Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Սեբաստիայի Ս. Նշան վանք

 ՍԵԲԱՍՏԻԱՅԻ Ս. ՆՇԱՆ ՎԱՆՔ, Ս. Հովհաննես Ոսկեբերան վանք, Սեբաստիա (Սվազ) քաղաքից հյուսիս-արևելք, Մայրագոմ լեռան ստորոտին՝ սարավանդի վրա:

Ըստ XI դ. պատմիչ Արիստակես Լաստիվերցու, հիմնադրել է 1022-ին Բյուզանդական կայսրությունից իր երկրի փոխարեն Սեբաստիան և նրա շրջակայքը ստացած Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ-Հովհաննեսի որդի Ատոմը: Վանքում հաստատվել են Ս. Վարագավանքից իրենց գույքով և մատենադարանով այստեղ տեղափոխված միաբանները: 

Սեբաստիայի Ս.Նշան վանքում են պահվել Սենեքերիմ-Հովհաննեսի գահը և Վարագա Սուրբ Խաչը, որի անունով էլ կոչվել է նորակառույց վանքը:

Սեբաստիայի Ս.Նշան վանքի Ս. Աստվածածին եկեղեցու (XI դ. 1-ին կես) հորինվածքի համար նախատիպ է ծառայել Վարագավանքի՝ ՍենեքերիմՀովհաննեսի կառուցած Ս. Աստվածածին եկեղեցին: Քառակուսի հատակագծով քառախորան գմբեթավոր կառույց է, խորանների հատման անկյուններում ուղղանկյուն խորշերով, որոնցից արլ-ից մուտք է բացվում դեպի ավանդատները: Նրան կից Ս. Նշան եկեղեցին (XI դ., օծել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու աշակերտ, վանահայր Եղիշե եպիսկոպոսը) ունի մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Խորանի երկու կողմերում մատուռ-ավանդատներն են՝ նվիրված Պետրոս և Պողոս առաքյալներին: Եկեղեցու ներսակողմը, պատերի բարձրության կիսով չափ, երեսպատված է Քյոթահիայի (Կուտինա) հախճասալերով: Արտաքին ճակատներում ագուցված են խաչքարեր: Արմ. ճակատին կից գավիթը ծառայել է որպես վանքի առաջնորդների ու միաբանների տապանատուն: Վանքի երրորդ՝ Ս. Կարապետ եկեղեցին, ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ որպես մատուռ: 1025-ին վախճանված Սենեքերիմ-Հովհաննեսի աճյունը և Վարագա Սուրբ Խաչը նրա որդիները տեղափոխել են Վարագավանք՝

Սեբաստիայի Ս.Նշան վանքում թողնելով Ս. Խաչի մասունքը: 1026-ին վանք են տեղափոխել Հովհան Ոսկեբերանի մարմարե տապանաքարը, որից հետո

Սեբաստիայի Ս.Նշան վանքը ստացել է իր երկրորդ՝ Ս. Հովհաննես Ոսկեբերան անվանումը: 1058-ին վանքի գերեզմանոցում է ամփոփվել Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի դին:

1178-ին վանահայր Պսակ եպիսկոպոսը մասնակցել է Հռոմկլայի ժողովին: 1198-ին Տարսոնում, Կիլիկիայի Հայկական թագավորության հռչակման և Լևոն Բ իշխանապետին Հայոց թագավոր օծելու տոնահանդեսին մասնակցել է Սեբաստիայի Ս.Նշան վանքի առաջնորդ Անանիա արքեպիսկոպոսը, որը 1203-ին Իկոնիայի սուլթանի հովանավորությամբ իր են կաթողիկոս է հռչակել և աթոռը հաստատել Սեբաստիայի Ս.Նշան վանքում: Անանիա հակաթոռ կաթողիկոսը 1207-ին վախճանվել է և թաղվել վանքի Ս. Նշան եկեղեցու կողքին:

1317-ին վանահայր Ստեփանոս եպիսկոպոսը մերժել է ընդունել Ադանայի ժողովի կաթոլիկամետ որոշումները, 1320-ին Կիլիկիայի հայոց Օշին Ա թագավորից ստացել է արքունի մատենադարանում պահվող կիսավարտ Ավետարան, որը նրա պատվերով ավարտել է Սարգիս Պիծակը:

1387-ին, Բուրհանադին ամիրայի հավատուրացման պահանջը մերժելով, նահատակվել է վանահայր Ստեփանոսը, իսկ վանքը կողոպտվել է. հափշտակել են սպասքը, խաչերը, գրքերը: XV դ. վանքը եղել է գրչության կենտրոն: 1533-ին, մերժելով հավատուրացումը, ողջակիզմամբ նահատակվել է վանքի միաբան Հայրապետ աբեղան, 1534-ին, քարկոծմամբ՝ Թադևոս քահանան:

1562-ին Սեբաստիայի Ս.Նշան վանքում, Հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու մասնակցությամբ,գաղտնի խորհրդակցություն է կայացել Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու խնդրով: 1648-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս է ընտրվել Սեբաստիայի Ս.Նշան վանքի վանահայր Ներսես արքեպիսկոպոսը: 1654–64-ին վանահայր Մելիքսեթը բարեկարգել է վանքը, Կոստանդնուպոլսից գնել սպասք, խաչեր, Ավետարան, նորոգել շենքերը, գրավից ազատել վանքի սպասքը, վճարել պարտքերը:

1696-ին Սեբաստիայի Ս.Նշան վանքում քահանա է ձեռնադրվել Մխիթար Սեբաստացին:

1714-ին Աստվածատուր արքեպիսկոպոսը Կոստանդնուպոլսի սեբաստացիների միջոցներով նորոգել է վանքը, գնել խոշոր, արծաթե գահ, կտավատի արտ:

1728-ին վանահայր Առաքել Ակնեցին վերակառուցել է Ս. Նշան եկեղեցու գմբեթը, կամարները, ծածկի թաղերը, արմ. կողմում վերնատուն կառուցել, նորոգել Ս. Աստվածածին եկեղեցին, սվաղել Ս. Կարապետ եկեղեցու ներսը և սեղան կանգնեցրել հանուն Գրիգոր Ա Լուսավորչի, կառուցել առաջնորդարանի երկհարկանի շենքը՝ միաբանների սենյակներով, մառանով, գինետնով, նորոգել և բարձրացրել վանքի պարիսպը, ծաղկազարդել բակը: 1731-ին հանգանակություն է կատարել և վճարել վանքի պարտքերը, ձեռք բերել ոսկե և արծաթե սպասք, եպիսկոպոսական թագ ևն:

1781-ին Հակոբ եպս. Արմտանցին կառուցել է վանքի սեղանատունը, ուխտավորների համար՝ երկհարկանի հյուրատուն, 1787-ին՝ միաբանների սենյակները և տնտեսական  շինությունները: 1799-ին Գրիգոր եպս. Գաղատեցին նկարազարդել է տվել Ս. Աստվածածին եկեղեցու ներսը և նոր՝ ոսկեզօծ խաչկալ պատրաստել, մասնակցել է Ս. Էջմիածնում Դանիել Սուրմառեցու (կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցի) ընտրությանը: Հովհաննես եպս. Սեբաստացին 1815-ին

Սեբաստիայի Ս.Նշան վանքում բացել է վարժարան, 1827-ին՝ վերանորոգել վանքը, Ս. Նշան եկեղեցու խորանում պատրաստել տվել ոսկեզօծ խաչկալներ՝ օծված Գրիգոր Ա Լուսավորչի և Հակոբոս առաքյալի անուններով, շարադրել է Սեբաստիայի պատմությունը: 1827-ին վանքի գերեզմանոցից Ս. Աստվածածին եկեղեցու ավանդատներ են փոխադրել Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի և Թեոդորոս աբեղայի աճյունները:

1840-ին Ս. Նշան եկեղեցու պատերի վերին մասերը զարդարվել են սրբապատկերներով:

1842-ին քանդել են վանքի գավիթը և տեղում կառուցել Ս. Հովհաննես Ոսկեբերան եկեղեցին, 1857-ին հիմնովին վերակառուցվել է Ս. Կարապետ եկեղեցին:

XIX դ. վանքն ունեցել է դաշտեր, արտեր, այգիներ, տներ, խանութներ: Եղել է նշանավոր ուխտատեղի՝ հայերի և հույների համար: Ուխտագնացության օրերն էին Ս. Աստվածածնի և Ս. Խաչի տոները և Ավագ ուրբաթը: 1915-ին Սեբաստիայի Ս. Նշան վանքը ամայացել է և ավերվել:

                                                                                      Հասրաթյան  Մ.


Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 898-900:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am