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում դարձել է պաշտամունքի առարկա, իսկ «Բժշկության Ավետարան»-ին (1353, Մատենադարան, ձեռ. դ 6795) վերագրվել է հրաշագործ ուժ:
Ծաղկելու արվեստը Սարգիս Պիծակը ժառանգել է հորից՝ Գրիգոր Պիծակից, որի երկրաչափականացված ոճը փոխարինել է XIII դ. նրբագեղ արքունական մանրանկարչությանը և գերիշխել Կիլիկիայում՝ XIV դ. սկզբին: Միաժամանակ Սարգիս Պիծակը դիմել է մինչկիլիկյան՝ գունագեղությամբ և հարթապատկերային գծային մտածողությամբ աչքի ընկնող ժողովրդական ուղղության գրքարվեստին,ստեղծելով ուրույն ոճ: Ձևավորման տարրերը տիպականացվում են, զարդամոտիվների բազմազանությունից ընտրվում են մի քանի սխեմայացված նմուշներ: Կենդանական և բուսական մոտիվները հեռանում են իրենց նախատիպերից, մարդկային ֆիգուրների ձևերն ու համաչափությունները խախտվում են, կրճատվում, մոտենում երկրաչափականին: Շրջանակները, խորանները, գլխազարդերը, զրկվելով նախկինճոխ պլաստիկ հարդարանքից, դառնում են շեշտված ուղղանկյուն:
Վառ, անխառն գույների հակադրումները զուգորդվում են ոսկե ֆոնի և ոսկե ուրվագծերի հետ: Այս գեղարվեստական լեզուն Սարգիս Պիծակն այնքան է հղկել, այնպիսի վարպետության հասցրել, որ նրա պատկերները ստացել են նշանի, աստվածայինի խորհրդանիշ, հիերոգլիֆի ուժ: Նկարելու այս եղանակն էլ հնարավորություն է տվել պատկերազարդելու մեծ թվով ձեռագրեր: Իսկ տիպականացված տարրերը հետագայում հիմք են հանդիսացել առաջին տպագիր հայկական գրքերի կլիշեների համար: Սարգիս Պիծակի արվեստում հաճախ են հանդիպում իր ժամանակին հատուկ միջավայրի տարրեր, որոնք արտահայտում են նկարչին բնորոշ դիտողականությունը: Սարգիս Պիծակը ծաղկել է միջնադարյան հայկական մատյանների գրեթե բոլոր տեսակները՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Մանրուսում, Մաշտոց, Անտիոքի օրինագիրք, Հայսմավուրք, Սաղմոսարան և մեծ թվով Ավետարաններ:
Ավետարանների պատկերազարդման համակարգը մոտ է XIII դ. կիլիկյան Քառավետարաններին, սակայն ունի իր առանձնահատկությունը: Սկսվում է հանդիպակաց էջերի տասը շքեղ խորաններով, որոնցից երկու էջը պարունակում է Եվսեբիոս Կեսարացու թուղթը Կարպիանոսին, ութը՝ չորս Ավետարանների համաձայնության տախտակները: Յուրաքանչյուր Ավետարանից նախադրված է ավետարանիչի դիմանկարը՝ զարդամոտիվներով և շրջանակով զուգորդված հանդիպակաց էջի շքեղ տիտղոսաթերթի հորինվածքի հետ: Ի տարբերություն կիլիկյան XIII դ. Ավետարանների, որոնց տերունական պատկերները ներմուծված էին տեքստի մեջ՝ մերթ ընդ մերթ հաջորդելով տեքստային էջերին, Սարգիս Պիծակը. ավետարանիչների դիմանկարներից առաջ պատկերում է էջով մեկ տերունական մանրանկարներ: Սակայն նկարչի Ավետարանների փոքր մասն ունի էջով մեկ տերունական պատկերներ: Ավելի հաճախ տեքստի հետ համադրված են լուսանցքային զարդանախշային, խորհրդանշական և սյուժետային մանրանկարներ: Վերջինները համառոտված են՝ դառնալով հաճախ միաֆիգուր և նույնատիպ:
Տարիների ընթացքում Սարգիս Պիծակի գրաֆիկական եղանակը հարստացել է գեղանկարչական և պլաստիկական հատկանիշներով, վառ ծիածանային գույները՝ կիսատոներով, ուրվագծերը՝ վրձնահարվածներով: «Բժշկության Ավետարանը», որը պարունակում է Քրիստոսի հրաշքների և բժշկության տեքստերն ու պատկերները, տարբերվում է Սարգիս Պիծակի նախորդ մատյաններից տեքստամիջյան և լուսանցքային ոչ կրճատ սյուժետային մանրանկարների առկայությամբ: Էջի հորինվածքի մեջ ներմուծված են տեքստի և պատկերի նոր հարաբերակցություններ: Այն ամբողջությամբ կազմում է տեքստի և պատկերի գեղարվեստական անքակտելի միասնություն:
Սարգիս Պիծակի ծաղկած Աստվածաշունչն ու այլ մատյանները շարունակել և զարգացրել են Հովհաննես Արքաեղբոր դպրոցի (XIII դ. 60–80-ական թթ.) ժողովածուների համակարգը:
Յուրաքանչյուր գլուխ կամ գիրք սկսվում է ուղղանկյուն գլխազարդից, զարդագիր գլխատառից և հեղինակի կամ հերոսի լուսանցքային պատկերից: Այդ մատյաններում հանդիպում են ուղղահայաց դասավորված տեքստամիջյան մանրանկարներ: Այդ տիպը ներմուծված է արևմտաեվրոպ. լատ. ձեռագրերից: Նորություն են նկարչի ինքնադիմանկարները՝ ավետարանիչի պատկերի հորինվածքով: Շարունակելով XIII դ. կիլիկյան դիմանկարչության ավանդույթները՝ Սարգիս Պիծակը պատկերել է պատմական անձանց և իր ժամանակակիցներին (ս. Գրիգոր Լուսավորիչ, ս. Հակոբ Մծբնացի, ս. Ներսես Շնորհալի, Լևոն Դ թագավոր, Հակոբ կաթողիկոս, Մարիուն թագուհի):
Սարգիս Պիծակը Կիլիկիայի Հայկական թագավորության անկման շրջանի վերջին և միակ խոշոր նկարիչն է: Նրա արվեստը, օժտված միջնադարին բնորոշ վերացական լեզվով, ժողովրդական ստեղծագործության (վառ գույներ, պարզ կերպարներ) հատկանիշներով և ապագայի ռացիոնալ մշակույթի տիպականացման միտումներով, յուրահատուկ էջ է հայկ. գրքարվեստում:
Մանուկյան Ս.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 897-898:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am