ՍԱՐԿԱՎԱԳ, սարկավագություն, Հայ առաքելական եկեղեցու նվիրապետության ստորին՝ վեցերորդ աստիճանը: Բառը (հուն. դիագոն) ստուգաբանվում է «ծառա»«սպասավոր»«սպասավորություն»«ծառայողների գլուխ»  կամ՝ «գլխավոր պաշտոնյա»: Սարկավագը եկեղեցու և ս. Սեղանի գլխավոր սպասավորն ու ձեռնադրված պաշտոնյան է: Քահանայի օգնականն է ժամերգությունների, խորհրդակատարությունների և բոլոր արարողությունների ժամանակ՝ քարոզներ կարդալով և խնկարկելով: Իսկ ս. Պատարագի ընթացքում ընթերցում է Ավետարանը և կատարում վերաբերում: Սարկավագը հիշատակվում է Առաքելական թղթերում, իսկ Գործք առաքելոցում նկարագրվում է, թե ինչպես է տեղի ունենում սարկավագների ընտրությունը, և ինչպես են առաքյալները նրանց պաշտոն հանձնում, որպեսզի ս. Սեղանին սպասարկեն և հոգածու լինեն նպաստի բաշխմանը: Նրանց պարտականությունն էր նպաստ հավաքել և կարիքավորներին բաժանել, այցելել աղքատներին, հիվանդներին, այրիներին, որբերին, հալածյալներին և նրանց կարիքները հոգալ: Հետագայում սարկավագի պաշտոնը սահմանափակվել է եկեղեցու մեջ: Պողոս առաքյալը սարկավագների համար հետևյալ խորհուրդներն է տվել. «Նմանապես և սարկավագները թող լինեն պարկեշտ, ոչ երկդիմի խոսող, ոչ գինեսեր, ոչ շահամոլ, այլ թող պահեն հավատի խորհուրդը մաքուր խղճով: Նախ իրենք թող փորձի ենթարկվեն և եթե անմեղադրելի գտնվեն, ապա պաշտոն կատարեն:...Սարկավագները թող մեկ կնոջ մարդ լինեն, իրենց որդիներին և իրենց տները լավ կառավարեն» (Ա Տիմ. 3.8–12):

Մաշտոցում սարկավագի ձեռնադրության համար գոյություն ունի հատուկ արարողություն, որը կատարվում է ս. Պատարագի արարողությանը զուգընթաց, բեմի վրա: Սարկավագը եկեղեցում շապիկի վրայից իր ձախ ուսից ուրար է կախում, որը ծառայության և լուծի խորհրդանշանն է:

Սարկավագները կարող են լինել կուսակրոն (տես Կուսակրոնություն) և ամուսնացած: Կուսակրոն սարկավագները վանքերում պատրաստվում են կուսակրոն քահանայության համար: Ամուսնացած և եկեղեցում տարիներ ծառայած անձինք կարող են ձեռնադրվել սարկավագ և ծառայել եկեղեցում:

                                                                             

                                                                                            Ղազարյան  Ա.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 898:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am