«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ», «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդական հերոսավեպ: Վիպասացները և բանասացները կոչել են նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» ևն:
«Սասնա ծռեր»-ը հայտնաբերել ու գրառել է Գ. Սրվանձտյանցը 1873-ին, Մշո Առնիստ գյուղում և հրատարակել Կ. Պոլսում («Գրոց ուբրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874): Երկրորդ տարբերակը 1886-ին Ս. Էջմիածնում գրառել է Մ. Աբեղյանը և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889):
Այնուհետև գրառվել ու հրատարակվել են նորանոր տարբերակներ: Մինչև 1980-ը հայտնաբերվել և գրառվել է շուրջ 160 պատում, որից հրատարակվել է մոտ 70-ը: 1938–39-ին, «Սասնա ծռեր»-ի 1000-ամյա հոբելյանի կապակցությամբ, մինչ այդ գրառված 60 պատումների հիման վրա հյուսվել-կազմվել է (Մ. Աբեղյան, Գ. Աբով, Ա. Ղանալանյան) մի միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939):
«Սասնա ծռեր»-ի վիպող-պատմողները մեծ մասամբ գյուղացիներ են, արհեստավորներ, պանդուխտներ, գաղթականներ: Վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հվ-արմ. և հս-արլ. ընկած գավառներն են (Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ): Պատումներն իրենց կառուցվածքով, լեզվաբարբառային և վիպական հատկանիշներով բաժանվում են տիպաբանատեղագրական երեք մեծ խմբի՝ Սասնա, Մշո և Մոկաց: Հիշյալ խմբերից զատ կան և խառը պատումներ, որոնք միավորում են դրանց տարբեր հատկանիշները:
«Սասնա ծռեր»- ում գործում է միմյանց ազգակից վիպական հերոսների չորս հիմնական սերունդ՝ Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր, Դավիթ, Փոքր կամ Պստիկ Մհեր: Ճյուղերը, առանձին ամբողջություն լինելով հանդերձ, միավորվում են վիպ. ժառանգականության մի շարք ընդհանրություններով: «Սասնա ծռեր» դյուցազնական տոհմի չորս սերնդի վիպական պատմությունն է, որն սկիզբ է առնում տոհմի ծագումից, Սասնա տան հիմնումից ու ավարտվում տոհմի վերջին ներկայացուցչի՝ անմահ, անժառանգ Փոքր Մհերի ժայռում փակվելով: Հերոսավեպը մի շարք փուլերից, թեմաներից, սյուժեներից բաղկացած համապարփակ վիպական համակարգ է: Առաջնային և միավորիչ թեման, որ առկա է բոլոր ճյուղերում, հակադրությունն ու պայքարն է օտար և հայրենի երկրների, դրանց շահերը մարմնավորող օտար, այլադավան բռնակալի և յուրային, արդար ու ուղղահավատ հերոսի միջև:
«Սասնա ծռեր»-ը բաղկացած է հնագույն առասպելներից, ավանդական վիպական սյուժեներից, պատմական խավավորումներով երգ-զրույցներից՝ վիպական մի ամբողջական համակարգի մեջ ձուլված, մշակված, փոխակերպված: Սանասարի և Բաղդասարի ճյուղը ձևավորվել է երկվորյակ սրբազան նախնիների և ամպրոպային վաղնջական առասպելների հիմքի վրա: Մեծ Մհերի և Փոքր Մհերի ճյուղերի նախահիմքում ընկած են հին հայկական և հնդ-
Իրանական երկնային լույսի և արեգակի աստված Միհրի (Միթրա) առասպելաբան. մոտիվները՝ զուգորդված ժայռում փակված հերոսների տեղական հնագույն առասպելին: Դավթի ճյուղի նախահիմքում ընկած է ամպրոպային կռվի հին հնդեվրոպական առասպելը: Սանասարի, Դավթի, Մեծ Մհերի և Փոքր Մհերի ճյուղերի առասպելաբանական նախահիմքերը ենթարկվել են
վիպական թանձր խավավորումների, տեղական ավանդության և պատմական անցուդարձերի զորեղ ազդեցությամբ կերպափոխվել, հին վիպական ավանդությունից («Վիպասանք», «Պարսից պատերազմ», «Տարոնի պատերազմ») իրենց մեջ ներառել մի շարք սյուժեներ, մոտիվներ, անուններ, ձեռք բերել պատմ. շեշտված երանգ:
«Սասնա ծռեր»-ի նախնական բաղադրիչ տարրերը սերում են խոր հնադարից, իսկ վիպական զարգացումը, ճյուղերի հարակցումը, վերամշակումը ժողովրդական վիպասացներն իրականացրել են միջնադարում (VII–XIII դդ.)՝ նախ Բաղդադի արաբական խալիֆայության ստրկացուցիչ տիրապետությ ան, ապա Եգիպտոսի (Մսրա) Էյուբյան արաբ տիրակալների դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի զորեղ ու խոր ներգործությամբ: Դավթի ճյուղի պատմական խավավորման վրա բացառիկ ազդեցություն են թողել արաբների հարկային ծանր քաղաքականության դեմ ուղղված սասունցիների 749-ի և 851-ի ապստամբությունները:
«Սասնա ծռեր»-ում զգալի դրսևորումներ են գտել հին հեթանոսական հավատալիքները, պատկերացումները, ծիսական սովորույթները՝ հերոսների ջրից սերում ու զորացում, դյուցազնական շնորհի աստվածային տուրք և հովանավորում, հմայիլ սուրբ խաչի զորությանն ապավինում, կռվից առաջ քառասուն անծին երինջներին արյան մեջ լողացնելը, հմայական խոսքի և արարողության զորության հավատք, երազների ու աստղերի միջոցով գալիքի գուշակում, ցասման ժամի, նախնիների պաշտամունքի, սգի և հոգեհացի ծիսական արարողություններ ևն, որոնք մեծ մասամբ ձուլվել են քրիստոնեական հավատալիքներին, դարձել կենդանի կրոնական զգացում ու աշխարհայացք: Հին հեթանոս աստվածությունները քրիստոնեական սրբերի (Գաբրիել հրեշտակ, ս. Սարգիս) անուններով հանդես են եկել որպես Սասնա հերոսների գործակիցներ և հովանավորներ: Աստվածապաշտությունը, քրիստոնեական բարեպաշտությունն ու եկեղեցասիրությունը Սասնա հերոսներին բնորոշ հատկանիշներ են: Դավթի համար «աստված էն է,ինչը որ իրեն ստեղծել է ու պահում է», «նա բարերար է և ողորմած», «օրհնյալ է և միշտ հիշյալ»: Վեպում ոչ մի նշանավոր գործ կամ երևույթ առանց Աստծո չի կատարվում: Աստծո հրամանով ձին լեզու է առնում, քամի է բարձրանում, կոտրած ձեռքը կպչում է, խավարած աչքը լույս տալիս, շղթայակապ Դավիթը թափահարվում է, ու շղթայի կտորները վայր են թափվում, ձին մի ակնթարթում տեղ է հասնում, Մհերի ծնողները գերեզմանից ձայնում են նրան: Աստված է բաշխում մարդկանց «ներքին շնորհք», այն հարատև է «տվածուրիկ», աստվածային տուրք, ձրի շնորհ, պարգև: Նախամայր Ծովինարը, ամուսնանալով կռապաշտ թագավորի հետ, իր հետ է տանում ծպտված վարդապետի կամ տերտերի, որպեսզի նա այլադավան միջավայրում ժամ ասի, կնքի իր զավակներին, պահպանի հավատը: Նորահայտ մի պատումում նա անգամ հղիանում է կաթողիկոսի տված ցորենի երկու հատիկից: Սանասարն ու Բաղդասարը նորաշեն Սասունում փոքր եկեղեցի են կառուցում և օրը երեք անգամ աղոթք են անում ու ժամ ասում: Դավիթը վերակառուցում է նախնիների կառուցած Մարութա Բարձր Աստվածածնի վանքը, կարգում բազմամարդ վանական միաբանություն, հոգում վանքի բոլոր ծախսերը, ապահովում շքեղ գույքով ու հանդերձանքով, պաշտպանում վանքը օտար ոտնձըգություններից: Ի վերջո, այն դառնում է Սասնա դյուցազունների մեծագույն ու հեղինակավոր սրբատեղին, որի զորությանն են ապավինում վեպի հերոսներն իրենց բոլոր նախաձեռնություններում, աղոթքի հատուկ բանաձևով նրան են դիմում ու միշտ ստանում ակնկալվող օգնությունն ու հովանավորությունը:
Վեպում կրոնական գաղափարն ու զգացողությունն այնքան զորեղ են, որ յուրային (հայ) և օտար (այլազգի) էթնիկական հակադրությունը հիմնականում արտահայտվում է խաչապաշտ և կռապաշտ կրոնական հակադիր ըմբռնումներով ու նրանց միջև մղվող անհաշտ պայքարով: Սասնա յուրային հերոսները ճշմարիտ աստվածապաշտ են, իսկ բոլոր այլադավան օտարները՝ անհավատ կամ կռապաշտ: Այսինքն՝ էթնիկական տարբերակման առաջնությունը տրված է կրոնական հատկանիշին:
«Սասնա ծռեր» - ի ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների հերոսական սխրանքներով և հայ ժողովրդի դարավոր ոսոխների, հատկապես VIII–X դդ. արաբական բռնապետության դեմ մաքառումների հերոսական պատմությամբ: Դյուցազնական հաղթական ոգին դրվել է պատմական որոշակի հողի վրա, տիեզերական հակադիր ուժեր մարմնավորող բարի դյուցազունների և նրանց չար հակառակորդների դեմ անզիջում պայքարը պատմականորեն կոնկրետացել, դարձել է հայրենի երկրի հերոսների պայքար՝ ընդդեմ օտար բռնակալների, հայրենի հերոսների անխուսափելի հաղթանակով: Հին առասպելական-ավանդականը ձուլվել է նորին, պատմականին, վերամշակվելով թարմացել և ձեռք բերել կոնկրետ ազգային նկարագիր ու բովանդակություն, սակայն իսպառ չի վերացել: Որոշակի պատմաշրջանի հավաստի դրոշմ կրելով հանդերձ, «Սասնա ծռեր»-ն իր վիպական հնավանդ ու բարդ բաղադրությամբ, մանավանդ բանավոր հորինվելու և դարեր շարունակ բանավոր ավանդվելու շնորհիվ, իր մեջ է ներառել և գեղարվեստորեն համաձուլել հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութ. ու հոգևոր կյանքի տարբեր իրողություններ՝ ձեռք բերելով պատմամշակութային հուշակոթողի արժեք:
«Սասնա ծռեր»-ը բազմիցս ենթարկվել է գրական-գեղարվեստական մշակման (Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ն. Զարյան), թարգմանվել բազմաթիվ լեզուներով (ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն., չինարեն, պարսկերեն, լեհերեն, վրացերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն ևն), լայնորեն արտահայտվել կերպարվեստում (Հ. Կոջոյան, Ե. Քոչար, Ա. Մամաջանյան, Մ. Աբեղյան, Հ. Շավարշ, Է. Իսաբեկյան, Ա. Հովսեփյան), երաժշտության մեջ (Սպենդիարյան-Բուդաղյան՝ «Խանդութ», բալետ, Է. Հովհաննիսյան՝ «Սասունցի Դավիթ», բալետ-օպերա), ասմունքային արվեստում (Ժ. Էլոյան, Ս. Քոչարյան):
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 891-893:
Հարությունյան Ս.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am