ՍԱՏԱՆԱ (< եբր. Satan – ոսոխ, հակառակորդ, ապստամբ, չարախոս իմաստից), չար զորություն, որն ամբողջովին հակառակ է Աստծուն:

Աստվածաշնչում տրվում են Սատանայի զանազան բնորոշումներն ու անվանումները, որոնք հայտորոշում են նրա տարբեր հատկությունները. «աշխարհի իշխանը» (Հովհ. 12.31), «օդում տիրող իշխան» (Եփես. 2.2),«այս աշխարհի աստվածը» (Բ Կորնթ. 4.4), «վիշապ, հին օձ» (Հայտն. 20.2), «չար» (Ա Հովհ. 5.18), «մռնչող առյուծ» (Ա Պետր. 5.8), «մարդասպան»«ստի հայր» (Հովհ. 8.44), «Բեեղզեբուղ» (Մատթ. 12.24), «Բելիար» (Բ Կորնթ.6.15), «եղբայրների դեմ չարախոսող» (Հայտն. 12.10): Ըստ այդմ Սատանան անձ է և «ստի հայր» (Հովհ. 8.44): Սատանայից է ծնվում մեղքը:

Դժոխքի ավերումը (նկարիչ՝ Թումա, Ավետարան, 1414 թ., Ոստան)Համաշխարհային և հայ միջնադարյան աստվածաբանական գրականության մեջ հստակորեն արձանագրված է, որ Սատանան կամ Սատանայի չարությունը ոչ թե Աստվածությանը՝  իբրև բացարձակ բարիքին հավասարարժեք ինքնագո սկզբունք է, այլ՝  հետևանք, որ առաջացել է հրեշտակներին տրված անձնիշխան կամքի չարաշահումից: Սատանա կա և գործում է այնքան ժամանակ, քանի դեռ սնվում է չարությամբ, այսրաշխարհային շահագրգռություններով ապրող, Աստծուց օտարացած մարդու չար խորհուրդներով: Սատանայի համար նպաստավոր միջավայր է աստվածային պատվիրաններին անհաղորդ սիրտը և հոգևոր մտածումներից թափուր՝  շեղված, եսակենտրոն կամքը: Սատանան խաթարում է մարդու հոգեկան աշխարհը, նրան զրկում բանականությունից: Ավետարանում նկարագրվող այդ վիճակը՝ դիվահարությունը, համարվել է մարդու ներսում Սատանայի ներկայության ցուցիչ (Մատթ. 8.31, 9.32– 33, Մարկ. 1.34, 39, 16.17, Ղուկ. 4.42, 8.2): Քրիստոսի տնօրինական գործունեությամբ  Սատանա կորցրեց իր՝  մինչ այդ մարդու վրա ունեցած իշխանությունը, համաձայն Քրիստոսի այն խոսքի, թե՝ «այս աշխարհի իշխանը դատապարտված է» (Հովհ. 12.31, 16.11): Բայց սրանով խորտակվեց Սատանայի իշխանությունը միայն և ոչ Սատանան ինքը: Այժմ Սատանան ոչ թե նախասկզբնական մեղքով պարտադրված մեղանչական զորություն է, այլ՝  փորձիչ, որի նպատակն է՝ խաթարել մարդու և Աստծո ներդաշնակ հարաբերությունը, մարդուն օտարել աստվածային շնորհից: Նպատակ ունենալով զբաղեցնել Քրիստոսի տեղը, տիրել աշխարհը՝ Ս. հաճախ ներկայանում է դիմակով՝  իբրև բարի սկիզբ (տես Նեռ):

Սատանան, սկզբնապես լինելով Աստծո հրեշտակներից մեկը և նախանձելով Աստծուն, ցանկանում է նրան հավասարվել: Այս պատճառով ապստամբում է Բարձրյալի դեմ՝  իրեն համախոհ ունենալով իր կողմ հակված չար հրեշտակներին:

Հենվելով Աստվածաշնչի՝  «Արդ, ինչպես երկընքից ընկավ արուսյակը, որ ծագում էրԴժոխքի ավերումը (Ավետարան, XV դար) առավոտյան, նա, որ ուղարկվում էր բոլոր ազգերին, ընկավ գետին ու խորտակվեց: Մտքիդ մեջ ասում էիր. «Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր. Կնստեմ բարձր լեռան վրա... կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին»«Բայց ահավասիկ դժոխք ես իջնելու և երկրի խորքեր»  (Եսայի 14.12–15) պարբերության վրա՝  մեկնաբանական ավանդույթը հիշատակված արուսյակը համարում է Սատանայի այլաբանությունը: Ի մի բերելով եկեղեցական գրականության մեջ այս մասին եղած ավանդական պատումները՝  Գրիգոր Տաթևացին ասում է, որ «... բոլոր հրեշտակական էությունները տեսան Բանին (Աստծո Խոսքին՝ Որդուն) Ադամի կերպարանքով, ու երկրպագեցին, օրհնեցին, մինչդեռ Սատանա  չերկրպագեց..., ... չարացրեց (հրեշտակների) վերին դասերին՝  զայրույթով, և ներքին դասերին՝  սասանմամբ, և համակամներին իր կողմը քաշեց, այլև մեր նախնիներին (Ադամին, Եվային) խաբեց և չարացրեց» (Քարոզգիրք. Ամառան հատոր, 1741, էջ 572–573): Ապաշխարյալին Սատանայի մեղանչական ազդեցությունից զերծ պահելու համար Հայ եկեղեցու վարդապետները Ժամագրքի սկզբում զետեղել են հետևյալ հրահանգ-հանձնառությունը («Հրաժարիմ»). «Հրաժարվում ենք սատանայից և նրա ամեն տեսակ խաբեությունից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքից, նրա չար կամքից, նրա չար հրեշտակներից, նրա չար պաշտոնյաներից, նրա չար կամքը կատարողներից և նրա ամեն տեսակ զորությունից հրաժարվելով հրաժարվում ենք»:

Քրիստոսի Երկրորդ գալուստից հետո Միքայել հրեշտակապետի ձեռքով Սատանային կապվելու է և, արդարների ու մեղավորների հետ դատվելուց հետո, նետվելու է իր և իր արբանյակների համար նախապատրաստված դժոխքի մեջ (Մատթ. 25.41, Հայտն. 20.9–10, 15): Հայ և առհասարակ արևելաքրիստ. մեկնողական գրականության մեջ Սատանայի խորհրդանշաններն են համարվել Սոդոմ-Գոմորը, Եգիպտոսը, Փարավոնը, Գողիաթը ևն: Հայ միջնադարյան մանրանկարչության, գլխավորաբար «Մկրտության» պատկերագրության մեջ Սատանան  պատկերվել է ջրի խորքում երևացող հրեշակերպ վիշապի տեսքով և «Ավերումն դժոխոց»-ում՝ Քրիստոսի ոտքերի մոտ բերանքսիվայր ընկած, կմախքացած, գզգզված մազերով շղթայված մարդու կերպարանքով:

                                                                                                  Քյոսեյան  Հ.  

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 893-894:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am