ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ, Սարգիս Մեկնիչ (ծ. և մ. թթ. անհտ), XII դ. մատենագիր, հայ մատենագրության կիլիկյան դպրոցի նշանավոր դեմքերից: Սովորել է Քեսունի Կարմիր վանքում, աշակերտել անվանի վարդապետ Ստեփանոս Մանուկին: Հետագայում հաստատվել է Կիլիկիայի Սև լեռան Քարաշիթի վանքում: Հեղինակ է ճառերի, խրատների, մեկնությունների: Լեզվի գեղեցկության, դյուրըմբռնելիության և խորիմաց վարդապետության համար ստացել է «Շնորհալի» անունը: Սարգիս Շնորհալու աշխատություններից առանձնապես հայտնի է Կաթողիկե թղթերի մեկնությունը (Մատենադարան, ձեռ. դ 5321, 6195 ևն), որն ավարտել է 1156-ին: Աշխատությունը, գրված Հովհան Ոսկեբերանի մեկնողական երկերի հետևողությամբ, աչքի է ընկնում աստվածաբանական ուշագրավ բացատրություններով, հոգեղեն խորհրդածություններով: Դրանք ընդհանուր հայտարարի են բերված բարոյաբանական բնույթի հորդորակներում: 1116-ին Սարգիս Շնորհալին, հավանաբար ուսումնական նպատակով, պատրաստել է երկի համառոտ տարբերակը:

                                                                                           

                                                                                                   Քյոսեյան  Հ.  

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 896:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am